Եթե մեկ վայրկյան թերանամ իմ գործում, ինձ բոլորը կհաղթեն. Արսեն Հարությունյան

Եթե մեկ վայրկյան թերանամ իմ գործում, ինձ բոլորը կհաղթեն. Արսեն Հարությունյան

246

Ըմբշամարտը եղել և մնում է հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը: Ի տարբերություն հունա­հռոմեական ոճի ըմբշամարտի, ազատ ոճն այնքան էլ մեծ ձեռքբերումներ չունի միջազգային հարթակներում: Սակայն վերջին տարիներին իր մասին խոսել է ստիպում երիտասարդ ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով նախորդ տարի դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ այս տարի` բրոնզե մեդալակիր:

Ձեր յուրաքանչյուր հաջողություն պատանիների մոտ մեծ ոգևորություն է առաջացնում, և նրանք ձգտում են նմանվել ձեզ. ամենայն հավանականությամբ, դա ձեզ ավելի պատասխանատու է դարձնում:

-Այո, շատ պատասխանատու է դարձնում: Ես ինձ հիշում եմ պատանի տարիքում, թե ինչպես էի ոգևորվում, երբ իմ ավագ ընկերները դառնում էին Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ: Ես ինքս էլ ոգևորում եմ իմ փոքր եղբայրներին և բոլոր երեխաներին, ինչպես ինձ են ոգևորել մեր չեմպիոնները:

Որտեղի՞ց Ձեզ այդքան ուժ. Ի՞նչ եք կարծում՝ այն բնատո՞ւր է տրված, թե՞ քրտնաջան աշխատանքի արդյունք է:

-Ես չեմ կարծում, որ այն բնատուր է: Այն իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, եթե ես մեկ վայրկյան թերանամ իմ գործի մեջ, ինձ բոլորն էլ կհաղթեն: Իմ աշխատասիրության հաշվին եմ կարողանում հաղթել և նույն կերպ շարունակելու եմ աշխատանքս մինչև նպատակներիս հասնելը:

Սովորում եք Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում: Ինչքանո՞վ եք կարևորում կրթությունը մազիկի կյանքում:

-Կրթությունը շատ կարևոր է մարզիկի կյանքում, եթե մարզիկը կրթված չլինի, չի կարողանա լավ մարզիկ դառնալ: Փորձում եմ համատեղել. երբ հավաքների չեմ լինում, անպայման հաճախում եմ դասերի, փորձում եմ բացը լրացնել ինքնակրթությամբ։ Ես շատ եմ սիրում գրքեր կարդալ:

պորտից դուրս ինչո՞վ եք սիրում զբաղվել:

-Ավելի շատ սիրում եմ ակտիվ հանգիստ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, գնում եմ մոտոցիկլետ վարելու և ձկնորսության:

Արսեն, վերջում ուզում եմ շնորհավորել Ձեզ հաղթանակի կապակցությամբ։ Բա՞րդ էր։

-Չէի ասի, թե բարդ էր, որովհետեւ հոգեբանորեն պատրաստ էի եւ լավ մարզավիճակում էի գտնվում: Երբ լավ մարզավիճակում ես լինում եւ հոգեբանական առումով պատրաստ ես լինում հաղթելու, ոչինչ չի կարող քեզ խանգարել հաղթանակի ճանապարհին: Մրցաշարից առաջ մի պահ հետադարձ հայացք գցեցի, հիշեցի՝ ինչ ճանապարհ եմ անցել, որն է եղել այդ ճանապարհի գերնպատակս:

Ո՞ր գոտեմարտը կառանձնացնեք:

-Այս մրցաշարում որեւէ գոտեմարտ չեմ առանձնացնի: Բոլոր մրցակիցներս էլ ուժեղ էին, բոլորի հետ էլ առավելությամբ եմ պայքարել, գրեթե բոլորը նույն կերպ է ստացվել: Բոլոր մրցակիցներիս հետ էլ նույն տրամադրվածությամբ եմ գոտեմարտել, առավելության հասնելու նպատակով մտել գորգ: Ու չէի մտածում, թե որ փուլում եմ՝ մեկնարկային գոտեմարտս է, թե եզրափակիչը:

Կիսաեզրափակիչից հետո շատ էի ուրախացել, բայց գիտակցում էի, որ իմ պայքարը դեռ չի ավարտվել: Այո, իմ գերնպատակը հաղթանակն էր, բայց, եթե սկսել եմ ճանապարհս, այն պետք է մինչեւ վերջ անցնեմ, որեւէ իրավունք չունեմ կես ճանապարհից հետ կանգնել:

Ինքս ինձ համար բնավորություն եմ ձեւավորել՝ յուրաքանչյուր նախաձեռնած քայլ պետք է գնալ մինչեւ վերջ: Չեմ կարող հասնել եզրափակիչ ու դուրս չգալ մրցագորգ, որովհետեւ կարեւոր նվաճումս արդեն ունեմ: Սիրում եմ ամեն ինչ մինչեւ վերջ ավարտել:

Նելլի իգիթյան

4-րդ կուրս

Կիսվել