Մեր կյանքը մի ամբողջ ճամփորդական ակնարկ է. Ռուզաննա Ղազարյան

Մեր կյանքը մի ամբողջ ճամփորդական ակնարկ է. Ռուզաննա Ղազարյան

491

Ճամփորդական ակնարկը հեղինակի ստեղծագործական ճանապարհորդության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների, հանդիպումների ու միջադեպերի նկարագրությունն է։ Այն այժմ բավականին տարածված է և իր ուրույն տեղն ունի հայկական հեռուստատեսային շուկայում:

«Հայկական հետք» հաղորդաշարը պատմում է աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայի, հայապատկան տարածքների ու համայնքների մասին: Զրուցել ենք հաղորդաշարի հեղինակ Ռուզաննա Ղազարյանի հետ:

Հարցին, թե ինչո՞վ է տարբերվում խորհրդային ժամանակների ճամփորդական ակնարկը մերօրյա ժամանակների հետ, Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ ցավոք խորհրդային ժամանակներում ապրել է մինչև 11 տարեկանը, բայց հիշում է, որ ճամփորդությունները շատ հետաքրքիր էին լինում։

«Նույնիսկ մեքենայով կարողացել ենք գնալ սև ծով։ Հիշում եմ՝ 5 տարեկանում եղել եմ նաև Բաքվում։ Խորհրդային միության ճամփորդական ակնարկը տարբերվում է նրանով, որ այն ժամանակ կար «սանատորիա» կոչվածը, և մարդիկ շատ ավելի հեշտ էին ձեռք բերում աշխատանքային ուղեգրեր։ Այժմ պետական գերատեսչությունները դրանք վերածել են սոցփաթեթների, որոնց շահառուները կարող են իրենց հանգիստը կազմակերպել։ Խորհրդային միության ժամանակ էլ այդպես էր. մարդիկ գնում էին մերձբալթյան երկրներ և հանգստանում էին։ Չնայած Խորհրդային միությունը ուներ «երկաթյա վարագույրը», շատ երկրներ  չէին կարողանում գնալ մարդիկ, բայց ճարպիկները հնար գտնում էին։ Տարբերվում է նաև նրանով, որ այն ժամանակ շքեղություն չկար, և բոլորը հավասար էին։ Հիմա ճամփորդությունները առաջարկվում են ամենատարբեր ձևերով, կարող ես գնալ յոթաստղանի հյուրանոցից մինչև հոսթել։ Կարճ ասած՝ ընտրության ու գրպանի հարց է։ Խորհրդային միությունում կար հավասարության միավորը։ Ինձ համար ճամփորդությունը սկսվել է 3 տարեկանից, իսկ հետագայում իմ հեղինակային հաղորդումը այնպիսին էր, որ կրկին կապված էր ճամփորդության հետ»:

Ճամփորդական ակնարկ նկարելիս հանդիպում ես բազմաթիվ դժվարությունների և խոչընդոտների: Ռուզաննա Ղազարյանը պատմում է, թե ինքը ինչ դժվարություննների է հանդիպել ճամփորդական ակնարկ նկարելիս:

«Աշխատանքիս բերումով ճամփորդել եմ աշխարհի ամենատարբեր երկրներ, ու քանի որ հաղորդումը կապված էր Սփյուռքի հետ, գնացել եմ հայ համայնքներ։ Դասական Սփյուռքից է սկսվել ամեն ինչ, ու առաջինը Լիբանան էր։ Ընդունված կարծիք կա, որ Բեյրութի Բուրջ Համուդը Սփյուռքի մայրաքաղաքն է։ Սկսեցի Սփյուռքի բացահայտումներով՝ Լիբանան, Հորդանան, ԱՄԷ։ Դրանց հաջորդեցին եվրոպական երկրները, որտեղ դասական Սփյուռք չկար, այլ 1990-ական թվականների ձևավորված Սփյուռքն էր։ Ճամփորդությունների ընթացքում երբևէ խոչընդոտների չեմ հանդիպել, որովհետև ամեն ինչ շատ կազմակերպված էր լինում։ Երբ պետք է գնայինք Լոնդոն, արդեն Հայաստանից Լոնդոնի հայ համայնքի հետ պայմավորված էր ամեն ինչ՝ դիմավորման, ընդունման, տեղավորման հարցերը շատ հարթ էր։ Բայց վերջին տարիներին քովիդի հետ կապված խնդիրներ ունեցանք, պատվաստում և այլն, ու շատ ճամփորդություններ չեղարկեցին։ Փառք Աստծո, հիմա երկիրը բաց է, և կարող ես ճամփորդել որտեղ ուզում ես»:

Ռուզաննա Ղազարյանի համար ճամփորդությունը մարդուն տալիս է ճանաչողություն, դրա շնորհիվ ճանաչում ես աշխարհը, ուսումնասիրություններ անում ինքդ քեզ համար։

«Երբ ճանաչում ես աշխարհը ու վերադառնում ես երկիր, ավելի ես գնահատում քո ինքնությունը։ Լինելով աշխարհի տարբեր երկրներում` կարող եմ ասել, որ հայի համար Հայաստանը լավագույն վայրն է։ Այն մարդիկ, ովքեր երբեք չեն ճամփորդել ու որոշում են մի օր գնալ աշխարհի որևէ երկրում ապրել, առաջնորդվելով «որտեղ հաց, այնտեղ կաց» մտածողությամբ, միշտ հանդիպում են հիասթափության ալիքին։ Աշխարհի բոլոր երկրները ունեն իրենց խնդիրները, իսկ զբոսաշրջիկի կարգավիճակում գումար ես  ծախսում և ընդամենը մեկ կամ երկու շաբաթում վայելում ես երկիրը, բայց ապրել նմանատիպ երկրում, որտեղ ոչնչին ծանոթ չես, մեծ դժվարություն է։ Հստակ կարող եմ ասել, որ ովքեր շատ են ճամփորդել, չեն ուզում գնալ Հայաստանից, որովհետև ոչ մի երկիր քեզ գրկաբաց չի ընդունելու»:

Ըստ Ռուզաննա Ղազարյանի՝ աշխարհը ճանաչելով՝ ավելի ես սիրում քո երկիրը, ավելի ես արժևորում։ Նրա խոսքով՝ ճամփորդած մարդը աշխարհը ուրիշ պատուհանից է նայում։

Հարցին, թե ի՞նչ է հարկավոր ճամփորդական ակնարկ նկարելու համար, Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ նախևառաջ պետք են միջոցներ։

«Բացի դրանից պետք է այստեղից պատրաստված գնալ։ Մինչ ճամփորդության մեկնելը պետք է կարդաս, ուսումնասիրություններ անես, հասկանաս՝ ուր ես գնում։ Դրա համար ճամփորդական ակնարկ նկարելը այդքան էլ հեշտ չէ։ Իհարկե լինում է, որ ռեպորտաժի նման պատրաստում են, հպանցիկ անդրադառնում, բայց այստեղ կարևոր է, թե ինչ ես ուզում ցույց տալ։ Մենք մեր թիմով գնացել ենք Մանչեստր՝ ճամփորդական ակնարկ նկարելու, և ունեցել ենք ընդամենը 2 օր։ Եթե մենք չիմանայինք տեղանքը, չկարդայինք, չուսումնասիրեինք, որ Մանչեստրում ունենք 1800-ականներից կառուցված հայկական եկեղեցի, մենք չէինք կարող հասցնել 2 օրում նկարել»:

Ռուզաննա Ղազարյանի կարծիքով՝ ճամփորդական ակնարկ նկարելը շատ բարդ աշխատանք է: Ըստ նրա՝ պետք է ամբողջ հոգով, սրտով, ֆիզիկապես ներդրվես այդ գործին, որ կարողանաս հաջողել։

Լրագրողը կարծում է, որ ճամփորդական ակնկարկ նկարող լրագրողը պետք է պատրաստ լինի, որ օտար երկրում որևէ խոչընդոտի կարող է հանդիպել։ Նա մանրամասնում է՝ պատմելով իր օրինակը:

«Մենք նկարում էինք Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղ շատ մեծ հայկական համայնք կա՝ բավականին հարգված ու ազդեցիկ, և հանդիպեցինք խոչընդոտի։ Իրանը փակ երկիր է, և ամեն տեղ չի կարելի նկարել։ Կար մի շենք, որտեղ գրված էր` չի կարելի նկարահանել, օպերատորը դա չէր նկատել։ Մենք նկարահանում արեցինք, բայց իրանական ուժային կառույցի աշխատակիցները մեզ հրավիրեցին իրենց գրասենյակ, վերցրին մեր տեսախցիկները, ուսումնասիրեցին, թե մենք ինչ ենք նկարել և ընդհանրապես ինչ առաքելությամբ ենք իրենց երկրում։ Բարեբախտաբար իրենք հասկացան, որ մենք հայապատկան տարածքներ ենք նկարել և մեզ ընդամենը հարկավոր էր քաղաքային կադրեր, և չջնջեցին։ Այդպես մենք մի քանի ժամ անցկացրինք իրանական ուժային կառույցում: Այսինքն՝ լրագրողը չպետք է հանձնվի և պատրաստ լինի ամեն ինչին»:

