Ծեծում է, նշանակում է՝ սիրում է. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Ծեծում է, նշանակում է՝ սիրում է. ընտանեկան բռնությունը Հայաստանում

352

Ընտանեկան բռնության թյուր ընկալման հիմքում ընկած են մի շարք միֆեր: Դրանցից առաջինն այն է, որ ընտանեկան բռնությունը կարող է տեղ գտնել միայն սոցիալ-տնտեսական, առողջական, հոգեկան առողջության խնդիրներով կամ ալկոհոլային ու թմրանյութերից կախվածությամբ անձանց միջև: Սակայն, ընտանեկան բռնությունը ուժի և իշխանության հաստատման երևույթ է և կարող է տեղ գտնել սոցիալական բոլոր շերտերում: Ընտանեկան բռնության մասին խոսելիս հաճախ բարձրաձայնվում են միայն կանանց հանդեպ դրսևորումները, սակայն, այն կարող է ուղղված լինել ընտանիքի բոլոր անդամներին: Այնուամենայնիվ, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ կանայք ավելի հաճախ են դառնում բռնության զոհ:

Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման հարցում կարևոր նշանակություն ունի 2017թ. ընդունված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, նպատակ ունենալով ապահովել ընտանիքի՝ որպես հասարակության բնական ու հիմնական բջջի, հատուկ պաշտպանությունը, ձևավորել ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկվածների անվտանգության և պաշտպանության, նրանց իրավունքների և օրինական շահերի ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր, ապահովել ընտանիքի անդամների անվտանգությունը և նպաստել ընտանիքում համերաշխության վերականգնմանը, կանոնակարգել ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ուղղությամբ պատասխանատու մարմինների գործունեությունը, ապահովել ընտանիքում բռնության ենթարկվածներին հոգեբանական, նյութական և սոցիալական աջակցության տրամադրման և նրանց սոցիալական վերականգնման համար պատասխանատու մարմինների գործունեության համար իրավական հիմքեր, ընդունում է սույն օրենքը:

Սակայն վերջին տարիներին բացահայտվել են օրենքի մի շարք թերություններ, որոնք ունեն շտկման անհրաժեշտություն: Մյուս կողմից էլ՝ շարունակում է չլուծված մնալ ընտանեկան բռնության քրեականացման հարցը, որը արդյունավետ միջոց է մի շարք այլ երկրներում:

Հայաստանում, ըստ ոստիկանության տվյալների՝ 2017 թվականի առաջին յոթ ամիսներին միայն գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից զգալի մեծամասնությունը ամուսնու կողմից՝ կնոջ նկատմամբ։ 2018 թվականին ոստիկանությունը Հայաստանում ընտանեկան բռնության շուրջ 1600 դեպք է արձանագրել: Կանանց ռեսուրսային կենտրոնի տվյալներով՝ ամեն տարի շուրջ 10 կին է սպանվում ընտանեկան բռնությունից՝ զուգընկերոջ կողմից։

 2022 թվականի հունվարի 26-ին՝ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում ամուսինը սպանել է կնոջը: Օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը: Այնուհետև պարզվել է, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը սուր-կտրող գործիքներով սպանել է կնոջը, ապա՝ մասնատել մարմինը: 76-ամյա տղամարդը բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել:

Ընտանեկան բռնությունից անհամաչափորեն տուժում են կանայք։ Վերջին տարիներին նկատելի է ընտանեկան բռնության և, մասնավորապես, կանանց նկատմամբ ընտանեկան բռնության աճ։ ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն՝ 2015-2017թթ․ գրանցվել է ընտանեկան բռնության 2333 դեպք, որից 1422-ը (61%) ամուսնու կողմից կնոջ նկատմամբ գործադրված բռնությունն է:

Ամուսնու կողմից բռնության ենթարկված Սիրարփի Ասատրյանը մի քանի ամիս չի կարողացել տեսակցել իր 5-ամյա որդուն, և ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկել, որ մայրը տեսնի երեխային՝ չնայած երեխան դատարանով մոր խնամքին է հանձնված: 2021 թվականի սեպտեմբերի 29-ին այս մասին «Մեդիա կենտրոնում» ասել է Սիրարփի Ասատրյանը, որը ընտանեկան բռնության զոհ է և ճանաչվել է որպես տուժող:

Սիրարփիի խոսքով՝ ծնված օրվանից երեխան գտնվել է իր խնամքի տակ, և երբ ամուսինը սկսել է իրեն բռնության ենթարկել, երեխայի հետ տնից փախել է: Դատարանով ամուսնալուծվել է և որոշ ժամանակ անց կապ է հաստատել նախկին ամուսնու՝ երեխայի հոր հետ, որպեսզի որդին բարդույթներ չունենա, թե հայր չունի:

«Երբեք չեմ խոչընդոտել երեխայի և հոր տեսակցությանը: Բայց երբ երեխան դարձել է 5 տարեկան, նախկին ամուսինս սկսել է երեխային մանիպուլյացիայի ենթարկել: Տեսանկարահանել է երեխայիս և իմ նկատմամբ սերմանել է ատելություն ու վախ՝ իբր ես երեխայիս ծեծել եմ: Հիմա դրանք որպես ապացույց՝ նա ներկայացնում է իմ դեմ»,-ասել է Սիրարփի Ասատրյանը: Նրա խոսքով՝ երկու անգամ ամուսինը դիմել է ոստիկանություն՝ իբր մայրը ծեծում է որդուն.

«Բայց նման բան չի եղել: Երկրորդ անգամ, երբ դիմել է, 10 օրով ինձ զրկել են երեխային տեսակցելու իրավունքից: Բայց փաստաբանի օգնությամբ, երբ որոշումը բողոքարկեցինք, վարչական դատարանը բեկանեց այն: Սակայն երեխային հայրն այլևս չի վերադարձրել»: Սիրարփի Ասատրյանը երեխային տեսակցելու համար դիմել է դատարան, և, նրա խոսքով, դատարանը մի քանի ժամվա տեսակցություն է սահմանել, բայց հայրը դա էլ չի թույլատրել:

Խոչընդոտելու դեպքի առիթով Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ի միջնորդությամբ քրեական գործ է հարուցել, բայց, Սիրարփիի խոսքով՝ մեկ տարի է՝ այդ գործն այդպես էլ վարույթում է:

«Ինձ ճանաչել են տուժող, բայց նախկին ամուսնուս չեն ճանաչել որպես մեղադրյալ: Ո՛չ բռնարար են հաշվառել, ո՛չ էլ պատասխանատվության են ենթարկել: Վերջին ամիսներին երեխաս շատ մեծ սթրեսների է ենթարկվում: Գնացել եմ նախկին ամուսնուս բնակության վայր՝ երեխային տեսակցելու: Նա «գազովի բալոնչիկ» է փչել վրաս, ժամանակավորապես կուրացել եմ, դեմքս քիմիական այրում է ստացել: Դիմել եմ բժշկական հաստատություններ և երկու շաբաթ շատ վատ եմ եղել: Դիմել եմ ոստիկանություն, բայց քրեական գործ չի հարուցվել: Բացի ինձնից՝ այդ գազից այլ երեխաներ ու մեծահասակ կանայք էլ են թունավորվել, որոնք նույնպես դիմել են ոստիկանություն, բայց այս դեպքում էլ պատասխանատվության չի ենթարկվել»:

Սիրարփի Ասատրյանի ներկայացմամբ՝ գործը գտնվում է ոստիկանության Մալաթիայի բաժնում:

Ներկայումս զրուցելով Սիրարփի Ասատրյանի հետ՝ պարզեցինք, որ առ այսօր այդ գործով որևէ դրական տեղաշարժ չկա, և նրա ամուսինը չի ենթարկվել պատասխանատվության:

«Ընտանեկան բռնությունը կարող է ունենալ տարբեր դրսևորումներ՝ ֆիզիկական, սեռական, տնտեսական, հոգեբանական, որոնք բացասական հետևանքներ են ունենում անձի ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Բռնության ենթարկվող մարդը չի կարողանում զարգանալ, ինքնադրսևորվել, ինտեգրվել հասարակությունում և գործունեություն ծավալել: Ընտանեկան բռնությունը կարող է ունենալ ուղղակի և անուղղակի ազդեցություն, օրինակ՝ երեխաները, ականատես լինելով ընտանեկան բռնությանը, անուղղակի են ենթարկվում դրան: Ընտանեկան բռնությունը գոյություն ունի ամբողջ աշխարհում, և դրևսորման տարբեր մակարդակներ ունի նաև Հայաստանում, ինչի մասին վկայում են իրավապահ մարմինների, ՀԿ-ների և միջազգային կառույցների տվյալները»,-նշեց ընտանեկան հոգեբան Նաիրա Խառատյանը:

2022 թվականի մայիսի 22-ին դանակահարություն է եղել Գյումրու 58-րդ թաղամասում՝ եկեղեցու մոտ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 42-ամյա Սիրանուշ Մանուկյանի դին՝ որովայնի և ծնոտի կտրած-ծակած վնասվածքներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, այդ թվում՝ տարածքում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ կնոջը վնասվածքներ պատճառել էր նրա ամուսինը։ Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Խուզարկության արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է դանակ, որը հանցագործության գործիքն է եղել։ Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: 49-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Բռնության ենթարկված անձը, համաձայն օրենքի, կարող է դիմել պաշտպանության միջոցների։ Տվյալ անձը կարող է դիմել ոստիկանություն, դեպքը քննելուց հետո իրավապահ մարմինը կայացնում է հետևյալ որոշումները՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն, պաշտպանական որոշում:

Անդրադարձ կատարելով միջազգային փորձին՝ կարելի է փաստել, որ այնտեղ պատկերն այլ է: Այսպիսով՝ 2014 թվականին Բելառուսում, ուժի մեջ է մտել «Իրավախախտումների պրոֆիլակտիկ գործունեության հիմունքների մասին» օրենքը («Об основах деятельности по профилактике правонарушений»), որը թույլատրում է քաղաքացուն, ով բռնություն է գործադրել ընտանիքում, ժամանակավորապես հեռացնել տուժողի հետ նույն բնակության վայրից։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ Բելառուսում՝ առողջությանը հասցված ծանր վնասի գրանցված դեպքերը նկատելիորեն կրճատվել են։ Մինչդեռ Հայաստանում օր օրի ավելի է աճում ընտանեկան բռնությունների թիվը, որովհետև Հայաստանում օրենքի ընդունումը որոշ կազմակերպությունների կողմից կապվում է արևմուտքի պարտադրանքների հետ: Սակայն պետք է փաստել, որ ԵԱՏՄ երկրներում նմանօրինակ օրենքներն ընդունվել են շատ ավելի վաղ և դրական տեղաշարժեր են գրանցվել:

Հասարակության մի զգալի զանգված կարծում է, որ «կարիք չկա տան լվացքը դուրս հանել. ամուսինն է ու պետք եղած դեպքում, եթե կինը իրա չափերի մեջ չի մնում, պետք է դաս տալ»:

Ծայրահեղական կարծիքները բազմաթիվ են, սակայն մի բան մնում է անփոփոխ. անկախ ամեն ինչից՝ ցանկացած տեսակի բռնություն դատապարտելի է:

2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարույթում, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ: Նշված քրեական գործերով 272 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 8-ը եղել են 14-18 տարեկան, 113-ը՝ 18-35 տարեկան, 151-ը՝ 35 տարեկանից բարձր: 8 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:

Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների՝ ընտանիքում կատարված հանցագործություններից 19-ը կատարվել են մոր կողմից, որից 12-ը անչափահաս զավակի նկատմամբ, 27-ը՝ հոր կողմից, որից 16-ը անչափահաս զավակի նկատմամբ, 1-ը խորթ մոր կողմից անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը խորթ հոր կողմից, 14-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 20-ը զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 7-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 169-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 1-ը՝ թոռան կողմից, 6-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից: Նշված 556 քրեական գործով 485 անձ ճանաչվել է որպես տուժող, որից 54-ը՝ մինչև 12 տարեկան, 12-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 181-ը 18-35 տարեկան, 219-ը` 35-ից բարձր:

Բռնության տարբեր ձևերի մասին առկա տվյալները ամբողջական չեն, և այդ տվյալների հավաքագրման վրա բացասական ազդեցություն է թողնում վախի կամ ամոթի պատճառով այդ դեպքերի բարձրաձայնումից խուսափելը, կամ պարզապես այն, որ տուժող կանայք տեղեկացված չեն, որ չարաշահման դեպքերը կամ վերահսկող վարքագիծը համարվում են բռնության դրսևորում։

«Ընտանեկան միավորի ներսում տեղի ունեցող բռնությունը դեռևս համարվում է մասնավոր հարց, և այդ մասին բարձրաձայնելը ընտանիքից դուրս՝ համարվում է ամոթալի։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում, ընտանեկան բռնության ենթարկվողների մեծամասնությունը կանայք են», -եզրափակեց ընտանեկան հոգեբանը։

 Բռնությունը կնոջ, երեխայի, ծնողի կամ ընտանիքի որևէ այլ անդամի նկատմամբ չի կարող լինել ընդունելի. դա իրավունքների կոպիտ խախտում է: Բռնությունը խաթարում է մարդու արժանապատվությունն ու հոգեկան աշխարհը, այն երեխաներին զրկում է առողջ ու անհոգ մանկությունից: Անհրաժեշտ է այնպիսի հասարակություն, որը մերժում է բռնությունը: Այդ դեպքում մեր հասարակությունը կլինի առողջ, ինքնաբավ ու լիարժեք երջանիկ:

Ռոզա Խաչատրյան

4-րդ կուրս

Կիսվել