Վախեր. բնական հու՞յզ, թե՞ երևակայության արդյունք

Վախեր. բնական հու՞յզ, թե՞ երևակայության արդյունք

230

«Խնդրում եմ, հեռու՛ տարեք ինձնից էդ տիկնիկները». ահա այսպիսի արձագանք է տալիս 20-ամյա Նարեն՝ մեկից ավելի տիկնիկ տեսնելիս:
«Շատ հաճախ, երբ խոսում եմ վախերից և ասում, որ տիկնիկներից եմ վախենում, միանգամից սկսում են հետաքրքրվել՝ փոքր ժամանակ տրավմա ստացել եմ, թե՝ ոչ: Իրականում, ես փոքր տարիքում գրեթե միշտ խաղացել եմ տիկնիկներով, նույնիսկ նրանց համար շորեր կարել (ծիծաղում է): Մոտավորապես 15-16 տարեկանից է ինձ մոտ առաջացել այս վախը: Երբ մեկից ավելի տիկնիկներ են ինձ շրջապատում, մոտս խուճապի զգացողություններ են առաջանում: Ինձ թվում է, թե կոնկրետ վրաս են նայում և շուտով վնասելու են: Մի վատ սովորություն ունեմ. երբ մի բանից վախենում եմ, սկսում եմ դրա վերաբերյալ ֆիլմեր կամ տեսանյութեր դիտել: «Անաբել» ֆիլմը դիտելուց հետո վախս ավելի սրվեց: Գիտակցում եմ, որ երևակայությունս իրենն անում է, բայց մեկ է՝ վախենում եմ»: 

Վախը տագնապի ընդհանուր ռեակցիան է՝ իրական կամ ենթադրվող վտանգի հանդեպ: Այն մարդու հույզերից մեկն է, իսկ ի՞նչ է հույզը. այն մեր վերաբերմունքն է մեր պահանջմունքներին:
«Վախը բնական է մարդու համար, այսինքն՝ մարդու օրգանիզմի, մարդու հոգեկան աշխարհի համար: Տագնապներն են առաջացնում վախեր: Իսկ ինչի՞ց է գալիս տագնապը. այն գալիս է անորոշությունից: Երբ երկար ժամանակ մարդը անորոշության մեջ է գտնվում, բարձրանում է նրա տագնապայնությունը և, ըստ այդմ, կարող է ձևավորվել վախ», – մեզ հետ զրույցում ասաց հոգեբան Մեղանուշ Մանուկյանը:

15-ամյա Նարեկը վախենում է քամուց: Երբ դրսում ուժեղ քամի է, նրան դժվար թե կարողանաս համոզել տնից դուրս գալ:
«10 տարեկան էի, երբ վախս գլուխ բարձրացրեց: Դրսում խաղում էի, իսկ այդ ժամանակ ուժեղ քամին ու, առհասարակ, ոչ մի բան չէր կարող խանգարել իմ խաղին: Բայց ուրախությունս երկար չտևեց: Ուժեղ քամուց շենքի տանիքից մի հատված էր պոկվել ու դրա զոհը դարձա ես. ընկավ ինձ վրա, բայց բախտս բերեց, մեծ վնասվածք չունեցա»:

«Յուրաքանչյուր մարդ իր կյանքում որևէ բանից վախենում է. սա բնական պրոցես է, սակայն շատ հաճախ դրանք վերածվում են ֆոբիայի և ազդում մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության վրա: Ֆոբիան առարկայացված վախն է: Այն անիրական վախ է, որը շատ խիստ խանգարում է բնականոն ապրելուն, մարդկանց հետ շփվելուն»,-հավելեց հոգեբանը:

Հոգեբուժության մեջ ընդունված է ֆոբիա անվանել վախի հիվանդագին ուժեղացված դրսևորումը որևէ առարկայի, գործունեության կամ իրավիճակի նկատմամբ:
«Շատերն ասում են, որ վախը հանելու համար պետք է առնչվել տվյալ երևույթի հետ. սա հիմնականում մանկական վախերին է վերաբերում: Երբ դու երեխային ծանոթացնում ես իր վախին, խոսում դրա մասին, բացատրում, որ այն իրականում վախենալու չէ, ապա երեխան հասկանում է իր վախը, և կամաց-կամաց այդ վախը վերածվում է զգուշավորության»:
   
Վախերի ու ֆոբիաների առաջացման պատճառներից մեկը երևակայությունն է, ուստի հարկավոր է վերլուծել սեփական վախերն ու ֆոբիաները՝ հասկանալու՝ որն է դրանց առաջացման պատճառը, և արդյոք դրանք արդարացված են: Ցանկացած վախ կարող է պայմանավորված լինել որոշակի օբյեկտով կամ իրավիճակով: Սեփական վախը հաղթահարել կարողանալու համար պետք է իմանալ՝ ինչպիսին է այն իրականում: Եթե դրանք անհաղթահարելի են դարձել, ապա պետք է դիմել հոգեբանի օգնությանը:

Սիլվի Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել