Գրաֆիկ դիզայն. նորագույն մասնագիտության մարտահրավերներն ու հեռանկարները

Գրաֆիկ դիզայն. նորագույն մասնագիտության մարտահրավերներն ու հեռանկարները

548

Գրաֆիկ դիզայնը մերօրյա ամենապահանջված, բարձր վարձատրվող և հետաքրքիր մասնագիտություններից մեկն է։ Դա իրականում զարմանալի չէ՝ հաշվի առնելով՝ ինչ աստիճանի է հասել անհատի կողմից վիզուալ պատկերի սպառումը։ Գրաֆիկ դիզայներ Մարիա Սահակյանի հետ խոսել ենք մասնագիտության առանձնահատկությունների մասին:

Մարիա, գրաֆիկ դիզայնը աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն է, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Առօրյա կյանքում վիզուալ ասոցիացիաների հետ խաղը ու վիզուալ սպառումը օգտագործվում են ամենուր, և շատ դեպքերում նոր բրենդի, հաստատության կամ խանութի կայացման համար ավելի առաջնային է լավ մշակված վիզուալ պատմությունը, քան թե որակը։ Դա է հիմնական պատճառը, որ այս մասնագիտությունն այսչափ արդիական է:

Դուք ունեք ավելի քան 6 տարվա աշխատանքային փորձ, այս տարիների ընթացքում ինքներդ նկատե՞լ եք մասնագիտության պահանջվածության ավելացում:

-Այո, տարեց տարի աճում է գրաֆիկ դիզայներների պահանջարկը: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ նոր ապրանք, բրենդ կամ նմանատիպ բան ընտրելիս մարդկանց 73%-ը նայում է ապրանքի դիզայնի և կազմակերպության լոգոյին։ Դրանցից մեկնումեկի ցածր որակը բացասական կազդի բրենդի կայացման ու հաճախորդների շրջանում վստահություն ձեռք բերելու հարցում։

Գրաֆիկ դիզայներ դառնալու համար նկարչական կրթությունը պարտադի՞ր է:

-Ես ավարտել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան, բայց կարծում եմ, որ նկարչական կրթությունը պետք է առաջին հերթին էսթետիկ գիտակցության և վիզուալ մշակույթի ընկալման, զարգացման և շտկման համար: Սակայն դրա բացը կարելի է ալտերնատիվ տարբերակներով լրացնել: Առաջին հերթին խորհուրդ է տրվում շատ նայել նկարներ, կինոներ և տեսահոլովակներ։ Սոցիալական գովազդները նույնպես շատ հետաքրիր են այդ առումով։ Շատ լսել տարբեր ժանրերի և ոճերի երաժշտություն։ Չպետք է սահմանափակվել մասնագիտության միայն տեխնիկական մասի ուսումնասիրությամբ։ Անպայման ուսումնասիրեք հոգեբանության և մարքեթինգի հիմունքներ։

Ի՞նչ խոդհուրդ կտաք գրաֆիկ դիզայնով հետաքրքրվող անձանց:

-Մի քանի ամիս տևող բազմաթիվ դասընթացներ կան, որի ընթացքում ձեռք են բերվում բավարար գիտելիքներ: Խորհուրդ եմ տալիս անպայման մասնակիցը դառնալ նման դասընթացների, որոնք թույլ կտան ստեղծել պարզ, գեղեցիկ և, միևնույն ժամանակ, բազմաբովանդակ դիզայներական աշխատանքներ` համատեղելով ձևերը, գույները, գծերն ու տեքստերը:

Կկիսվե՞ք ձեր իսկ անցած ուղիով:

-Ես առաջին կուրսի հետ համատեղ մեկ տարի որպես պրակտիկանտ սովորել եմ Gmarketing ընկերությունում, այնուհետև հենց այդտեղ էլ անցել եմ աշխատանքի: 2013-2017 թվականներին զբաղվել եմ menu.am, Global credit, Karas, aclub, Aroghj Snund ընկերությունների դիզայններով: Որպես ֆրիլանսեր աշխատել եմ մի շարք ընկերությունների հետ (Coffee House 2016-2017, Paparazzi club/cafe 2017-2018, Basement և այլն): Այն մարդկանց, ովքեր դեռ նոր են քայլեր անում այս ոլորտում, կասեմ, որ ամենակարևոր նախապայմանը ինքնակրթությունն է. ես ինքս չէի աշխատի վերոնշյալ ընկերությունների հետ, եթե հետաքրքրություն չցուցաբերեի մասնագիտությանս հանդեպ:

Գրաֆիկ դիզայնը Հայաստանում զարգացման ի՞նչ նախադրյալներ ունի:

-Գրաֆիկ դիզայնի հանդեպ հետաքրքրությունը վերջին շրջանում շատ է աճել: Իհարկե, դա կապված է մասնագիտության պահանջարկի հետ: Հայաստանում կան հրաշալի գրաֆիկ դիզայներներ, ովքեր պատրաստ են իրենց փորձով կիսվել: Կարծում եմ՝ մեր հասարակությունը, հատկապես երիտասարդները, մի քանի տարի անց իրենց ձայնը լսելի կդարձնեն նաև միջազգային շուկայում:

Նարե Թորանյան

4-րդ կուրս

Կիսվել