Գիտության ծերացման խնդիրն ու երիտասարդացման բաղադրատոմսը

Գիտության ծերացման խնդիրն ու երիտասարդացման բաղադրատոմսը

499

Հայաստանում գիտության «երիտասարդացումն» օդի և ջրի նման հարկավոր է այն զարգացնելու համար։ Նոր գաղափարներ, թարմ ուղեղներ ու սրտացավ մարդիկ են հարկավոր գիտությանը նոր թևեր տալու համար։ Ի՞նչն է խանգարում երիտասարդներին զբաղվել գիտությամբ և հանգեցնում Հայաստանում գիտության ծերացմանը, փորձել ենք պարզել Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանի և ԵՊՀ դասախոս, ի․գ․թ․ թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանի հետ։

Ամբողջ աշխարհում երիտասարդներն իրենց գիտական անձնակազմի մեջ մեծ տոկոս են զբաղեցնում՝ մոտավորապես 20-30%։

«Հայաստանում գիտնականների տարիքային բաշխումը երկու պիկ ունի․ առաջինը՝ երիտասարդներն են, երկրորդը՝ 65-70 տարիքային խմբին պատկանող գիտնականները։ Նշանակում է, որ երիտասարդների հոսք դեռ կա, ճիշտ է՝ բավարար չէ և ավելին կցանկանայինք, բայց ավելի մեծ խնդիր է այդ երիտասարդներին գիտության մեջ պահելը, անհրաժեշտ սարքավորումներով և նյութերով ապահովելը»,- ասում է Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը։

Լուսանկարը՝ Արթուր Մովսիսյանի անձնական արխիվից

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը նշում է, երիտասարդներին մոտիվացնելու և գիտության բերելու համար վերջին տարիներին պետության կողմից հայտարարված բոլոր դրամաշնորհներում հատուկ առանձնացված կետ կա, որով հաստատվում է, որ յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրում առնվազն մեկ, որոշ դեպքերում՝ երկու երիտասարդ պարտադիր պետք է ներգրավված լինի։

Երիտասարդներին ներգրավվելու համար կարևոր քայլերից մեկն էլ գիտնականների աշխատավարձը բարձրացնելն ու նոր հնարավորություններ առաջարկելն է։ Ինչպես նկատում է Արթուր Մովսիսյանը, մեկնարկել են ասպիրանտների և երիտասարդ հայցորդների աջակցության ծրագրեր, ինչպես նաև առանձին երիտասարդ հետազոտողների աջակցության ծրագիր։ Սրանք դրամաշնորհներ են նախատեսված միայն երիտասարդների համար։ 2022-23 թվականներին մեկնարկել է նաև արտերկրի լավագույն գիտական կենտրոններում երիտասարդների վերապատրաստման ծրագիր, որով մագիստրատուրայի ուսանողները կամ մինչև 35 տարեկան գիտնականները կարողանում են աշխարհի լավագույն կենտրոններում մինչև մեկ տարի ժամկետով վերապատրաստում անցնել։

«Երիտասարդների ներգրավվածությանը խանգարող պատճառներից մեկն էլ շուկան է, որովհետև բանիմաց երիտասարդներին, վաղ տարիքից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գրավում է։ Մեր կողմից նախագծվող ծրագրերը միտված են այն բանին, որ ավելի վաղ տարիքից մենք կարողանանք այդ երիտասարդներին գիտության մեջ ներգրավվել։ Այժմ հնարավորություն կա նաև ուսանողների՝ ընդհուպ 3-րդ կուրսից սկսած, ընդգրկել գիտական թեմաների ուսումնասիրության մեջ»,- ընդգծում է Արթուր Մովսիսյանը։

Գիտությամբ զբաղվելու բաղադրատոմսը՝ սեր, հետաքրքրվածություն և ձգտում, պահանջում է նաև ֆինանսական, ենթակառուցվածքային, աշխատանքային գրավիչ պայմաններ։

«Հաջորդ և ամենալուրջ խնդիրը գիտական հետազոտություններն են, որոնց համար երիտասարդների աչքերը կվառվեն ու կփայլեն։ Իրենք զգան, որ ժամանակակից խնդիրներով են զբաղվում, որ իրենք աշխարհի հետ համահունչ են քայլում։ Եթե մեր գիտական խմբերը շարունակում են զբաղվել 60-80-ականների գիտությամբ, երիտասարդներին ներգրավվելը բավականաչափ դժվար է դառնում, իսկ այն խմբերը, որոնք նոր են ձևավորվում և արդի խնդիրների լուծման ուղղություններով են գնում՝ մրցունակ շարունակում են զբաղվել ամենաթարմ թեմաներով, գիտական հոդվածներ հրապարակում և բացահայտումներ անում»,- ասում է Արթուր Մովսիսյանը։

Լուսանկարը՝ Panorama.am

ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը կարծում է, որ երիտասարդներին գիտության մեջ ներգրավվելու խանգարող հիմնական պատճառն ու խնդիրը մաքուր շուկայական հարմարություններն են, այսինքն` կախված է այն բանից, թե որ աշխատանքն է առավել գրավիչ։

«Եթե խոսում ենք բնագիտական առարկաների մասին, ապա բնագետներին շատ ավելի հեշտ է քիչ ջանք ներդնելով՝ վերապրոֆիլավորվել ՏՏ ոլորտի մասնագետների, որի դեպքում իրենք կստանան մի քանի անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան այն աշխատավարձը, որն առաջարկվում է համալսարանների և պետական ինստիտուտների կողմից։ Խորհրդային ժամանակաշրջանում մեր գիտությունը որոշակի լուրջ համակարգի մեջ էր, համալսարանները պատրաստում էին գիտնականների, ովքեր պետական պատվերներով ներգրավված էին աշխատանքների մեջ։ Մեր օրերում, մեծ հաշվով, պետական պատվերներ, որպես այդպիսին չկան կամ շատ քիչ են։ Այսօր այնպես է ստացվում, որ գիտնականը պետք է լինի և՛ գիտական աշխատանք կատարող, և՛ աշխատանք հայթայթող։ Շատ ավելի մեծ ջանք է պահանջվում գիտնական լինելու համար, քան գիտնական չլինելու», – ասում է Արսեն Թավադյանը։

Ըստ ԵՊՀ դասախոսի՝ խնդիրը գիտության՝ հեռանկարային և պահանջված լինելու մեջ է նաև։ Գիտությամբ զբաղվելը երիտասարդներին ապագայի համար մեծ հեռանկար և հնարավորություններ չի տալիս, միակ առաջխաղացումը կարող է լինել համալսարանում կամ այլ գիտական հաստատությունում ավագ կամ գլխավոր գիտաշխատողի և համալսարանում դոկտորի, պրոֆեսորի, դոցենտի պաշտոն զբաղեցնելը։

«Եթե հարցը դիտարկենք համակարգային տեսակետից, ապա հիմնական խնդիրը ֆինանսավորման աղճատումն է։ Այսօր պնդում են, որ գիտնականները պետք է բարձր աշխատավարձ ստանան այն պարագայում, եթե տալիս է լավագույն արդյունքը։ Աշխարհի շատ երկրներում կա հաստատված բազային ֆինանսավորում գիտնականների համար, որն ապահովվում է առնվազն միջին կենսամակարդակ և նպատակային, ծրագրային ֆինանսավորում, որն արդեն ձգտում է գիտական արդյունքին», – ասում է Արսեն Թավադյանը։

Երիտասարդներին գիտության մեջ ներգրավվելու համար անհրաժեշտ է բազային ֆինանսավորման բարձրացում, գիտական գործունեության համար պատշաճ միջավայր, ենթակառուցվածքներ, հեռանկարային համակարգ ու կառավարման առավել արդյունավետ մոդելներ։

Սյունե Կիրակոսյան

2-րդ կուրս

Կիսվել