Հայ լեռնագնացներն ու նրանց հետքերը գագաթներին, քանի դեռ քամին դրանք չի քշել

Հայ լեռնագնացներն ու նրանց հետքերը գագաթներին, քանի դեռ քամին դրանք չի քշել

388

Սպորտի և ակտիվ հանգստի այս տեսակը՝ լեռնագնացությունը, Հայաստանի աշխարհագրական դիրքի բերումով Հայաստանում եղել և շարունակում է մնալ պահանջված: Նպատակն է լեռնային դժվարամատչելի տարածքների հաղթահարումը:

Այժմ որևէ լեռան գագաթ հասնելն օրերի հարց է: Լեռնագնացների արշավներ կազմակերպվում են և´ երիտասարդների, և´ համապատասխան կազմակերպությունների կողմից:

«Տարբեր տեղերում ենք իրար հետ ծանոթացել, հետո որոշեցինք արշավական ակումբ բացել ու բացահայտել Հայաստանն իր բոլոր կողմերով: Արդեն հասցրել ենք բարձրանալ Արագած, Աժդահակ, Խուստուփ, իսկ ամսի 23-ին էլ Արա լեռ ենք պատրաստվում»,- մեզ հետ զրույցում նշեց «Անկախ» արշավական ակումբի անդամ Անուշ Բաբայանը:  2022-ի սեպտեմբերի 21-ին անկախության 31-րդ տարվա առթիվ Արագածի գագաթին առաջին անգամ ծածանվեց 31 մետր երկարություն ունեցող եռագույնը. «Կարծում եմ` սա նաև հայրենասիրության տարածման շատ լավ տարբերակ է, քանի որ Հայաստանը ճանաչելով կրկնակի է մեծանում թշնամուն 1 մետր հող տալու վախը»,- նշեց Անուշը:  

Սակայն արշավների ժամանակ նաև առաջանում են մի շարք բարդություններ: Այն մարդկանց, որոնք առաջին քայլերն են անում այս ոլորտում, չի թույլատրվում միանգամից բարձրանալ շատ բարձր գագաթներ։ «Օրինակ Արագածի հարավային գագաթը բարձրացել ենք 3 ժամում, ու դա առաջին անգամ լեռ բարձրացող մարդու համար նորմալ է, իսկ Խուստուփ բարձրաձանք 10 ժամում: Դա սկսնակը հաստատ չի կարողանա»,-նշեց Անուշը:  Բացի այդ, այն մարդկանց համար, որոնք ունեն շնչառական խնդիրներ, կա շեմ, որից ավելի բարձրանալ չի թույլատրվում: Այսինքն՝ լեռնագնացությանը մասնակցելուց առաջ այդ ամենը պետք է հաշվի առնել: 

Հայաստանում լեռնագնացությունը երկար ժամանակ հիշվում էր Սովետական Հայաստանի լեռնագնացների ձեռքբերումներց: Այդպիսիններից էր Աղվան Չատինյանը` այն արշավորդը, որը բարձրացավ «Ուշբայի խաչ» կոչվող երթուղին, որը մինչև օրս համարվում է աշխարհում ամենադժվարանցանելիներից մեկը: Սակայն վերջին տասնամյակում գործում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան, որը միավորում է լեռնագնացների, արշավորդների, նմանատիպ կազմակերպությունների անդամների և լեռնագնացությամբ հետաքրքրվողների: Ֆեդերացիայի անդամների կողմից վերջին տարիներին եղել են մի շարք վերելքներ, որոնք գրանցվել են լեռնագնացության պատմության մեջ։ «Այդպիսին էին Արա Խաչադուրյանի՝ Էվերեստ բարձրանալը 2017 թվականին, Արտաշես Մկրտչյանի վերելքը Կազբեկ լեռ 2016-ին: Ունեցել ենք նաև վերելքներ Էլբրուս, Ուշբայի խաչ, Կուշ Կայա և այլ լեռներ»,-նշեց Ֆեդերացիայի անդամ Էլեոնորա Արարատյանը:

Ինչպես նշվեց,  հայ մի շարք լեռնագնացներ գրավել են այնպիսի  բարձունքներ, ինչպիսիք են Էվերեստը (8849 մ), Էլբրուսը (5642 մ), Կազբեկը (5054 մ), բայց կարևոր է նաև շեշտել այն փաստը, որ հայկական լեռները ևս անմասն չեն մնում մի շարք հայ և արտասահմանյան լեռնագնացների արշավներից: Մի շարք հայկական կազմակերպություններ այժմ կազմակերպում են արշավներ դեպի Արայի լեռ, Դիմաց լեռ, Աժդահակ, ինչպես նաև մի շարք գագաթներ Արևմտյան Հայաստանից` Արարատ, Ծովասար, Սիփան, Նեմրութ և այլն:  

Ալպինիստ Գևորգ Գասպարյանը ևս խոսում է լեռնագնացության հնարավոր բարդություններից։ Նշում է, որ լինում են նաև բարդ դեպքեր, մանավանդ գիշերով։ Սակայն Հայաստանի դրոշը ծածանվել է մինչև անգամ Հարավային Ամերիկայում, անգամ Մաչու Պիկչուում: «Բայց լեռնագնացներիս մոտ ընդունված է ասել, որ մենք գագաթները չենք նվաճում, որովհետև մի քանի ակնթարթ հետո քամին քշում-տանում է ձյան վրայից բոլոր հետքերը»,- ավելացնում է արշավորդը:  

Ալբերտ Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել