Հայաստանյան հեռուստաեթերը վերանայման կարիք ունի. Մարիամ Կարապետյան

Հայաստանյան հեռուստաեթերը վերանայման կարիք ունի. Մարիամ Կարապետյան

251

Գիտահանրամատչելի հաղորդումները շատ կարևոր դերակատարում ունեն մարդկանց՝ հատկապես երեխաների զարգացման գործում։ Սակայն մեր օրերում շատ քիչ են ցուցադրվում գիտակրթական հաղորդումներ,  հեռուստաընկերություններ էլ կան, որոնց ծրագրում իսպառ բացակայում է կրթական հաղորդումների ցուցադրումը։  Հայաստանյան գիտահանրամատչելի հաղորդումների մասին խոսեցինք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, բ.գ.թ., դոցենտ, մեդիայի հետազոտող Մարիամ Կարապետյանի հետ։ 

-Ի՞նչ է գիտահանրամատչելի հաղորդումը և ի՞նչ է իրենից ներկայացնում։ 

-Գիտահանրամատչելի եզրույթը միավորում է երկու դիսկուրս, երկու մոտեցում, երկու գիտություններ, որոնք իրենք իրենցով ոլորտներում կայացած տրամաբանություններ, լեզվական պայմանավորվածություններ և  ներկայացման եղանակներ ունեն։ Երբ մենք ոճերն ենք բնութագրում, առանձնացնում ենք գիտական ոճ, իսկ գիտահանրամատչելին մի կողմից գիտական ոճի, մյուս կողմից էլ հանրամատչելիի համադրումն է՝ իր կառուցվածքով, իր բովանդակությամբ, տրամաբանությամբ։ Ի՞նչ է նշանակում հանրամատչելի։  Հանրամատչելի  նշանակում է զանգվածային լսարանի հասանելիություն և մատչելիություն, որն իրենից  ենթադրում է անընդհատ իջեցնել շեմը, անընդհատ իջեցնել առանձինի,  տարբերվողի շեմը։ Գիտությունը ինքն իրենով  առանձին է և տարբերվող։ Եթե, օրինակ, մենք ունենք հումանիտար կրթություն, չենք կաշկանդվի, երբ չհասկանանք մաթեմատիկական կամ քիմիական որևէ խնդիր: Բայց հենց կարիք է լինում խոսել գիտահանրամատչելի հաղորդման մասին, այստեղ պետք է մտածել, թե ինչպես անել, ինչպես  ներկայացնել, որ գիտությունը, որն ինքն իրենով  առանձին  տրամաբանություն ունի,  ենթարկվի  հանրամատչելիության  կանոններին։ Իրականում դա հեշտ գործ չէ։  

Ի՞նչ կասեք Հայաստանյան գիտահանրամատչելի հաղորդումների մասին, արդյո՞ք բավարար քանակով են ցուցադրվում։ 

-Հայաստանյան հեռուստաեթերը վերանայման կարիք ունի: Գովազդով կարգավորվող շուկա է, որն անթույլատրելի շեղումներ ունի: Ոչ մեկ հիմա չի էլ  մտածում  հաղորդումների խորքային հետևանքների մասին: Նույնիսկ եթե առկա են այդպիսի հաղորդումներ հեռուստաեթերում, ապա դրանք տեղավորված և տեղադրված են հաղորդումների այնպիսի  համակարգում, որ ազդեցիկ լինել չեն կարող: Սերիալների և սիթքոմների  դինամիկան թույլ չի տալիս, որ գիտահանրամատչելի հաղորդումները գերակա լինեն։ Այսինքն, եթե նույնիսկ առկա են այդպիսի հաղորդումներ, ապա դրանց ձայնը արագ խլանում է։ 

Օրինակ Բուն tv-ով կան գիտակրթական  հաղորդումներ, բայց հավանաբար ոչ այնքան  ազդեցիկ են, ինչպես պատանեկան սիթքոմները: Գոնե պետք է ունենայինք գերակշռություն, սա այն դեպքն է, երբ միայն որակը  բավարար չէ, երևի թե պետք է նաև  քանակական գերազանցություն լինի, որպեսզի  այդ հաղորդումները եղանակ ստեղծեն: 

-Ըստ ձեզ՝ ի՞նչ բացեր կան մեր հեռուստատեսությունում, ինչպիսի՞ն պետք է լինեն հաղորդումները, որ երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեն դրանք։ 

-Իհարկե, մանուկների համար գիտահանրամատչելի հաղորդմներ պատրաստելը շատ ավելի հեշտ  է,  քան մեծահասակների համար  հանրամատչելիություն ապահովելը, որովհետև մեծահասակի համար հանրամատչելիություն ապահովելը նշանակում է ավելի շատ աղճատումներ անել բուն  գիտական տեքստի մեջ: Մանուկների համար խաղային տարրը  ակտիվ է. փորձ, շարունակական աշխատանք, շարժում էկրանին, սրանք թերևս ամենակարևորներն են, եթե հեռուստահաղորդումների մասին է խոսքը։ Իհարկե այստեղ շատ հուսալի և վստահելի համոզմունքներ չկան, որ անպայման հաջողելու է  տվյալ հաղորդումը, որովհետև այսօր հեռուստացույցի  հետ շատ ու շատ հեռախոսային  խաղեր են մրցակցում, երեխաները էլ ցանկություն չունեն  հետևողականորեն ինչ-որ բովանդակության  զարգացում դիտելու։ Օրինակ՝ ֆիլմեր գուցե այդքան հաճույքով չնայեն, որքան  նախկինում,  որովհետև պետք է նստել, հետևել աստիճանաբար զարգացող սյուժեին: Երեխաները սիրում են անընդհատ կրկնվող, անընդհատ արձագանքող  տեխնոլոգիայի հետ շփումը, որը փոփոխվում է իրենց  մատների շարժումներից, անընդհատ իրենք ինչ-որ տեմպի և ռիթմի մեջ են, շարունակ ակտիվ ու լարված: Այս հոգեբանական իրավիճակը պետք է մրցակցի  հետևողականերեն  զարգացող գործընթացների, սյուժեների հետ, իսկ սա բարդ  իրավիճակ է: Թերևս պետք է էկրանին լինի հնարավորինս  շատ շարժում, թարմ գույն, թարմ բովանդակություն, հումորի որոշակի քանակ։ Ամենափոքրիկիներին՝ չորս-հինգ տարեկաններին, էկրանի առաջ պահելը գուցե ավելի  հեշտությամբ ստացվի՝ ի տարբերություն  տարիքով ավելի մեծ երեխաների, քանի որ թվային միջավայրի գայթակղությունները շատ են։ 

Հասմիկ Դավթյան

4-րդ կուրս

Կիսվել