Նորաձևության ստանդարտներն ու մարտահրավերները. հասարակության մոտեցումը՝ շարունակ փոփոխվող տենդենցներին

Նորաձևության ստանդարտներն ու մարտահրավերները. հասարակության մոտեցումը՝ շարունակ փոփոխվող տենդենցներին

408

Ամբողջ աշխարհում նորաձևությունը ինչ-որ կերպ ազդեցություն ունի մարդկանց վրա: Նորաձևության միտումը շարունակ փոխվում է` ըստ եղանակների և հասարակության ցանկությունների: Իսկ ի՞նչ է մոդան և արդյոք հասարակությունը հետևում է նորաձևությանը:

Հագուստի մոդելավորող Հովակիմյան Անահիտի խոսքով՝ մոդան ստեղծվում է մարդկանց կողմից, մարդկանց համար, ուստի միշտ էլ կարելի է որևէ հարազատ մոտիվ գտնել նոր եկած ձևի մեջ:

«Եթե որևէ բան նորաձև է, բայց Ձեզ չի սազում, ավելի լավ է այն չկրել: Երիտասարդները երբեմն փորձում են մոդայիկ երևալ, սակայն ստացվում է ճիշտ հակառակը, քանի որ հագուստի այս կամ այն մոդելը բոլորին չէ, որ սազում է»,- ասաց  Անահիտը:

Կանայք միշտ ձգտում են լինել գրավիչ․ ընտրում են գեղեցիկ հագուստ, սանրվածք և, իհարկե, դիմահարդարում: Նրանք կարող են ամեն օր նույնիսկ մինչև երկու ժամ ծախսել դիմահարդարման վրա: Ինչպես հագուստն է լինում նորաձև, այնպես էլ դիմահարդարումը:

Հարցին, թե արդյոք հասարակությունը հետևում է դիմահարդարման նորագույն տենդենցներին, դիմահարդար Լուսինե Գևորգյանը պատասխանեց.

«Հարցին միանշանակ պատասխան տալը սխալ է: Ոմանք ամեն օր շպարվում են նույն ձև և որևէ կերպ դիմահարդարումը չեն փոխում՝ կապված թարմացվող տենդենցների հետ: Շատերը բոլորովին չեն շպարվում: Սակայն այն մարդիկ, ովքեր հաճախ են այցելում դիմահարդարման սրահներ, նրանք գիտեն՝ ինչն է համարվում թրենդային, ինչը՝ ոչ, և հետևում են նորաձևությանը»:

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Սարդարյան Աննայի համար նորաձևությանը հետևելը բնավորություն է:

«Ես ամեն օր փորձում եմ յուրօրինակ look ունենալ, իմ արտաքին տեսքը շատ մեծ ազդեցություն ունի օրվա ընթացքի և ամբողջ օրվա տրամադրության վրա: Ինձ համար տարբերություն չկա՝ համալսարանում դասի եմ, թե որևէ մեկի ծննդյան արարողությանը: Իհարկե, նկատի չունեմ, որ նույն հագուստով և դիմահարդարմամբ կներկայանայի երկու պարագաներում էլ, բայց գեղեցիկ և տարբերվրող տեսք ձգտում եմ ունենալ ամեն օր»,- ասաց Աննան:

Նույն ֆակուլտետի ուսանողուհի Մուրադյան Գոհարը ճիշտ հակառակ կարծիքին է:

«Ամեն օր շպարվելն ինձ համար ժամանակի կորուստ է: Երևի առօրյա կյանքում երեկոյան դիմահարդարմամբ ներկայացող աղջիկները ցածր ինքնագնահատականի խնդիր ունեն: Ես ինքս գրեթե երբեք չեմ շպարվում: Ինչ վերաբերում է նորավոճ հագուստներին՝ փորձում եմ կրել այն, ինչ հարմար է, ոչ թե այն, ինչ մոդայիկ է, սակայն անհարմար»,-նշեց Գոհարը:

Նորձևության ստանդարտները ամեն տարի տարբեր են նախորդից, քանի որ մոդան որոշակի ճաշակի ոչ հարատև, փոփոխական թելադրանքն է, տարբեր են նաև մարդկանց մոտեցումները և կարծիքները՝ կապված մոդայիկ լինելու հետ: Մարդկանց մի մասը հետևում է նորաձևությանը, ծանոթ է վերջին թրենդներին, գիտի բոլոր դիզայներների աշխատանքները։ Մյուս մասն էլ սկզբունքորեն դեմ է նորաձևությանը և նախընտրում է թելադրել իր ճաշակն ու կանոնները։

Հարցին, թե այդյոք նորաձևությանը հետևելով մարդիկ կորցնում են իրենց ուրույն ոճը, Անահիտը պատասխանեց.

«Որպես հագուստի մոդելավորող՝ շատ եմ հանդիպում այնպիսի դեպքերի, երբ հաճախորդները նախընտրում են ստանալ ստանդարտ, տարածված զգեստներ, որոնք տվյալ ժամանակահատվածի համար համարվում են թրենդային: Նորաձև լինելու գաղափարը գրավիչ է, բայց շատ հաճախ այն բերում է ծայրահեղությունների․ մարդիկ կարում են հագուստ, որը կարող է թանկ արժենալ, բայց իրենց չսազել: Չպետք է մոռանալ, որ ճիշտ ընտրված ոճը կարող է դառնալ մարդու հաջողության գրավականը կյանքի բոլոր բնագավառներում. առաջին հայացքից ձեր փոխարեն ներկայանում է հենց ձեր տեսքը՝ պատմելով ձեր բնավորության, ճաշակի ու խառնվածքի մասին։ Ուստի չպետք է տարվել նորաձևությամբ, կորցնելով սեփականն ու տարբերվողը»:

Նարե Թորանյան

4-րդ կուրս

Կիսվել