Գնորդներս այն մարդիկ են, ովքեր իրենց ներսում հեքիաթ ունեն. տիկնիկագործ

Գնորդներս այն մարդիկ են, ովքեր իրենց ներսում հեքիաթ ունեն. տիկնիկագործ

318

Վառ, գունավոր և տրամադրություն փոխանցող տիկնիկներ, որոնցից յուրաքանչյուրն աչքերում փայլ և ժպիտ է կրում։

Ձեռագործ տիկնիկների հեղինակը Ծովինար Սանթուրյանն է, ում աշխատանքները դրական էներգիա են փոխանցում գնորդներին։ Տիկնիկագործության ու դրան առնչվող մի շարք հարցերի մասին զրուցել ենք մեր հերոսի հետ: Նա պատմել է իր փորձի մասին և կիսվել հետաքրքիր խորհուրդներով։

Ինչպե՞ս առաջացավ տիկնիկագործությամբ զբաղվելու միտքը։

-Ամեն բան շատ պատահական ստացվեց: Փոքր ժամանակից ես սիրել եմ գործել, կարել, բայց դրանք ավելի շատ դեկորներ էին, ամիգուրումիներ։ Երբ ձեռք բերեցի իմ առաջին համակարգիչը, սովորեցի սոցցանցերից օգտվել և տեղադրեցի իմ գործած առաջին արջուկը։ Դրական արձագանքները ինձ ոգևորեցին, և ես սկսեցի ավելի շատ գործել։ Հետո միտք առաջացավ նաև տիկնիկներ ստեղծել: Եվ իմ տիկնիկի նկարը, հայտնվելով իմ ֆեյսբուքյան էջում, մեծ արձագանք ստացավ, անգամ պատվերների առաջարկներ սկսեցի ստանալ։

Քանի՞ տարի է, ինչ զբաղվում եք տիկնիկագործությամբ: Այս տարիների ընթացքում ի՞նչն է եղել Ձեր` շարունակ ստեղծագործելու և արարելու ոգեշնչումը։

-Սկսել եմ զբաղվել 2016 թվականից, առաջին աշխատանքներս հելունագործ խաղալիքներ էին։ Արդեն շուրջ 7 տարի է, ինչ իմ կյանքը առանց տիկնիկագործության չեմ պատկերացնում։ Ինձ ոգեշնչում են բոլոր գեղեցիկ իրերը, լինեն դրանք բնության մեջ,  թե կենցաղում։ Առաջինը մայրս է ինձ ոգեշնչել, հետո տղաս, և այն բոլոր մարդիկ, ում ժպիտներ են պարգևում իմ ստեղծագործությունները: Ամուսինս է ինձ շատ սատարում, ոգեշնչում։

Ի՞նչ որակի թելեր և նյութեր եք օգտագործում, և ինչո՞վ է պայմանավորված դրանց ընտրությունը։

-Սիրում եմ բնական հումքերով աշխատել, բայց քանի որ իմ աշխատանքների գերակշիռ մասը ինտերիերի ձևավորման համար է նախատեսված, շատ տարբեր նյութեր կարող եմ օգտագործել։ Կարող եմ որևէ կտոր տեսնել և միանգամից մտքումս որոշել, թե  ինչի համար կարող եմ այն օգտագործել։

Կարո՞ղ եք մտաբերել, թե մինչ օրս քանի տիկնիկ եք հեղինակել։

-Կարծում եմ` հազարը գերազանցում է։

Տիկնիկագործությունը Ձեզ համար ավելի շատ սիրելի զբաղմու՞նք է, թե՞ գումար աշխատելու միջոց։

-Տիկնիկագործությունն ինձ համար առաջին հերթին սիրելի զբաղմունք է, արտահայտվելու, որից հետո նաև գումար աշխատելու միջոց։

Ովքե՞ր են Ձեր գնորդները։

-Գնորդներս այն մարդիկ են, ովքեր իրենց ներսում հեքիաթ ունեն։

Ի՞նչ թեմատիկա ունեն Ձեր պատրաստած տիկնիկները և արդյոք իրական կերպարներից են վերցրած։

-Դրանք  հիմանականում ազատ և հորինված կերպարներ են, սակայն լինում են դեպքեր, երբ պատվիրատուներս իրական կերպարներ են ցանկանում, որ ստանամ։ Ստեղծահործում եմ շատ տարբեր թեմատիկաներով: Հաճախ տիկնիկներս ունենում են դետալներ, որոնք ներկայացնում են ազգայինը։ Հաճախ դրանք խորհրդանշում են մասնագիտություն, ուսում։ Զինվորական դետալներով տիկնիկներ եմ երբեմն պատրաստում։ Համաճարակի ժամանակ, անգամ հակահամաճարակային կանոնները պահպանել հիշեցնող դետալներով եմ տիկնիկներ պատրաստել։ Առիթների դեպքում էլ թեմատիկան կարող է լինել մկրտությունը, հարսանիքը և այլն։

Ի՞նչ փուլերով են անցնում տիկնիկները՝ նախքան կյանքի կոչվելը։

-Դրանք առաջին հերթին ստեղծվում են երևակայությանս մեջ, մտովի պատկերացնում եմ յուրաքանչյուր դետալ, գույն և այլն, ապա սկսում եմ պատկերացրածս թելերի և կտորների միջոցով կյանքի կոչել։ Վերջնական արդյունը գրեթե միշտ գերազանցում է պատկերացումներիս։

Անվանումներ տալի՞ս եք Ձեր պատրաստած տիկնիկներին։

-Ես իրենց ավելի շատ բնության երևույթների անուններով եմ կոչում, կամ կերպարին համահունչ բնութագրական բառերով` չարաճճի, երազկոտ և այլն։

Ի՞նչ խորհուրդ կտաք տիկնիկագործությամբ զբաղվել ցանկացողներին, կամ արդեն իսկ զբաղվող, սակայն առավել քիչ փորձ ունեցողներին։

-Խորհորդ կտամ, որ աշխատեն համբերատար և հիասթափություն չապրեն առաջին չստացված փորձերից, քանի որ ձեռքը ժամանակի ընթացքում է հմտանում, և տինիկներն էլ, բնականաբար, ավելի գեղեցիկ են ստացվում։ Յուրաքանչյուր աշխատանք կատարեն խնամքով և սիրով, դա նույնպես գեղեցիկ աշխատանքներ ստանալու համար շատ կարևոր է։ Բոլոր տիկնիկներ պատրաստող անձանց խորհուրդ կտամ, որ պատրաստեն տիկնիկներ, որոնք կխորհրդանշեն բարություն։

Գոհարիկ Գրիգորյան

4-րդ կուրս

Կիսվել