Պլաստիկ վիրահատությունները գեղեցկության չափանի՞շ, թե՞ թերարժեքության բարդույթ

Պլաստիկ վիրահատությունները գեղեցկության չափանի՞շ, թե՞ թերարժեքության բարդույթ

476

Ժամանակին զուգընթաց կատարելության ձգտումը և անթերի լինելու ցանկությունն աստիճանաբար ավելի են մեծանում: Մեր օրերում բավականին ժամանակակից և հարմարավետ տարբերակ են դարձել պլաստիկ վիրահատությունները, որոնք լայն տարածում ունեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։

Պլաստիկ վիրաբույժ Վարդան Շահինյանի խոսքով՝ պլաստիկ վիրահատությունների թիվը վերջին մի քանի տարիների ընթացքում միանշանակ աճել է: Այժմ էսթետիկ վիրահատության դիմում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ: Հատկանշական է, որ տղամարդկանց թիվը գնալով ևս աճում է:

«Հայաստանում, քթի պլաստիկ վիրահատությունից հետո, դեմքի շրջնում հաճախակի կատարվող վիրահատություններից են  բլեֆարոպլաստիկան (վերին և ստորին կոպերի պլաստիկա), դեմքի լիպոմոդելավորումը (ճարպի ներարկումը դեմքի տարբեր հատվածներում),  դեմքի ձգումը, օտոպլաստիկան (ականջների պլատիկա) և այլն։ Տվյալ վիրահատությունների շնորհիվ հնարավոր է ստանալ առկա էսթետիկ խնդիրների լուծում ինչպես բնածին, այնպես էլ տարիքային փոփոխություններով պայմանավորված: Դրան զուգահեռ, լայն տարածում են գտել մարմնի շրջանում կատարվող պլաստիկ վիրահատությունները՝ աբդոմինոպլաստիկան (որովայնի առաջնային պատի ձգում), մարմնի լիպոմոդելավորումը, մամոպլաստիկան (կրծքագեղձերի մեծացումը, փոքրացումը և ձգում), ազդրերի, թևերի ձգումը։ Մարմնի նման էսթետիկ վիրահատութունների դիմում են ծննդաբերությունից հետո, քաշի մեծ փոփոխությունից հետո, տարիքային փոփոխություններից հետո և  այլ  դեպքերում»:

Ըստ պլաստիկ վիրաբույժի՝ ներկայումս տարատեսակ պլաստիկ վիրահատություններն այնքան մեծ տարածում ու պահանջարկ ունեն, որ պացիենտները բավականին տեղեկացված են, և, բնականաբար,  գեղեցիկ լինելու ցանկությունն է նրանց մոտիվացնում՝ դիմելու  էսթետիկ վիրահատական միջամտությունների:

«Ունենում ենք այնպիսի պացիենտներ, ովքեր պլաստիկ վիրահատությունների մասին շատ ավելի մեծ պատկերացումներ են ունենում, բայց իրականությունն այլ է` պայմանավորված նրանով, որ պացիենտի ցանկություններն ու պլաստիկ վիրաբուժության հնարավորությունները չեն հատվում: Եվ հենց այստեղ է, որ պլաստիկ վիրաբույժները պետք է կարողանան ճիշտ ներկայացնել պլաստիկ վիրաբուժության այն սահմանները, որոնք կարող են մաքսիմալ օգնել պացիենտին իր ցանկությունների և էսթետիկ խնդիրների լուծման հարցում»:

Հարցին՝ արդյոք շատ են այնպիսի մարդիկ, ովքեր մարմնի մի հատվածը ցանկանում են կրկին վիրահատել, պլաստիկ վիրաբույժը պատասխանեց.

