Ահաբեկիչը հակահերոս է, ով ուղիղ սպառնալիք է ներկայացնում բնակչության մեծ շերտերին

Ահաբեկիչը հակահերոս է, ով ուղիղ սպառնալիք է ներկայացնում բնակչության մեծ շերտերին

282

Ահաբեկչությունները մեր ժամանակների ամենավտանգավոր երևույթներից են, իսկ դրանց ոչ գրագետ լուսաբանումը կարող է հոգեբանական մի շարք խնդիրների պատճառ դառնալ մեդիասպառողների համար։ Ահաբեկչությունների, դրանց դրդապատճառների և մի շարք այլ հարցերով զրուցել ենք հոգեբան, դոցենտ, ինչպես նաև նախկին լրագրող Անուշ Գևորգյանի հետ։

Ի՞նչ է ահաբեկչությունը հոգեբանության տեսանկյունից։

-Ահաբեկչությունը բռնության կիրառման ամենադաժան երեկույթներից է, որը ոչ միայն ֆիզիկական վտանգ է պարունակում զոհի հանդեպ, այլ նաև առաջացնում է հոգեբանական դեզադապտիվ (հակահարմարվողական) ռեակցիա ահաբեկչությունից փրկվածների և որեւէ կերպ դրա հետ կապ ունեցող մարդկանց շրջանում։

Օրինակ, եթե ահաբեկչություն է տեղի ունեցել մետրոյում։ Իսկ Արմենը (անունը պայմանական է վերցված) ամեն օր մետրոյով գնում էր աշխատանքի, նա կարող է տեղական ժամանակ խուսափել մետրո նստելուց, անգամ տանից դուրս գալուց, նույնիսկ եթե նա ահաբեկչությանը ականատես չի եղել։ 

Հետևապես, ահաբեկչությունը սոցիալ հոգեբանական տեսանկյունից բռնի գործողության միջոցով քաղաքական, կրոնական, գաղափարական  խնդրի լուծման տարբերակ է, որը անմիջականորեն կամ միջնորդավորված ազդում է մեծ թվով մարդկանց վրա։

-Որո՞նք են ահաբեկչության իրականացման շարժառիթները:

-Շարժառիթները ամենատարբեր են՝  կրոնական, քաղաքական համոզմունքներով պայմանավորված, գումարի կամ առհասարակ շահի համար, աշխարհը փոխելու ռոմանտիկ գաղափարների համար, հոգեբանական պաթոլոգիայով՝ մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ, շիզոֆրենիա եվ այլ հոգեկան հիվանդություններով պայմանավորված եվ այլն։

-Ո՞վ է ահաբեկիչը։

-Ահաբեկչի անձը պայմանավորված է նրա հոգեբանական անհատական առանձնահատկություններով և անձնային լուրջ կոնֆլիկտով՝ աշխարհի իդեալական մոդելի և իրականության միջև։ Այսինքն, ահաբեկչի անձը խոցելի է, կարելի է նրան կառավարել և ենթարկեցնել։ Բացի դրանից, վերը նշված շարժառիթները պայմանավորված են հենց անձնային որակներով։

-Ինչպիսի՞ն է ահաբեկչի կերպարը մեդիայում։

-Ահաբեկիչը հակահերոս է, ով ուղիղ սպառնալիք է ներկայացնում բնակչության մեծ շերտերի համար։ Այս տեսանկյունից մեդիան օգտագործում է այն բոլոր միջոցները, որոնք կարող են հակակրանք, ատելություն, միգուցե նաև վախ և ապահովության զգացողության կորուստ առաջացնել հասարակության մեջ։ Եվ կերպարը ներկայացնելուց շեշտը դնում են այնպիսի բնութագրիչների վրա, որոնք շահեկան են այդ ժամանակ։ Բացատրեմ. օրինակ՝ քրիստոնեական երկրներում ահաբեկիչների կերպարը ներկայացնելուց, կլինի դա ռեպորտաժների համար կերպարի ընտրությունը, ֆիլմի հերոսի տեսքով, ընտրվում է ոչ քրիստոնյա ազգ լինելը, ինչը երևում է իրենց հագուկապի և արտաքին տեսքի մեջ։

Ամերիկյան մեդիայում հաճախ ահաբեկչի կերպարը ներկայացված է սևամորթ անհատի տեսքով։ Պետք է եզրակացնել, որ մշակութային, քաղաքական, ռազմական բոլոր երևույթները արտացոլվում են այդտեղ։ Կուզեի նաև ավելացնել, որ ահաբեկիչները լինում են գոնե 3 խմբերի՝ լիդերներ- կազմակերպիչներ, կատարողներ, գաղափարական ոգեշնչողներ։ ԶԼՄ-ներում ներկայացված են հիմնականում կատարողները։

-Ինչպիսի՞ն պետք է լինի ԶԼՄ-ների անդրադարձը ահաբեկչություններին։

-Առաջին հերթին վախ, սարսափ, ապահովության զգացողությունը խարխլող և ոչ մի կառուցողական իմաստ պարունակող նյութերը պետք է չմտնեն զանգվածային լրատվամիջոցներ։ Պետք է շատ հստակ պահպանել էթիկայի կանոնները, որոնք կան և որոշ սահմանափակումներ են դնում լրագրողի առջև։ Օրինակ՝ ահաբեկչության զոհին լուսաբանելու հետ կապված հաճախ է այս կանոնը խախտվում՝ ի օգուտ լավ վաճառվող և լավ դիտում հավաքող վերնագրի կամ ֆոտոնյութի։ Բնակչությանը պետք է սովորեցնել ինչպես վարվել այս կամ այն ահաբեկչության դեպքում, ինչ անել, ուր զանգահարել։ Ոնց ճանաչել ահաբեկիչներին։ Այսինքն նյութերը լինեն կրթական, ուսուցանող, այլ ոչ թե ազդեն մարդկանց էմոցիաների վրա։

-Հոգեբանական ի՞նչ ազդեցություն կարող են թողնել ահաբեկչությունների մասին մեդիահրապարակումները։

-Կախված է մարդու հոգեբանական անհատական առանձնահատկություններից, հոգեկան վիճակից, ներքին ռեսուրսներից։  Նևրոտիկ խանգարումներ, ծանր ֆոբիկ խանգարումներ,  դեպրեսիվ խանգարումներ, հիստերիա, օբսեսիվ կոմպուլաիվ խանգարումներ (ինձ հետապնդում են, որ մտնեմ մետրո՝ կտրաքի, բոլոր սևերից պետք է զգուշանալ, բոլոր մուսուլմանները չարիք են), փսիխոսոմատիկ խանգարումներ և այլն։ Կարող է առաջացնել նաեւ հետաքրքրություն։ Հիշում եմ, տարիներ առաջ ռուսական ԶԼՄ-ներում մի տերորիստ տղայի մասին էին պատմում, ով կյանքի այդ էտապում բարդ, հակասական հոգեվիճակում է եղել և տեսել է մի տեսանյութ ահաբեկչության մասին։ Նա գտել է այդ խմբավորումը և դարձել նրանից մեկը։ Տղա, ով կյանքի իմաստը կորցրել էր, խնդիրներ ուներ ընտանիքի և հասակակիցների հետ, այսինքն խոցելի էր, չգնահատված, արժեզրկված, կառավարելի։ Իսկ այդ նոր միջավայրում իրենց հասկանում են, իրենց տալիս «աշխարհը փոխելու մեջ կարեւոր դեր ունենալու գաղափարը»։ Փաստորեն՝ մեդիան կարող է նաև նպաստող, դրդող դեր ունենալ։

-Ձեր կարծիքով, ահաբեկչություն լուսաբանելիս որո՞նք են ԶԼՄ-ների թույլ տված հիմնական սխալները:

-Ահաբեկչության զոհերի, նրանց հարազատների մասին անձնական տեղեկություններ լուսաբանելը, ահաբեկչության վայրից լուսանկարներ կամ տեսանյութեր հրապարակելը սխալ է։ Մարդկանց հույզերը զանգվածային ներկայացնելը էթիկական խախտում է։ Օրինակ՝ մարդը սարսափի մեջ է ու ադեկվատ չի գնահատում այդ պահը։ Իր սարսափը նկարում են, ցուցադրում արտաքին տեսքը։ Երբ սթափվում է, սկսում է նայել, ու ռեակցիան միշտ չէ, որ կարող է դրական լինել։

Ահաբեկչության նախապատրաստման մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելը ևս սխալ է, կարծես քայլերով սովորեցնեն ինչպես և ոնց վարվել։ Մարդկանց վիշտը, նրանց ապրումները չհարգելը ոչ մասնագիտական մոտեցում է։

Մարիամ Հարությունյան

4-րդ կուրս

Կիսվել