«Վերակենդանացել եմ բարձր գոռալով». կլինիկական մահը և դրա հետևանքները

«Վերակենդանացել եմ բարձր գոռալով». կլինիկական մահը և դրա հետևանքները

506

 «Շուրջս դատարկություն էր, ներսումս՝ հանգստություն: Ես երբեք ինձ այդքան հանգիստ չէի զգացել»,-պատմում է 40-ամյա տիկին Քրիստինան: Նա տարիներ առաջ կլինիկական մահ է տարել:

 Կլինիկական մահվան ժամանակ մարդու սիրտն ու շնչառությունը կանգ են առնում, սակայն մարդու ուղեղը գտնվում է գիտակցական վիճակում: Ընդհանրապես, կլինիկական մահը կարող է տևել 4-6 րոպե:

«Այսօրվա պես հիշում եմ այդ դատարկ տարածությունը. ոչինչ չկար, բայց ես էներգիա էի զգում. այդպիսի էներգիա, որն ինձ հանգստություն էր բերել, ամբողջ կյանքիս ընթացքում չեմ զգացել: Շատ եմ լսել, որ այն մարդիկ, ովքեր կոմայի մեջ են եղել՝ թունել են տեսել, որի վերջում լույս է եղել, սակայն ես այդպիսի բան չեմ հիշում: Ես հիշում ու այսօրվա պես զգում եմ այդ էներգիան»,-պատմում է տիկին Քրիստինան:

Ըստ վերջին հետազոտությունների՝ այն բանից հետո, երբ մարդու մարմինը դադարում է կյանքի նշաններ ցույց տալ, որոշ ժամանակ մարդու ուղեղը շարունակում է աշխատել և գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում:

«Այս երևույթը նշանակում է, որ մարդը կարող է լսել, թե ինչպես են բժիշկները հայտարարում իր սեփական մահվան ժամը: Մահը որոշվում է, երբ սիրտը դադարում է բաբախել, և դադարում է դեպի ուղեղ արյան հոսքը»,- նշում է բժիկ Լուսինե Սիմոնյանը:

30-ամյա Դինան կլինիկական մահ է տարել ամուսնու ուժեղ հարվածից: Նա պարզ հիշում է, որ հայտնվել է հանդերձյալ աշխարհում, որտեղ հանդիպել է իր ծնողներին, ովքեր կյանքից հեռացել էին, երբ Դինան դեռ փոքրիկ աղջիկ էր:

«Այն մեծ այգի էր, ես կարծես ավելի երիտասարդ էի՝ բաց վարդագույն երկար զգեստով: Գեղեցիկ ու արտասովոր էին այնտեղի գույները. ես երբևիցե այդպիսի գույներ չէի տեսել, որ կարողանամ նկարագրել: Ինչքան էլ այն աշխարհում արևոտ էր, ես միևնույնն է սառնություն էի զգում. անգամ հիշելիս եմ փշաքաղվում: Այնտեղ կարողացա հանդիպել ծնողներիս. նրանք ինձնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էին: Ես առաջ գնացի, փորձեցի ձեռքերս մեկնել, գրկել նրանց, սակայն նրանք հետ քաշվեցին և ասացին, որ դեռ իմ ժամանակը չէ: Հետո միանգամից շուրջս մթնեց, հայտնվեցի մի սառը փոսում ու… վերակենդանացել եմ բարձր գոռալով: Կարծես ուղղակի սարսափ երազ տեսած լինեի»:

Դինայի խոսքով՝ բժիշկները անակնկալի են եկել, երբ նա այդպես միանգամից գոռալով վերակենդանացել է: Նրանք հույս էլ չեն ունեցել, որ երբևիցե Դինան կյանք կվերադառնա:

Քահանա տեր Սմբատի խոսքով՝ մահանալիս մարդիկ ոչ թե անցնում են գոյության կամ գիտակցության այլ մակարդակ, այլ ուղղակի դադարում են գոյություն ունենալ:

«Այն ուսմունքը, որ մարդն ունի անմահ հոգի, որը շարունակում է ապրել, երբ մարմինը մահանում է, աստվածաշնչյան չէ։ Հետևաբար, կլինիկական մահ տարած մարդկանց տեսածները չեն կարող լինել ակնթարթներ դրախտից, դժոխքից կամ անդրշիրիմյան կյանքից»։

Մեր 30-ամյա հերոսուհին պատմում է, որ այն ամենից հետո, ինչ իր հետ կատարվել է, նրա կյանքը փոխվել է: Դինան տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ և նոր կյանք սկսել:

«Կյանքն ինձ հնարավորություն տվեց ամեն ինչ նորից սկսելու: Ես այլևս իրավունք չունեմ սխալվելու և պետք է ապրեմ այնպես, ինչպես սիրտս է ուզում»,- եզրափակում է Դինան:

Ռոզա Խաչատրյան

4-րդ կուրս

Կիսվել