Երկու համալսարանների ուսանողուհին՝ մոտիվացիա մյուսների համար

Երկու համալսարանների ուսանողուհին՝ մոտիվացիա մյուսների համար

336

Զրուցակիցս ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի  ուսանողուհի Սոնա Դալլաքյանն է, որի հետ զրուցելու ենք միաժամանակ երկու համալսարաններում սովորելու պատճառի, դժվարությունների մասին, զուգահեռներ ենք անցկացնելու երկու բուհերի միջև:

-Սոնա, խնդրում եմ պատմել մի փոքր այն մասին,  թե ինչպե՞ս ստացվեց ընդունվել միանգամից երկու համալսարան, այն էլ 2-րդ կուրս:

-Ես սովորում էի ԱԻՆ ակադեմիայի քոլեջում և այն ավարտեցի կարմիր դիպլոմով: Ի սկզբանե նպատակ չեմ ունեցել ընդունվել 2 բուհ, սակայն երբ հետաքրքրվեցի և պարզեցի, որ կարմիր դիպլոմիս շնորհիվ ունեմ այդպիսի հնարավորություն, սկսեցի ինքնուրույն պարապել, հանձնել մի շարք տարբերություններ և ընդունվեցի 2-րդ կուրս:

Ես արդեն գիտեմ, որ երկու բուհերում էլ սովորում եք կառավարման ֆակուլտետում, ո՞րն է պատճառը, եթե կարող էիք տարբեր ֆակուլտետներ ընտրել:

-Այո, դա այդպես է, բայց պետք չէ դրանք խառնել, որովհետև ԵՊՀ-ի կառավարման բաժինը սովորեցնում է հենց ոլորտների կառավարում, իսկ ԱԻՆ-ում կառավարումը կապված է արտակարգ իրավիճակների հետ: Քանի որ ինձ դուր է գալիս և՛ կառավարման ոլորտը, և՛ ԱԻՆ-ը, որոշեցի սովորել թե՛ առանձին կառավարում, թե՛ կառավարում արտակարգ իրավիճակների պայմաններում:

Իսկ ի ՞նչ սկզբունքով որոշեցիք, որ ԵՊՀ-ում սովորելու եք հեռակա, իսկ ԱԻՆ-ում` առկա համակարգում:

-Դե քանի որ քոլեջում ձեռք բերած բոլոր ընկերներս սովորում էին ԱԻՆ-ում առկա համակարգում, ես ևս որոշեցի  այդպես անել։ Իսկ հեռակայի շնորհիվ կկարողանայի դասերիս հետ աշխատանք համատեղել: Անկեղծ ասած՝ ես այդքան չեմ զգում հեռակա ուսուցման բացասական կողմերը, քանի որ ԵՊՀ կառավարման ֆակուլտետում հեռակա ուսուցման տարբերվող եղանակի շնորհիվ հեռակա ուսուցումը մոտենում է առկային, և ես այդ բացը չեմ զգում:

Ձեր կարծիքով՝ ո ՞ր բուհի կրթական համակարգն է ավելի արդյունավետ։ Ի ՞նչ առաջարկներ կանեք ԵՊՀ-ին  և ԱԻՆ-ին՝ համեմատելով երկու բուհերում Ձեր ստացած կրթության առանձնահատկությունները:

-Աին-ում շատ կարևոր է թիմային աշխատանքը, այսինքն՝ փրկարարները կամ ոլորտի այլ մասնագետներն ամեն բան անում են թիմով, ինչն էլ ավելի արդյունավետ է։ Այնտեղ մեր դասախոսները խմբային աշխատանքներ են հանձնարարում, և մենք այնտեղ հաճախ ենք խաղեր խաղում։ Քանի որ կրթությունը փրկարարության վրա է կենտրոնացված, մեր դասերը հիմնականում գործնական են, և այդպես նաև ժամանակն է ավելի հետաքրքիր անցնում: Քանի որ ԵՊՀ-ում առկա համակարգում չեմ սովորում, չեմ կարող ասել, գուցե առկայում կատարվում են թիմային աշխատանքներ, բայց հեռակայում շատ չեն, ու իմ կարծիքով՝ դա մեծ բաց է, որը պետք է լրացվի, որովհետև մեզանում դա շատ կարևոր է:

-Նշեցիք, որ հեռակա ուսուցումն ընտրելու պատճառներից մեկը աշխատանքի անցնելն էր, գիտեմ նաև, որ աշխատում եք ոչ Ձեր մասնագիտությամբ։ Արդյո ՞ք 3-րդ կուրսում հնարավոր չէ գտնել աշխատանք քո մասնագիտությամբ:

-Ես աշխատում եմ Իբիս միջազգային հյուրանոցի ադմինիստրացիայում, ինչն իմ ընտրած մասնագիտության հետ ընդհանրապես կապ չունի: Պարզապես այս աշխատանքն ինձ թույլ է տալիս ունենալ ճկուն գրաֆիկ: Իհարկե, կարող եմ գտնել իմ մասնագիտությամբ աշխատանք, քանի որ երկու բուհերն էլ ինձ տալիս են բավականաչափ գիտելիք այդ ոլորտում աշխատելու համար, սակայն էլի գրաֆիկն է խնդիրը․ եթե աշխատեմ իմ մասնագիտությամբ, չեմ կարողանա հաճախել դասերիս, այդ պատճառով այս փուլում այսպիսի որոշում կայացրի:

-Ինչքան էլ ճկուն գրաֆիկ ունենաք, այնուամենայնիվ դժվար է համատեղել երկու բուհն ու աշխատանքը, ինչպե ՞ս եք հասցնում այդ ամենը:

-Այո, շատ բարդ է, նույնիսկ լինում են դեպքեր, երբ երկու բուհում քննություններիս օրն ու ժամը համընկնում են, հետն էլ այդ ժամին աշխատանքի եմ լինում։ Սա ինձ համար շատ բարդ է, բայց փորձում եմ պայմանավորվել գործընկերներիս և դասախոսներիս հետ, փոխզիջման գնալ, և ամեն բան կարգավորվում է: Աշխատանքն ինձ օգնում է ֆինանսապես անկախ լինել, թեթևացնել ծնողներիս հոգսերը, քանի որ երկու համալսարանում սովորելը բարդ է նաև ֆինանսապես: Իսկ աշխատանքի ժամանակ հենց ազատ եմ լինում, տնային հանձնարարություններս եմ անում կամ քննություններիս եմ պատրաստվում:

Դժվար է պատկերացնել, որ այս գրաֆիկով ունենում եք ազատ ժամ, այնուամենայնիվ, ինչո ՞վ եք զբաղվում ազատ ժամերին կամ օրերին:

-Ինչքան էլ ծանրաբեռնված եմ, այդուամենայնիվ փորձում եմ ամեն տեղ ներգրավվել, հիմնականում շատ կամավորական աշխատանքների եմ մասնակցում, սկզբում միայն Կարմիր խաչում էի, իսկ հիմա արդեն նաև «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամում: Եվ այս ամենը ոչ թե անում եմ հավաստագիր ստանալու համար, այլ գիտեմ, որ դա բարի նպատակների է ծառայում․ ինքս տեսել եմ արդյունքը և բարի գործ անելիս ինձ լավ եմ զգում:

-Այսքան ծանր գրաֆիկ ունենալով՝ երբևէ չե ՞ք մտածել դուրս գալ որևէ համալսարանից`թեթևացնելով ձեր առօրյան:

-Այո, եղավ մի պահ, երբ ես իսկապես գերհոգնում էի անդադար զբաղված լինելուց, բայց շատ մտածելուց հետո փոշմանեցի, ափսոսացի իմ ներդրած ջանքերը․ քանի որ այդքան բան եմ արել, որ հասնեմ այս կետին, չցանկացա ճանապարհի կեսից թողնել այդ ամենը։ Եթե մի բան սկսել եմ, պետք է ավարտին հասցնեմ։ Սա թող մոտիվացիա լինի շատ ու շատ ուսանողների համար, և երբեք չբավարարվեն միայն մի բանով, այլ իրենց տարբեր ոլորտներում փորձեն և շատ ինքնակրթվեն:

Իրինա Արևշատյան

2-րդ կուրս

Կիսվել