Խաղալը հարստանալու՞, թե՞ հարստացնելու միջոց է

Խաղալը հարստանալու՞, թե՞ հարստացնելու միջոց է

508

Բուքմեյքերական ընկերությունների մասին ազդարարող տեղեկատվությունը ամեն քայլափոխի է՝ գովազդներում, վահանակներում, հեռախոսներում և այլուր։ Ու որքան էլ խոսվում է դրանց գործունեությունը սահմանափակելու մասին, անզեն աչքով էլ երևում է, թե ինչպես են դրանք տարածվում։ Չնայած դրան՝ բուքմեյքերականները բավականին փակ ընկերություններ են. չունեն լրատվամիջոցների հետ շփման մշակույթ, խուսափում են հարցումներից, նույնիսկ՝ իրենց հասարակայնության հետ կապերի աշխատակիցների տվյալները տրամադրելուց։ Բուքմեյքերական ընկերություններն այսօր գործում են երկու շուկաներում՝ վիճակախաղերի ու ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման։ Վիճակախաղը նույն տոտալիզատորն է՝ խաղ, որի մասնակիցը կանխագուշակում է խաղային, սպորտային, սոցիալապես նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը։ Իսկ ինտերնետ շահումով խաղերը նույն օնլայն խաղատներն են։ Մենք փորձել ենք պարզել, թե այդ ընկերությունները ինչ ֆինանսական շարժ են գրանցում, սակայն մեր կրկնակի հարցումները մնացել են անպատասխան ու չեն տրամադրել ֆինանսական հաշվետվությունները։ Որոշակի տվյալներ հնարավոր եղավ ստանալ միայն պաշտոնական հայտարարությունների՝ azdarar.am կայքից, որտեղ, սակայն, հրապարակվում են միայն վիճակախաղեր կազմակերպողների հաշվետվությունները, և վերջինը 2018 թվականի տվյալներն են։

Այսպիսով, այսօրվա դրությամբ Հայաստանում լիցենզավորված է և գործում է վիճակախաղեր կազմակերպող չորս ընկերություն։ Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության ներկայացրած ցանկից, վիճակախաղեր են կազմակերպում «Վիվառո Բեթինգ» (Վիվառոբեթ), «Գուդվին-Բետ» (Գուդվին), «Սաբարկո» (Աջարաբեթ) և «Դիջիգեյմ» (Տոտո գեյմինգ) ընկերությունները։

Նրանցից ամենաերիտասարդը «Աջարաբեթն» է, որը հայկական շուկայում գործելու լիցենզիա ունի 2016 թվականի վերջից։ Իսկ մյուս երեքը շուկայի հնաբնակներից են։ Վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների գործունեությունը կարգավորվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով։

Իսկ ինտերնետ շահումով խաղեր կազմակերպող երեք ընկերություն կա։ Նրանք փոխկապակցված են վիճակախաղեր կազմակերպողներին և պատկանում են նույն մարդկանց։ Դրանց գործունեությունը կարգավորվում է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով։

Վերջին ժամանկներում ընդունված նախագծի հիմնավորման մեջ անդրադարձ կա վերջին տարիներին համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերի վիճակագրությանը, ըստ որի, եթե 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, ապա 2019 թ. այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին թիվն արդեն հասել էր 1.548 մլրդ դրամի: Նշվում է, որ կան գնահատականներ, ըստ որոնց՝ 2021թ.-ին այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը: Ավելացել է նաև խաղացողների թիվը, 2018թ.-ից 2020թ. 18 093-ից թիվը հասել է 44 082-ի: Այսինքն՝ 2020թ.-ին, 2018թ.-ի համեմատ, կազմակերպիչների կողմից գեներացված գումարները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 32%-ը: 2022թ.-ի տվյալներ դեռևս ներկայացված չեն։

«Մեր գնահատմամբ՝ կանխիկով, առանց որևէ սահմանափակման և վերահսկողության, անսահմանափակ խաղադրույքներ անելու հնարավորությունը խթան է հանդիսանում անձանց նման վարքագծի և հանգեցնում նման շեշտակի աճի: Կարծում ենք նաև, որ շահումով խաղերի հանրային օգուտը շատ ավելի քիչ է, քան այն հանրային վնասը, որը հասցվում է հատկապես սոցիալական ոչ ապահով խավին: Բացառապես անկանխիկ խաղադրույքների իրականացումը կապահովի մի շատ կարևոր խնդրի լուծում՝ կբարձացնի թափանցիկությունը»,- նշվում է նախագծում:

Հեղինակներն այն կարծիքին են, որ նախաձեռնության միջոցով հնարավոր կլինի նաև բացահայտել ոլորտի իրական շրջանառությունը և անհրաժեշտության դեպքում անցնել ավելի արդար հարկման համակարգի:

Մոլախաղերի դեմ պայքարը գործող կառավարության ստանձնած պարտավորություններից է: Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում Գովազդի մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարել էր, թե կառավարությունը որևէ մեկին չի կարող արգելել ու չի էլ ուզում արգելել, որ գնա խաղատուն, բայց ուզում է վերջինիս ճանապարհին դնել որոշակի արգելակներ, և որ չլինեն հավելյալ միջոցներ, որոնք կգայթակղեն մարդուն դեպի խաղատուն:

Հիշեցնենք, որ բուքմեյքերական ընկերությունները Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում են։ Վերևում նշված յոթ ընկերությունները միասին 2019 թվականից պետական բյուջե են վճարել 9 մլրդ 342 մլն դրամի հարկեր։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների տվյալները, 2018 թվականի համեմատ բուքմեյքերների վճարած հարկերն աճել են մոտ 2 մլրդ 410 մլն դրամով կամ 35 %-ով։

Նելլի Իգիթյան

4-րդ կուրս

Կիսվել