Կառավարությունը աջակցում է սահմանամերձ շրջաններում բնակարանների կառուցապատմանը

Կառավարությունը աջակցում է սահմանամերձ շրջաններում բնակարանների կառուցապատմանը

261

09.06.2022թ.-ին Կառավարության որոշմամբ հաստատվեց սահմանամերձ բնակավայրերում  ընտանիքիների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը։

2022 թվականը հոկտեմբերի 6-ին Կառավարության այդ ծրագրում կատարվեցին փոփոխություններ։ Ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում համաչափ և կայուն զարգացումը, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների սահմանամերձ բնակավայրերում բնակեցումը։

Ծրագրի հավելվածի 11-րդ կետի համաձայն՝ աջակցության չափը կազմում է հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 237 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 174 հազ. դրամ։

Ծրագրի հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է, իսկ 5-րդ ենթակետի համաձայն՝ վարկը տրամադրվում է փուլերով, հետևյալ համամասնությամբ. 1-ին փուլով՝ վարկի 25%-ի չափով, 2-րդ փուլով՝ վարկի 45%-ի չափով, 3-րդ փուլով՝ վարկի 30%-ի չափով: Ընդ որում՝ 2-րդ և 3-րդ փուլերով վարկի տրամադրման համար հիմք է հանդիսանում նախորդ փուլում տրամադրված վարկի գումարի նպատակային օգտագործումը:

Վերոնշյալ ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն, որը, նախքան  դիմումատուի հետ  հիփոթեքային վարկի պայմանագիր կնքելը, համապատասխան ծրագրային ապահովման միջոցով միասնական սոցիալական ծառայությանը կտրամադրի տեղեկանք։ Տեղեկանքում առկա տեղեկատվության՝ ծրագրի պայմաններին և պահանջներին համապատասխանությունը ստուգելուց հետո դիմումատուին կշնորհվի շահառուի կարգավիճակ։

Զրուցել ենք ծրագրին դիմած Հ․ Գ․-ի հետ, ով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակիչ է։ Նրա խոսքով՝ ծրագիրը շատ հավակնոտ է և համայնքի երիտասարդներին կպահի համայնքում։

«Ես արդեն դիմել եմ բանկ, հստակեցրել եմ պահանջվող փաստաթղթերը։ Դրանք հավաքելու փուլում եմ, քանի որ խնդիր կար հողատարածքի սեփականության հետ, մի փոքր ուշացավ, շուտով փաթեթը պատրաստ կլինի, և վերջնական փաստաթղթերով կդիմեմ բանկ շահառուի կարգավիճակ ստանալու համար»,- պատմեց ծրագրի համար դիմած Հ․ Գ․ -ն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ փուլում են աշխատանքները և արդյո՞ք  արդեն կան շահառուներ։ Նախարարությունից պատասխանեցին, որ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցության պայմանագիր կնքած ֆինանսական կազմակերպություններն ավարտել են իրենց ներքին ընթացակարգերում ծրագրի պայմաններից բխող անհրաժեշտ փոփոխությունների իրականացման գործընթացը, և սկսվել է դիմումների ընդունման գործընթացը։ Ծրագրի շրջանակում հաստատված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր կլինի տրամադրել գործընկեր ֆինանսական կազմակերպություններում հավաքագրված տեղեկատվության ամփոփումից հետո։

Էդգար Գորգինյան

4-րդ կուրս

Կիսվել