Ապատեղեկտվության դեմ պայքարի եղանակներ են առաջարկում ոլորտի մասնագետները

Ապատեղեկտվության դեմ պայքարի եղանակներ են առաջարկում ոլորտի մասնագետները

419

Հայաստանյան լրատվադաշտի առկա խնդիրներից են  մեդիագրագիտության պակասը և ապատեղեկատվության արտահոսքը: Ոլորտի մասնագետները փորձել են պարզաբանել առկա խնդիրները և տալ ընդանուր գնահատականներ։  

Մեդիափորձագետ, media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյանը պատմեց, թե ինչպես է սովորաբար տարածվում ապատեղեկատվությունը. 

«Ապատեղեկատվությունը սնվում է էմոցիաներով, այն բոլոր թեմաները, որոնք  հասարակությանը հուզում են, դառնում են ապատեղեկատվության շարժառիթ։ Օրինակ` համավարակի ժամանակ դա պատվաստանյութն էր, բժիշկներն էին և ընդհանրապես՝ համավարակը հենց իրենով, պատերազմի ընթացքում և մինչ հիմա՝ անվտանգության թեմաներն են»:

Փաստերի ստուգման հարթակի լրագրող Սևադա Ղազարյանը անդրադարձավ ապատեղեկատվությունները տարածողների նպատակներին։ 

«Ապատեղեկատվությունը ունի հստակ նպատակ. ինչ-որ մարդկանց մոտ այդ նպատակը զուտ հետևորդներ ձեռքբերելն է, ինչ-որ մարդկանց մոտ թաքնված նպատակ կա՝ հասարակությանը մոլորեցնելու»: 

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, խոսելով  ապատեղեկատվությունից, անդրադարձավ նաև սունկ կայքերին։ 

«Գոյություն  ունեն, այսպես ասած, սունկ կայքեր, որոնք շատ արագ սնկերի պես հայտնվում և կորում են, նրանք հարյուրավոր են, զուտ գովազդի վաճառք են իրականացնում, կեղծ տեղեկատվություն են տարածում, որովհետև դա շատ դիտում է բերում։ Ամենահայտնին Perfect tv-ն  է, որը ամբողջությամբ  միտումնավոր ապատեղեկատվություն է տարածում `շատ դիմումների հավաքելու նպատակով»։ 

Ոլորտի մասնագետներից շատերի կարծիքով՝  պետական մարմինները ևս տարածում են ապատեղեկատվություններ։ 

«Այս պահի դրությամբ կա որոշակի դժգոհություն կամ դժկամություն գերատեսչությունների մոտ մեդիայի ներկայացուցիչներին պատասխանելու հարցում, որովհետև հասկանալի է, որ այն ինֆորմացիան, որը ձեռնտու է գերատեսչությունների ղեկավարներին, այսինքն դրանով կարող են գովել իրենց աշխատանքը, իրենք հրապարակում են, և լրագրողները, բնականաբար, ցանկանալու են իմանալ մնացած ինֆորմացիան, որը գուցե այդքան էլ ձեռնտու չէ գերատեսչությունների ղեկավարներին»։ 

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, լրագրող Գարիկ Հարությունյանը իր խոսքում նաև հավելեց, որ բավարար ինֆորմացիա չի տրվում գերատեսչությունների կողմից, և ստիպված են լինում պարբերաբար կրկնել հարցումները, կան գերատեսչություններ, որոնք չեն ուզում անգամ աշխատել մեդիայի հետ։ 

Մեդիափորձագետներ Իզաբելլա Աբգարյանը և Սամվել Մարտիրոսյանը ևս  ոչ բավարար  են գնահատում պետական գերատեսչությունների կողմից  ժամանակին և բավարար ինֆորմացիայի մատուցումը։  

«Պետական կառույցների հաղորդակցությունը ոչ այնքան ինֆորմատիվ է, որքան սեփական անցուդարձի լուսաբանումը». Իզաբելլա Աբգարյան: 

«Եթե ընդհանրացված նայենք մեր պետական դաշտի տեղեկատվական քաղաքականությանը, ապա անբավարար է». Սամվել Մարտիրոսյան:

Որպես օրինակ՝ պետական մարմինների կողմից կեղծ տեղեկությունների տարածմանը,  մեդիափորձագետները հիմնականում նշեցին  պատերազմի ժամանակ տարածվող ապատեղեկատվությունը։ 

«Կարծում եմ՝ ամբողջ պատերազմի ընթացքում կարող եք տեսնել՝ ինչպես էր մոլորեցնող տեղեկատվություն տրամադրվում, հատկապես պատերազմի երկրորդ ընթացքում թաքցնում էին փաստեր, և դրանք եզակի դեպքեր չեն». Սամվել Մարտիրոսյան:

«Կարող եմ բերել օրինակ, երբ համայնքային կառույցը (Երևանի քաղաքապետարանը) չի տրամադրում տրված պարգևավճարների մասին տեղեկատվությունը ավագանու անդամին՝ թեպետ օրենքով պարտավոր է պատասխանել երեք շաբաթվա ընթացքում»։ 

Ապատեղեկատվության դեմ պայքարը մեդիադաշտում փաստերի ստուգում իրականացնող հարթակների կողմից այդքան էլ լավ գնահատականների չարժանացավ մեդիափորձագետների կողմից։ 