«Բնականաբար, կրկնակի վիրահատություններ հանդիպում են: Մինչ վիրահատությունը բժիշկը և պացիենտը ունենում են մեկ կամ մի քանի կոնսուլտացիաներ, որի ընթացքում պարզաբանվում են բոլոր այն հարցերը, որոնք անհանգստցնում են պացիենտին՝ մինչ վիրահատական, բուն վիրահատական և հետվիրահատական շրջանների վերաբերյալ: Հետվիրահատական ցանկակացած խնդրի և բարդության պարագայում բժիշկը փորձում է լուծել առկա խնդիրները՝ ստնալով և՛ բժշկի, և՛ պացիենտի համար ցանկալի արդյունքը»։

 Պլաստիկ վիրահատություններն օգնում են մարդկանց բարելավել իրենց արտաքինը, դառնալ ավելի ինքնավստահ: 36-ամյա Անին, ով վերջերս է դիմել պլաստիկ վրահատության, գոհ է արդյունքից և պնդում է, որ իր մարմնի ներկայիս կառուցվածքն ունենալու համար երկար է սպասել:

«Մոտ 1 տարի առաջ դիմել եմ աբդոմինոպլաստիկայի՝ ( որովայնի առաջնային պատի պլաստիկա): Ունեի կախված մաշկ, որն առաջացել էր քաշի կտրուկ նվազեցումից: Խնդրի պատճառով շատ էի կոմպլեքսավորվում, չէի կարողանում հագնել իմ նախընտրած հագուստը: Վերջապես որոշեցի, որ ավելի լավ է մեկ անգամ դիմել վիրահատական միջամտության, քան ամբողջ կյանքում ամաչել ինքս ինձնից: Հիմա ունեմ այն մարմինը, որի մասին միշտ երազել եմ: Դարձել եմ ավելի ինքավստահ և ավելի գեղեցիկ»:

Պլաստիկ վիրահատությունների ամենակարևոր  խնդրիրներից է նաև հարցի հոգեբանական  կողմը: Հոգեբան Գայանե Մինասյանի կարծիքով պլաստիկ վիրահատությունների դիմելու դրդապատճառներից թերևս գլխավորը դրա մոդայիկ, թրենդային ու նորաձև լինելն է։

«Պլաստիկ վիրահատությունները ավելի լայն տարածում ստացան վերջին 10 տարում։ Մինչ այդ վիրահատությունն ընկալվում էր որպես մարդու լիարժեք առողջության պայման, իսկ այժմ այն ընկալվում է ոչ ծայրահեղ, սովորական մի երևույթ։ Հաճախ են լինում դեպքեր, երբ առողջական որևէ լուրջ խնդիր չլինելու դեպքում ևս դիմում են պլաստիկ վիրահատության։ Անձն, ունենալով ցածր ինքնագնահատական, թերարժեքության զգացում՝ ցանկանում է կյանքում կատարել փոփոխություն, որից իրեն ավելի լավ և գուցե լիարժեք կզգա։ Այժմ մենք գնում ենք դեպի այն ժամանակները, երբ կարևորվում է միայն արտաքին գեղեցկությունը»։

Իսկ այն հարցին, թե ինչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջացնել պլաստիկ վիրահատությունները, հոգեբանը հավելեց.

«Անձն իրեն պետք է սիրի այնպիսին, ինչպիսին կա։ Քանի որ հենց իր այդ յուրօրինակությամբ է (ներքին և արտաքին) առանձնանում։ Հիմա կա այն տենդենցը, երբ շուրջդ բոլորն իրար նման են՝ շուրթեր, քիթ, աչքեր, դեմքի շրջագիծ, կրծքեր, հետույք, մարմնի կառուցվածք։ Արձանագրենք նաև մի փաստ, ըստ որի, այն անձինք, ովքեր պլաստիկ վիրահատություն են անում, որոշ ժամանակ անց կարող են այլևս չհավանել և երկրորդային վիրահատության ցանկություն հայտնել։ Այս երևույթը, միանշանակ, չի կարող հոգեբանական խնդրի վկայություն չլինել։  Անձի հոգեկան զարգացման զուգընթաց փոխվում է անձի պահանջմունքները, սպասելիքներն ու ոճը: Դա վերաբերում է նաև արտաքինին։  Այն միտքը, որ անձը կհասնի լիարժեքության պլաստիկ վիրահատությունից հետո, հարաբերական և անիրատեսական է»։

Մերի Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել