Ինչպիսի՞ քաղաքական և տնտեսական վտանգների կարող է հանգեցնել հայ-թուրքական սահմանի բացումը

Ինչպիսի՞ քաղաքական և տնտեսական վտանգների կարող է հանգեցնել հայ-թուրքական սահմանի բացումը

516
Լուսանկարը՝ aliqmedia.am-ի

Հայ-թուրքական սահմանի բացումը վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաների շարքում է: Չնայած նրան, որ 1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչեց  Հայաստանի Հանրապետության անկախությունը, այնուամենայնիվ, մինչ օրս երկու երկրների մինջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։

Հայ-թուրքական սահմանը՝ և՛ ցամաքային, և՛ օդային, փակվել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1993 թվականին հայկական զորքերի կողմից Քարվաճառի ազատագրումից հետո: Ընդ որում, այն փակվել է միակողմանիորեն՝ Թուրքիայի կողմից:

1995-ին, սակայն, Թուրքիան վերաբացել է օդային սահմանը: Ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար ձեռնարկվել են մի քանի փորձեր: Սակայն դրանց համար եղել են և կան նախապայմաններ, որոնք ներկայումս էլ առաջ են քաշվում ավելի պարզ և ակնհայտորեն: Թուրքիայի կողմից առաջ քաշվող հայտնի նախապայմաններն են.

  • Արցախի տարածքների հանձնումը Ադրբեջանին
  • Հայաստանի անկախության հռչակագրի վերանայումը և փոփոխությունը՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը
  •  Կարսի պայմանագրի ճանաչումը: 

Թե ինչ վտանգներ են սպառնում Հայաստանին Թուրքիայի հետ սահմանի բացվելուց հետո, մեզ հետ զրույցում ներկայացրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Թուրքագետի խոսքով՝ 1993 թվականի գարնանից հետո Թուրիքիայի Հանրապետությունը, որպես օժանդակություն Ադրբեջանի Հանրապետությունը, միակողմանիորեն փակեց Հայաստանի հետ սահմանն ու մինչ օրս այն պահում է փակ՝ փաստացի Հայաստանին ենթարկելով տնտեսական շրջափակման, որը, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, համարվում է պատերազմական գործողություն։ Թուրքիայի Հանրապետությունը պատերազմում է Հայաստանի Հանրապետության հետ՝ օգտագործելով կոնկրետ մեկ միջոց, այն է՝ սահմանի միակողմանի փակումը։     Սա նշանակում է, որ  Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը վերաբերող քննարկումները ոչ թե պետք է հենվեն  ինչ-որ պատճառով սահմանի փակման վրա, այլ այն բանի, որ սահմանը փակել է կոնկրետ կողմերից մեկը՝ մյուսին ճնշելու համար։ Հետևաբար այսօր Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիան առաջնորդվում է ճիշտ նույն մտածողությամբ՝ ինչ  կտա սահմանի բացումը։

Այս պատճառով բոլոր մասնագետները՝ այդ թվում նաև թյուրքագետները, հստակ մատնանշում են մի շարք խնդիրներ՝ կապված անվտանգային, տնտեսական, ռազմաքաղաքական ոլորտների հետ, և դրանք կարող են պարունակել  սպառնալիք Հայաստանի Հանրապետության համար։

Դասակարգելով նշված ոլորտներում սպառնալիքների հնարավորությունները՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման պարագայում մենք ունենալու ենք տնտեսական սպառնալիքներ՝ մասնավորապես թուրքական շուկայի հնարավոր ահռելի ներխուժումը հայկական տիրույթ, որը կարող է կաթվածի ենթարկել տեղական արտադրությունը և տեղական տնտեսական համակարգը։

Թե ինչ վտանգներ է ենթադրում Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը, թյուրքագետը բացատրում է. «Կարող ենք ենթադրել նաև մշակութային և ժողովրդագրական մեծ վտանգներ, այսպես ասած, ՀՀ տարածքում թուրքական տարրի հայտնվելը, և դատելով այն հռետորաբանությունից, որ կա երկու երկրներում, մարդկանց «իրավունքերի» վերականգնման հնարավորություն։ Այսինքն Հայաստանում թուրքական համայնքի ձևավորում՝ նպատակ, որն այսօր օգտագործում են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը՝ որպես քաղաքական ճնշում Հայաստանի վրա։ Օրինակ՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներն արդեն պաշտոնապես ՄԱԿ-ում են աշխատում, այսինքն՝ դիմում են ՄԱԿ-ին և ՀՀ-ին, որ իրենց իրավունքները պաշտպանեն»։

Տնտեսագիտության թեկնածու, ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում կարծում է, որ թշնամի երկրի  հետ տնտեսական հարաբերությունների խորացումը, տնտեսության թույլ և անպատրաստ վիճակում, այդքան էլ հեռանկարային և խելամիտ չէ։ Շեշտում է՝ համեմատելու չեն այսօրվա Թուրքիայի և ներկայիս Հայաստանի տնտեսությունները։ Մենք գործ ունենք մեզնից մոտ 80 անգամ ավելի մեծ տնտեսություն ունեցող մի երկրի հետ, որն ավանդաբար ուզում է միջամտել իր հարևան երկրների կամ տարածաշրջանի տնտեսական կյանքին: 21-րդ դարում, երբ զենքի բիրտ ուժը մղվել է երկրորդ պլան, երկրները փորձում են միմյանց դեմ պայքարել տնտեսական գործիքների կիրառմամբ։ Ըստ տնտեսագետի՝ անգամ փակ սահմանների դեպքում և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում մենք ավանդաբար Թուրքիայի հետ առևտրատնտեսկան հարաբերություններ ունեցել ենք և այսօր էլ ունենք։

Խաչատրյանի խոսքով՝ 2018-19 թվակններին տարեկան մինչև 260 մլն դոլարի ապրանք  է ներմուծվել Թուրքիայից, իսկ Հայաստանից դեպի Թուրքիա արտահանվող ապրանքների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 2 մլն դոլար։ 130 անգամ ավելի ներմուծում՝ փակ սահմանի դեպքում, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանը տնտեսության առումով Թուրքիային առաջարկելու ոչինչ չունի: Թուրքիան կարող է, իր տնտեսական մեծությունն ու մասշտաբները հաշվի առնելով, արագ ներխուժել Հայաստանի տնտեսություն և վերջինիս գցել տնտեսական կախվածության մեջ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։ 

Ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի շահագրգռվածությունը հայ-թուրքական սահմանի բացմամբ, ո՞ւմ է հարկավոր  հայ-թուրքական սահմանի բացումը, և ի՞նչ կտա սահմանի բացվելը կամ չբացվելը տարածաշրջանում շահեր ունեցող գերտերություններին. հարցեր, որոնք մնում են անպատասխան:

Ալբերտ Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել