Էսթեր Զաքարյանը արդեն 5 տարի է ամուսնու՝ Գարիկ Փայտյանի հետ բնակվում է Տավուշի մարզի Նորաշեն գյուղում։ Երևանից մարզ տեղափոխվելու հիմնական նպատակը նրանց համար եղել է տարածաշրջանի տուրիստական մեծ պոտենցիալի բացահայտումն ու զարգացումը։
Սկզբնական շրջանում նրանք զբոսաշրջային տուրեր էին կազմակերպում դեպի Բերդ համայք՝ փորձելով այն ճանաչելի դարձնել շատերի համար։ Հետագայում արդեն նրանք հիմնցին իրենց հյուրատունը և գաստրոբակը։
«Սկզբում սկսել ենք արշավներ կազմակերպելով, հետո ամուսնուս պապական տունը դարձրել ենք հյուրատուն և հյուրեր ենք ընդունել՝ ինչպես Երևանից, այնպես էլ տարբեր երկրներից։ Երբ հասկացանք, որ սնվելու ամենամոտ վայրերը գտնվում են Բերդ քաղաքում, և մոտակա գյուղերում էլ չկային նմանօրինակ ենթակառուցվածքներ, որոշեցինք հենց մեր տան բակում գաստրոբակ հիմնել»,-իրենց անցած ճանապարհով կիսվում է մեզ հետ Էսթերը։
Գաստրոբակում հյուրերին առաջարկվում է տավուշյան ավանդական ուտեստներ, որոնց պատրաստմանը հյուրերը կարող են անձամբ ականատես լինել և մասնակցել։
Քանի որ գաստրոբակի աշխատանքը սեզոնային բնույթ ունի, նրանք զբաղվում են նաև հացի արտադրությամբ։ Թխում են բարձր կարգի ու ամբողջահատիկ ալյուրով հացեր, որոնք նաև իրացնում են տարածաշրջանի դպրոցներում և խանութներում։
![](https://journalist.am/wp-content/uploads/2023/05/2-6.jpg)
Էսթերը մասնագիտությամբ միջազգայնագետ է, ու թեև իր մասնագիտական աշխատանքով չի զբաղվում, բայց կատակով նշում է, որ ինքը գործուղվել է Նորաշեն՝ որպես Նորաշենի արտակարգ և լիազոր դեսպան։
Էսթերը իրենց բիզնեսի հաջողությունը, որը նաև նպաստում է տարածաշրջանի զարգացմանը, կապում է իրենց պատմության հետ․
«Մեր պատմությունը, այն թե ինչպես են քսան տարուց ավել Երևանում բնակվող երիտասարդները որոշել տեղափոխվել գյուղ և այստեղ ապրել, դարձել է մեր այցեքարտը։ Հյուրերից շատերը, կարծում եմ, եկել են մեզ հետ անձամբ ծանոթանալու և մեր պատմությունը մեզնից լսելու նպատակով»։
Երևանից Նորաշեն հեռավորությունը 220 կմ է։ Թեև Էսթերի խոսքով սա բարդացնում է իրենց աշխատանքը, բայց նրանք փորձում են ամեն ինչ անել, որ մարդիկ անցնեն այդքան ճանապարհ իրենց հանգիստը Բերդի շրջանում կազմակերպելու համար։
![](https://journalist.am/wp-content/uploads/2023/05/3-3.jpg)
«Մեզ համար խնդիր էր նաև, որ տարածաշրջանը հայտնի չէր իր տեսարժան վայրերով։ Գործունեության նախնական փուլում դրա վրա շատ ենք աշխաել։ Երբ տուրիստը գալիս էր մեզ մոտ, մենք պետք է մտածեինք՝ ինչպես զբաղեցնել նրան ողջ օրը»։
Գյուղական կյանքի դրական ու բացասական կողմերը Էսթերը ներկայացնում է նաև իր ինստագրամյան բլոգի միջոցով, որտեղ պատմում է իր հագեցած առօրյաի մասին՝ փորձելով կոտրել «գյուղում զբաղմունք չկա» կարծրատիպը։
Վստահաբար միայն այս կարծրատիպը չէ, որ կոտրում է նա։ Էսթերի օրինակով կարելի է նշել, որ քաղաքացի և գյուղացի տարանջատումները կեղծ են, և որ յուրաքանչյուրս կարող ենք զարգացնել Հայաստանի ամեն անկյուն, եթե շատ սիրենք մեր երկիրը։
Սյուզաննա Օհանյան
2-րդ կուրս