Թաթուլ Կրպեյանի տեսակն անմեռ է. այսօր Ազգային հերոսի ծննդյան օրն է

Թաթուլ Կրպեյանի տեսակն անմեռ է. այսօր Ազգային հերոսի ծննդյան օրն է

366

«Քամին քարին ի՞նչ կանի: Ինչքան էլ քամիներ փչեն, քարի մեջ ուժը մնում է: Գետաշենն ինձ համար սրբություն է: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»:

Սրանք Արցախյան առաջին պատերազմի հերոս Թաթուլ Կրպեյանի խոսքերն են, ով այսօր՝ ապրիլի 21-ին կդառնար 58 տարկեան։

Թաթուլ Կրպեյանը ծնվել է փոքրիկ Արեգ գյուղում։ Հայրենիքի սարերում ապրելով, շնչելով այնտեղի մաքուր օդը՝ ձուլվել է բնությանը։ Ասում են, որ նա հիանալի ձայն ուներ, և հայկական տարազով էլ ամբողջանում էր նրա գեղեցիկ կերպարը։ Նա երգում էր Մարաթուկ ազգագրական երգի-պարի համույթում։ Նաև հավաքագրում էր Սասունի և Կարսի շրջանների ժողովրդական, ազգագրական երգերն ու պարերը։

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Թաթուլը նոր ուոսումնական տարին բուհում չի սկսում։ Ուսումը կիսատ թողնելով՝ մեկնում է Գետաշեն։

Զինված ջոկատները գլխավորելուն զուգահեռ՝ դպրոցներում դասավանդում է պատմություն և աշխարհագրություն։ Նրա մարտական ընկեր, ազատամարտիկ Ապարանցի Պավլիկը (Պավլիկ Մանուկյան) հիշում է.«Ես զենքի վարպետ եմ: Մինչ Թաթուլի հետ ծանոթանալը, կարծում էի` սովորելու ոչինչ չունեմ, բայց երբ նրան տեսա, հասկացա` ինչքան եմ նրան զիջում: Թաթուլը անքուն հսկում էր Գետաշենն ու դրան զուգահեռ հասցնում էր ուսուցչություն անել»։

1990 թ. ծնվում է Ազգային հերոսի դուստրը՝ Ասպրամը. «Երբ պետք է դառնայի մեկ տարեկան, հայրս Գետաշենում էր: Այն ժամանակ, երբ կենաց-մահու պայքար էր գնում, դժվար էր մեկ տարեկան երեխայի նվեր գտնել, բայց հայրս կարողացավ իր զինակից ընկերոջ` Արթուր Կարապետյանի միջոցով ինձ մի տիկնիկ ուղարկել, որը մասունքի նման պահպանում եմ: Ես հորիցս, ցավոք, միայն այդ նվերն ունեմ` Գետաշենից ուղարկված տիկնիկը»։

Գետաշենը հավերժ ազատ տեսնելու Թաթուլ Կրպեյանի երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ: Նրան վստահվում է Գետաշենի պաշտպանությունը, և երբ խորհրդային բանակն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ը  այնտեղ սկսում են «Օղակ» գործողությունը, Թաթուլին հաջողվում է  միայնակ գերի վերցնել ռուս գնդապետ Մաշկովին, որն այդ տարիներին աջակցում էր թշնամուն: Կրպեյանը կյանքի գնով փրկում է իրադրությունը, նա վերցնում է «Օղակ» գործողության պլանն ու պայթեցնում նռնակը։ 1991թ. ապրիլի 30-ին հերոսը զոհվում է։

Թաթուլ Կրպեյանը գրում էր նաև բանաստեղծություններ

Լեռներն իմ հայոց միշտ էլ հպարտ են

Հպարտ լեռները արծվի բույն են

Բույն են դարերին,

Տուն են հայերին,

Սիրող սրտերին հույս են լեռները

Արհավիրքի դեմ սուր են լեռները։

Հայերի համար տուն են լեռները

Տան տանիքն ու սյունն են լեռները,

Արևի շող են լեռները

Մայրական սիրով բարուրված մանկան

Անուշ ժպիտ են հայի լեռները։

Մոր սիրող սրտի քնքշանքից հյուսված

Անհուն կարոտով դեզ են լեռները

Միտքն են ու խոսքն են

Հայոց լեռները…

Արևիկ Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել