Ուլգյուրը՝ Մոմիկի ծննդավայր

Ուլգյուրը՝ Մոմիկի ծննդավայր

440

Հայաստանի գեղեցկագույն վայրերից մեկում՝ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվում միջնադարի հայ հայտնի քանդակագործ-ճարտարապետ-մանրանկարիչ Մոմիկի ծննդավայրը՝ Ուլգյուրը։ Ըստ հնագույն պատմության՝ Աղավնաձորը նախկինում քարավանատուն է եղել, արդեն միջնադարում դարձել է գյուղատեղի, իսկ ավելի ուշ բնակեցվել Խոյից, Սալմաստից ու Վանից գաղթած բնակիչներով։

Ուլգյուրում, որը նախկինում ունեցել է նաև Ժամիդուզ անվանումը, գտնվում է տարածաշրջանի պատմամշակութային ամենակարևոր կոթողներից մեկը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի-մատուռը։ Այն կառուցել է Մոմիկը՝ 13-14-րդ դարերում։ Մատուռում երկու վիշապակոթողներն են, որոնք վերածվել են խաչքարի։ Այս կոթողներից մեկին փորագրված են արձանագրություններ, որոնց հիման վրա հետագայում կազմվել է Մոմիկի տոհմածառը։​

Եկեղեցու գերեզմանատանը հայտնաբերվել են​ Մոմիկի ծնողների՝​ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը։

Սուրբ Աստվածածին մատուռը վերակառուցվել է խորհրդային տարիներին, իսկ մյուս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցուց պահպանվել են միայն հիմնապատերը։

​Մոմիկի ծննդյան հստակ տարեթիվը, ցավոք, անհայտ է։ Բայց անհերքելի է, որ նա ծնվել է 13-րդ դարում։ Ապրել է Երիցակ վարպետի հետ մի գյուղում՝ շատ աղքատ։

Ենթադրվում է, որ Մոմիկն իր գործունեությունն սկսել է Կիլիկիայում։ Հայտնի դարձել է Կեռաս թագուհու պատվերով մի ավետարան ծաղկելու շնորհիվ։ Եղել է Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետը։ Ստեփանոս Օրբելյանն ասել է. «Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմիկի պես, ապա եկեք նրան տանք Մոմիկ մականունը»։

Մոմիկի գործերից պահպանվել են ձեռագիր ավետարաններ, գրքեր։ Նա կառուցել է Նորավանքի, Արենիի եկեղեցիները։ Նրան են վերագրվում նաև Եղեգիսի Զորաց, Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցիները։

​Ըստ ավանդազրույցի՝ Մոմիկը սիրահարված է եղել Սյունյաց իշխանի գեղեցիկ դստերը։ Իշխանը խոստացել է դստերը կնության տալ այն պայմանով, եթե Մոմիկը սեղմ ժամկետում կառուցի հոյակերտ, դեռևս նմանը չունեցող մի տաճար։ Երբ ճարտարապետը վանքի կառուցումը հասցրել է ավարտին, ծառան իշխանի հրամանով գմբեթի վրայից հրել ու ցած է գցել նրան։ Այսպիսով, 1333-ին է վախճանվել Մոմիկը, իր ընկած վայրում էլ այժմ հանգչում է։

Իսկ վարպետի ծննդավայր Ուլգյուրը այժմ էլ կանգուն է՝ հայտնի վայոցձորյան յուրահատուկ բնության անկրկնելի հմայքով, հայաստանյան լեռնոտ դիրքով և հավերժ սուրբ մնացող ուղտատեղի Մոմիկի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցի-մատուռով։

Նարե Օհանյան

4-րդ կուրս

Կիսվել