«Բիզնեսում հաջողելու համար մեկ պայմանը համառությունն է»

«Բիզնեսում հաջողելու համար մեկ պայմանը համառությունն է»

301

Նա Լուսաստղն է։ Սովորել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանում, 2019 թվականին ավարտել է ուսումը՝ ստանալով բժիշկ-էնդոկրինոլոգի որակավորում։ 2021 թվականից առ այսօր աշխատում է «Clean choice» ընկերությունում, բայց կան պլաններ, որոնք իրեն հանգիստ չեն տալիս․․․

-Ինչպե՞ս եկաք այն մտքին, որ պետք է ունենաք Ձեր սեփական բիզնես բլոգը, օճառների բիզնեսի գաղափարը ինչպե՞ս առաջացավ:

-Մենք ունենք ընտանեկան բիզնես, որը զբաղվում է հայկական բուժիչ թեյերի և խոտաբույսերի արտադրությամբ, և արտադրության արդյունքում առաջանում են մի շարք պրոդուկտներ, որոնք այս ոլորտում չեն կարող պիտանի լինել, սակայն չեն զիջում մեր հիմնական արտադրանքին իրենց օգտակարությամբ։ Միտք առաջացավ ստեղծել փակ արդյունաբերական շղթա, և պատրաստել օրգանիկ օճառներ։ Չնայած նրան, որ մտքի հեղինակը եղբայրս էր, աշխատանքի հիմնական մասը ես եմ կատարում։ Օճառներ պատրաստելիս օգտագործում եմ խոտաբույսեր, եթերային յուղեր, մի շարք բուսայուղեր, տարբեր տեսակի կավեր և միայն բնական ներկանյութեր։ Բիզնեսը զարգանալուն պես, ինքնըստինքյան, եկավ նաև սոցիալական կայքերում բիզնես բլոգի գաղափարը։

-Որքա՞ն ժամանակ եք տրամադրում օճառների պատրաստմանը: Նյութերը հեշտությամբ եք գտնու՞մ։

-Չնայած կողքից հեշտ թվացող աշխատանքին, իրականում օճառագործությունը      բավականին բարդ պրոցես է, պատասխանատվությունը շատ մեծ է, տարվում է մանրակրկիտ աշխատանք և պահանջվում է ճշգրտություն։ Մեկ չափաբաժին օճառը, որը մոտավոր 10-12 կտոր է, պատրաստվում եմ 3-4 ժամում, որի մեջ ներառվում են սանիտարահիգենիկ աշխատանքները, իսկ օճառների հասունացումը տևում է մոտ 2 ամիս, քանի որ պատրաստվում է սառը եղանակով։ Նյութերը ձեռք եմ բերում հատուկ օճառագործության խանութից, հումք ձեռք բերելն այդքան էլ մեծ խնդիր չէ։

Հիշու՞մ եք Ձեր առաջին վաճառքը:

-Հիմնական վաճառքները սկսվել են ցուցահանդես-վաճառքներին մասնակցելով,  սկզբում օճառները պարաստում էի պատրաստի հումքից, բայց դասընթացներից հետո սկսեցի 0-ից պատրաստումը՝ այսինքն լիովին բնական հումքից, և առանց կոնսերվանտների։ Բնական և օգտակար լինելուց բացի օճառները նաև էսթետիկ և հետաքրքիր ձևավորմամբ են, և իմ կարծիքով՝ նվերի հետաքրքիր և օրիգինալ տարբերակ է։

-Ի՞նչ հնարքների եք դիմում բիզնեսը զարգացման և առաջխաղացման համար:

-Այժմ բիզնեսը զարգացնելու լավագույն տարբերակներից մեկն այլ բլոգերների հետ համագործակցությունն է, հնարավորինս ակտիվ եմ վարում բլոգը, մասնակցում եմ գրեթե բոլոր կազմակերպվող էքսպո-ցուցահանդեսներին։ Վաճառքներն անցկացնում եմ անձամբ, քանի որ, ինչպես նշեցի, օճառագործությունը Հայաստանում դեռ զարգացման փուլում է, այդ իսկ պատճառով յուրաքանչյուր հաճախորդի հետ տարվում է առանձին աշխատանք, որպեսզի ճիշտ մատուցվի պրոդուկտը։

-Ինչպե՞ս կարող են մյուսները սկսել  իրենց փոքր բիզնեսը: Կարո՞ղ եք մի քանի խորհուրդներով կիսվել:

-Համար մեկ պայմանը միանշանակ համառությունն է, քանի որ ոչ միշտ է բիզնեսը սկզբնական փուլից հաջողության հասնում։ Հստակ սահմանեք ձեր նպատակները և, դժվարություններից չհիասթափվելով, շարժվեք առաջ: Դե իհարկե անդադար աշխատանքը, ջանք ու եռանդ չխնայելն ու հետևողական լինելն ամենակարևոր նախապայմաններն են։ Ընտրեք այն բիզնեսը, որն ամենաշատն է հոգեհարազատ ձեզ, և վստահեցնում եմ՝ վաղ թե ուշ կհասնեք մեծ հաջողությունների։

Մելանյա Համբարձումյան

4-րդ կուրս

Կիսվել