Մահվան ռիսկ պարունակող համակարգչային խաղեր

Մահվան ռիսկ պարունակող համակարգչային խաղեր

415

Մեր օրերում համակարգչային խաղերը կյանքի անբաժան մասն են կազմում։ Եթե չափահաս մարդկանց դեպքում համակարգչային խաղերը լիցքաթափող գործառույթ ունեն, երեխաների և դեռահասների պարագայում հետևանքները միայն բացասական են: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց հոգեբան Սաթեն Գրիգորյանը։

Համակարգչային խաղերը մեծ մասամբ բացասական ազդեցություն ունեն․ շեշտակիորեն վնասում են տեսողությունը, ավելացնում նյարդային լարվածությունը, ծնում ագրեսիվ վարք, որոշ դեպքերում էլ լուրջ հոգեբանական խնդիրների պատճառ հանդիսանում:

«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մեդիագրագիտությունն առանցքային կարևորություն ունի, իսկ երեխային մեդիագրագիտություն անհրաժեշտ է սովորեցնել մանկուց՝ դեռևս մանկապարտեզից սկսած, որպեսզի վերջինս կարողանա ֆիլտրել այն կոնտենտը, որն ինքը սպառում է: Շատերն այդ գաղափարն անհավանական են համարում, սակայն փորձը ցույց է տալիս, որ եթե երեխային ոչ թե ասում ես, որ չի կարելի խաղալ այդ խաղը, այլ բացատրում, թե ինչու, նա սովորում է զտել դրանք՝ հնարավորինս բացառելով օրակարգից: Կարևոր է երեխային տալ հենց ինչու-ի պատասխանը, ոչ թե արգելել, այլապես աշխատանքն անիմաստ կլինի: Եթե ծնողը/խնամակալը հետևողական լինի, ռիսկերը շեշտակիորեն կնվազեն»,- ասաց հոգեբանը։ 

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում մահվան ռիսկ պարունակող համակարգչային խաղերը տարածում ունեն, հոգեբանը պատասխանեց՝ մահվան ռիսկ պարունակող խաղերի վերաբերյալ հայաստանյան մեդիաարձագանքը մինչ օրս պասիվ է եղել: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այս խաղերը մեծ տարածում չունեն հայ հասարակությունում: Ուսումնասիրելով հայկական ԶԼՄ-ում հրապարակված մահվան ռիսկ պարունակող խաղերի մասին նյութերը՝ պետք է մատնանշել, որ դրանք առավելապես արտացոլում են տարբեր երկրների վիճակագրությունը: Ինչ վերջերս շրջանառվող դեպքին է վերաբերում, ապա բազում լրատվամիջոցներ անդրադարձան դրան՝ տեղեկացնելու փոխարեն քարոզելով: Ցավով եմ նշում, բայց Հայաստանում մահվան ռիսկ պարունակող խաղերի վերաբերյալ օրենքներ և էթիկայի նորմեր սահմանված չեն, որով լրագրողները կկարողանան առաջնորդվել, ուստի ոլորտը բաց է և ինքնահոսի: Խաղացողներ, իհարկե, եղել են, սակայն մեծ մասը՝ հետաքրքրասիրությամբ պայմանավորված: Այս խաղերի հետևանքով մահվան

ելքեր Հայաստանում մինչ օրս արձանագրված չեն/պաշտոնական հաղորդագրություններ չկան։

«Չափահաս մարդիկ ավելի շատ են տարվում համակարգչային խաղերով, քանի որ, ի տարբերություն երեխաների, նրանց վերահսկող չկա: Պատճառն ադրենալինն է, որը կախում է առաջացնում և հետագայում շարունակ լրացում պահանջում: Ներկայիս տեխնոլոգիաներն այնքան հագեցած են նորարարություններով, որ բազում համակարգչային խաղեր շատ ավելի հետաքրքիր են, քան դրանք սպառողի իրական կյանքը: Դրանցում կա ազարտ, ադրենալին, իրական կյանքում արգելված վարքի ազատություն ու անպատժելիություն, իսկ այս ամենը մեկ ամբողջական փաթեթում չափազանց գայթակղիչ է դառնում: Դրանցում օգտագործվում են հոգեբանական ներազդման  մի շարք մեթոդներ, մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ, որոնք ժամանակն աննկատ են դարձնում՝ սպառողին կտրելով իրական կյանքից»,- նշեց հոգեբանը։

Իսկ ինչպե՞ս պայքայել նմանօրինակ խաղերի տարածման դեմ։ Ըստ հոգեբանի՝ նախևառաջ անհրաժեշտ է դպրոցներում, քոլեջներում, համալսարաններում անցկացնել մեդիագրագիտության դասընթացներ՝ թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին տեղեկացնելով սոցիալական ցանցերից բխող իրական վտանգների մասին:

Տեղեկատվությունը ճիշտ հասցեագրելու և մի շարք նրբությունների տիրապետելու նպատակով լրագրողները պետք է նմանօրինակ խաղերի մասին նյութեր գրելիս ակտիվ համագործակցեն նեղ մասնագետների հետ (հոգեբաններ, սոցիոլոգներ), որպեսզի հնարավոր լինի նվազեցնել քարոզի ռիսկերը:

«Բնականաբար, անհրաժեշտ է նաև ծնողների ակտիվ մասնակցությունը, որոնք պետք է բավարար ժամանակ տրամադրեն երեխաներին, ականջալուր լինեն հորդորներին և զգուշորեն ու նրբանկատորեն հետևեն, թե իրենց անչափահաս երեխաներն ինչով են զբաղված համացանցում»,- հավելեց նա։

Նարե Թորանյան

4-րդ կուրս

Կիսվել