Մշակութային կոթողների վնասումը՝ վանդալիզմ

Մշակութային կոթողների վնասումը՝ վանդալիզմ

376

Ազգերի ինքնադրսևորման հարցում մեծ դեր ունի մշակույթը։ Հայաստանն աշխարհին հիմնականում ներկայացել է ստեղծագործական մտքի դրսևորումներով։ Դրա վկաները մեր երկրով մեկ սփռված կոթողներն ու տաճարներն են, Մատենադարանում, այլ երկրների գրադարաններում ու թանգարաններում պահվող գրքերը գեղարվեստական գործերն ու քանդակները։ Ցավոք սրտի, տարեցտարի աճում են վանդալիզմի դեպքերը, անտարբերությունը մշակույթի հանդեպ նրան քիչ կարևոր համարելուց է գալիս։ Խնդրի շուրջ զրուցել ենք մշակութաբան Արմինե Զոհրաբյանի հետ։

Ըստ Արմինե Զոհրաբյանի՝ անտարբերությունը գալիս է հենց այս կետերից՝

«Առաջինը՝ դաստիարակության պակասը ընտանիքներում, ոչ բավարար կրթությունը դպրոցներում, երբ երեխաներին ծնողները, այնուհետև դրպոցը, չեն սերմանում պատկառանք, իրական հպարտություն սեփական մշակույթի նկատմամբ, երբ շատ ընտանիքներում երեխան ավելի հաճախ լսում է, որ «սա երկիր չէ», «սա ժողովուրդ չէ»։

Երկրորդ՝ չկան կազմակերպություններ, որ կազմակերպեն ակտիվ կամավորական շարժում՝ մաքրելու հուշարձանները, խնամք տանեն յուրաքանչյուր մշակութային արժեքի նկատմամբ։

Երրորդ՝ բավական մեղմ են օրենքները, որոնք չեն նախատեսում խիստ պատիժներ՝ հուշարձանները փչացնողների, խաչքարերը հանող և իր տան բակում կանգնեցնողների, դամբարանները ավերողների, գանձագողերի նկատմամբ, որից էլ բխում է իրավապահ մարմինների անտարբերությունը։

Չորրորդ՝ քաղաքացիական հասարակության բացակայությունն է, երբ հասարակությունը գերադասում է չբարձրաձայնել այդ խնդիրները, համարելով, որ դա իրեն չի վերաբերում, քանի որ դրանց պահպանության համար կան համապատասպան պետական մարմինները»:

Ինչու՞ են գրաֆիտին և վանդալիզմը նույնականացնում հարցին Արմինեն պատասխանեց.

«Գրաֆիտին յուրատեսակ բողոքի դրսևորում է, որը երբեմն վանդալիզմի ձև կարող է ընդունել, երբ դա արվում է որևէ հուշարձանի վրա կամ շենքերի ճակատային մասում՝ ներկայացնելով անթույլատրելի խոսքեր, ագրեսիա պարունակող պատկերներ կամ արտահայտություններ։ Սակայն կան գրաֆիտիի օրինակներ, որոնք ներկայացնում են իսկական արվեստ և կարճ ժամանակում դառնում են շենքերի էքստերիերի անբաժանելի մաս, հանդիասանում են ճարտարապետական կառույցի տրամաբանական լրացում։ Ուստի, միանշանակ գնահատել գրաֆիտին որպես վանդալիզմ չի կարելի։ Դա փողոցի մշակույթ է, զանգվածային մշակույթի տեսակ, որը կարող է լինել և՛ բարձարվեստ, և՛ ցածրարվեստ»։

Այն հարցին, թե ինչպես կարող ենք կանխել մշակութային կոթողների/հուշարձանների հանդեպ վանդալիզմը, Տիկին Զոհրաբյան պատասխանեց.

«Վանդալիզմը միշտ եղել է, ցավոք, կշարունակի մնալ, քանի դեռ աշխարհում լինում են պատերազմներ, ժողովուրդները բաժանվում են «թշնամու» և «դաշնակցի», գոյություն ունեն հարուստ և աղքատ երկրներ։ Ոչ մի միջազգային օրենք այսօր չի պաշտպանում մշակույթը վանդալիզմից, ոչնչացումից, որովհետև օրենքները չեն նախատեսում իրական պատժամիջոցներ նման երկրների նկատմամբ, ոչ մի մշակութային միջազգային կազմակերպություն լծակներ, ուժեր չունի դրանք կանխարգելու։ Ավելին, այդ կազմակերպությունները ունեն ուռճացած բյուրոկրատական ապարատ, չինովնիկների մի հսկա բանակ, որոնք բարձր աշխատավարձ են ստանում՝ իրականում ոչ մի արդյունավետ գործունեություն չծավալելով։ Դրա օրինակն է ՅուՆԵՍԿՕ-ն, որը մի քանի տարի առաջ որոշեց ստեղծել մշակութային ոչ նյութական արժեքների ցանկ ՝ սեպ խրելով հարևան ժողովուրդների մեջ, ստեղծելով անիմաստ մրցակցային հարթակ, որտեղ նորից հիմնականում շահում են մեծ տերությունները»։

Նշեմ, որ մշակութային կոթողների կամ հուշարձանների դեմ ոտնձգությունների գերակշիռ դեպքերը պատժվում են ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով։

Մելանյա Համբարձումյան

4-րդ կուրս

Կիսվել