Ռուզաննա Ղազարյանը մի դեպք էլ է հիշում, երբ Կիպրոսում թույլ չէին տվել նկարահանել Մակարավանքը, բայց փոքրիկ տեսախցիկով նկարահանել են։ Ասում է` հայի համար անհնարին բան չկա։

«Մեր կյանքը մի ամբողջ ճամփորդական ակնարկ է։ Պետք է շրջել աշխարհը, ճանաչել այն, բացահայտել քո համար ամենակարևորը, ճանաչել ու ընդունել ազգերին իրենց մշակույթով ու կրոնով»:

Ռուզաննա Ղազարյանը խոսեց նաև ճամփորդական ակնարկի և մյուս ժանրերի տարբերությունից:

«Ճամփորդական ակնարկը մյուս ժանրերից, հատկապես տաղավարային նկարահանումներից կամ ռեպորտաժներից, տարբերվում է նրանով, որ դրանք ավելի հեշտ են լինում։ Ճամփորդական ակնարկ նկարելու համար պետք է հսկայական կազմակերպչական աշխատանք տանել։ Չես կարող նկարահանումների ժամանակ, եթե ինչ-որ բան բաց ես թողել, նորից գնաս նկարահանես։ Պետք է այնպես աշխատես, որ բացթողում չլինի։ Դա իրենից սցենարական լուրջ աշխատանք է պահանջում։ Չնայած հիմա ժամանակները փոխվել են, և համացանցում կարող ես գտնել քեզ անհրաժեշտ կադրերը, բայց միշտ ցանկալի է, որ լինեն հեղինակային ու ստորագրություն ունեցող կադրեր»:

Խոսեց նաև «Հայկական հետք» հաղորդաշարի առանձնահատկության մասին հայաստանյան հեռուստաեթերում։

« «Հայկական հետք» հաղորդումը հայկական հեռուստատեսային շուկայում տարբերվում է նրանով, որ մենք ցույց ենք տալիս լավ հայի օրինակ։ Աշխարհի ամենատարբեր երկրներում ապրող հայերին, որոնց մեր հանրությունը չէր ճանաչում,  մեր հեռուստաշարքի միջոցով տեսավ, ճանաչեց իր հայրենակցին, իմացավ, որ Բեյրութում կան շատ հայապատկան շինություններ, ճանաչեց Դպրեվանքը, Թռչնոց բույնը և այլն»:

Նշենք, որ «Հայկական հետքը» 2012 թվականից եթեր է գնացել Կենտրոն հեռուստաընկերությամբ, իսկ 2015 թվականից մինչև 2018 թվականը Երկիր մեդիա հեռուստաընկերությամբ։ Այժմ հեռարձակվում է առցանց` Լամեդիա կայքում։

Վերջում Ռուզաննա Ղազարյանը սկսնակ լրագրողներին, ովքեր նոր են սկսում ճամփորդական ակնարկ նկարել, խորհուրդ տվեց չվախենալ աշխարհի տարբեր երկրներ այցելիս, ճամփորդական ակնարկները նկարել սեփական ընկալումներով, այլ ոչ թե ինտերնետային գրվածքներ օգտագործելով։

 «Դու քո պատուհանից, քո աչքերով, հայացքով պետք է նկարագրես, որ ունենա ձեռագիր։ Խորհուրդ կտամ լինել նաև շատ կազմակերված, որովհետև օտար երկրում շատ ավելի դժվար է։  Եթե սակավ գիտելիքներով, «ոտաբոբիկ» ուղղակի տոմս գնես ու գնաս որևէ երկիր, դու մեծ խոչընդոտների կհանդիպես, բայց եթե երկրի մասին տեղեկացված ես, շահեկան ես դուրս գալու ու ակնարկը լինելու է շատ հետաքրքիր և դիտարժան»:

Ալվարդ Բաղդասարյան

4-րդ կուրս

Կիսվել