Մեդիափորձագետ Իզաբելլա Աբգարյանը 10 բալային սանդղակով տվեց 3 բալ։ 

«3 բալ, հիմնականում մեդիայում ապատեղեկատվության դեմ պայքարն ուղղված է հերքելու վրա: Այնինչ ապատեղեկատվության պարարտ դաշտը տեղեկատվական վակուումն է, որը պետք է լցներ մեդիան»։ 

Մեդիափորձագետ  Սամվել Մարտիրոսյանը էլ ընդանուր դաշտը գնահատեց 10-ից 4։ 

«Կան մի քանի լրատվամիջոցներ, որոնք պայքարում են ապատեղեկատվության դեմ, ունեն փաստերի ստուգման բաժին, դա սիվիլնեթն ու հետքն է, իրենց կարելի է տալ 8-9 բալ, և կան այնպիսիները, որոնք ոչ թե չեն պայքարում, այլ իրենք են ապատեղեկատվություն տարածում, դրա համար կարելի է ընդանուր դաշտը չորս գնահատել»: 

Մեդիագրագիտության մակարդակի մասին ևս ոլորտի մասնագետները արտահայտեցին կարծիքներ և տվեցին գնահատականներ։ 

Սիվիլնեթ լրատվամիջոցի «CivilNetCheck» բաժնի խմբագիր Անի Գրիգորյանը առաջնային է համարում մեդիագրագիտության հարցը։ 

«Մենք մեդիագրագիտության մեծ խնդիր ունենք, դորովհետև դպրոցներում չեն անցել, ոչ՛մեդիագրագիտություն, ոչ՛ քննադատական մտածողություն, ինչը շատ կարևոր է կեղծ լուրերը նկատելու, կամ ինչ-որ տեղեկություններ կասկածի տակ դնելու համար։ Ես ինքս առաջնային եմ համարում մեդիագրագիտության հարցը, որովհետև, որքան էլ շատ լինեն փաստերի ստուգում իրականացնող հարթակները, ամեն դեպքում առաջնագծում հենց անձն է, որպեսզի ինքը կարողանա յուրաքանչյուր տեղեկության մի փոքր քննադատաբար նայի»։ 

Փաստերի ստուգման հարթակի լրագրող Սևադա Ղազարյանը գտնում է, որ սկզբում պետք է լուծենք մեր հասարակությունում գրագիրտության խնդիրը։ 

«Հայաստանում մեդիագրագիտությունը շատ վատ վիճակում է, բայց պետք չէ մոռանալ, որ մեդիագրագիտությունը գրագիտության կոմպոնենտ է, ու ամբողջ ողբերգությունը սկիզբ է առնում հենց գրագիտությունից։ Երբ մենք չունենք բավարար գրագիտության մակարդակ, այսինքն դպրոցը ավարտողների 30%-ը հասարակ հայերեն գրված միտքը չի կարողանում ընկալել, մենք չենք կարող հասարակությունից պահանջել, որ նա լինի մեդիագրագետ. մեդիագրագիտություն զարգացնելու համար պետք է զարգացնել գրգագիտություն»։ 

Ոլորտի մասնագետները մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը տեսնում են կրթական ծրագրերում` թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում,   մեդագրագիտությունը, որպես ուսումնասիրության առարկա ներառելով, ինչպես նաև  հանրային իրազեկման մեծ արշավներ կազմակերպելով` հնարավորինս շատ լսարաններ գրավելու համար։ 

Ապատեղեկատվության դեմ պայքարի լուծումները մեր փորձագետներից շատերը գտնում են մեդիագրագիտության բարձրացման և փաստերի ստուգման հարթակների գործունեության բարելավման մեջ։ Ստորև ներկայացնում ենք ապատեղեկատվության դեմ ոլորտի մասնագետների կարծիքները։ 

«Որպես լուծումներ կառաջարկեմ` ֆինանսավորման թափանցիկությունը, լրագրողների կրթվածության աստիճանի բարձրացումը». Իզաբելլա Աբգարյան: 

«Հայաստանյան մեդիայում ապատեղեկատվությունը բավականին տարածված է, խնդրի լուծումը բարդ է, մի քանի կարևոր ուղղություն կա։ Առաջինը, ըստ էության, օգնել մարդկանց՝ ավելի լավ դիմակայել ապատեղեկատվությանը, ավելի պատրաստ լինել, ամեն ինչին չհավատալ, կասկածել, ստուգել սկզբնաղբյուրը։ Երկրորդը, իհարկե, ուժեղացնել որակյալ մեդիան, այսինքն,  մարդիկ ինչքան շատ ունենան այսպես ասած լրատվամիջոց, որին կդիմեն որևէ իրադարձության  ժամանակ, որևէ լուր ստուգելու համար, այդքան մյուս լրատվամիջոցները, որոնք կեղծ տեղեկատվություն են տարածում, կթուլանան». մեդիափորձագետ, media.am-ի խմբագիր Գեղամ Վարդանյան: 

«Եթե գլոբալ դիտարկենք, ապա առաջնայինը,  իհարկե, մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը է։ Շատ կարևոր է, որ ստուգված ինֆորմացիա տրվի հասարակությանը: Եթե ունենանք լավ լրատվամիջոցներ, որոնք շատ օպերատիվ կարձագանքեն կեղծիքներին և այն չի հասցնի տարածվել, այդ դեպքում, կարծում եմ,  մարդիկ ավելի քիչ կսպառեն կեղծիք, և դրական փոփոխություններ կլինեն». Գարիկ Հարությունյան: 

Մարիա Խաչատրյան 

4-րդ կուրս

Կիսվել