Էլեկտրոնային ծխախոտ. տարածվածության պատճառներն ու օգտագործման հետևանքները

Էլեկտրոնային ծխախոտ. տարածվածության պատճառներն ու օգտագործման հետևանքները

564

«Էլեկտրոնային ծխախոտը որոշ ժամանակ առաջ ակտիվ շրջանառվում էր` որպես այլընտրանք ավանդական ծխախոտին և որպես ծխելը թողնելու միջոց։ Սակայն աստիճանաբար էլեկտրոնային ծխախոտի քարոզչությունը տարածվեց, և հիմա այն մեծ տարածում ունի նաև դեռահասների շրջանում։ Հիմա անչափահասներն օգտագործում են դա, որպեսզի հետ չընկնեն նորաձևությունից՝ առանց հասկանալու՝ ինչու են դա իրենք օգտագործում»,- մեզ հետ զրույցում ասաց հոգեբան, հոգեթերապևտ Արշալույս Մուշկամբարյանը։

Էլեկտրոնայի ծխախոտի շրջանառությունից ի վեր այն լայն տարածում է գտել հատկապես անչափահասների շրջանում։ Հոգեթերապևտի խոսքով՝ էլեկտրոնային ծխախոտը մարդիկ համարում են ավելի անվտանգ միջոց, քան սովարականը, սակայն ըստ մասնագետի՝ մաքուր ծխախոտը  ավելի անվտանգ է, քան էլեկտրոնայինը, այդ պատճառով էլ հաճախ ծնողները ուշադրություն չեն դարձնում, որ իրենց անչափահաս երեխաներն օգտագործում են դա՝ մտածելով, որ այն անվտանգ է։

Մինչդեռ Արշալույս Մուշկամբարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ էլեկտրոնային ծխախոտը շատ մեծ ազդեցություն ունի օրգանիզմի և դրա տարբեր համակարգերի վրա։ Նա մանրամասնեց․ «Դրա օգտագործման հետևանքով օրգանիզմում սկսվում է թթվածնային քաղց։  Թթվածնային քաղցը սովորաբար լինում է ավելի մեծահասկաների մոտ՝ օրգանիզմի առանձնահատկություններից ելնելով, սակայն,  եթե դեռահասների մոտ է սկսվում նմանատիպ խնդիր, ապա դա շատ վնասակար է ամբողջ օրգանիզմի համար։ Էլեկտրոնային ծխախոտները կարող են առաջացնել անոթների լայնացում, ինչի արդյունքում զարկերակային ճնշումը կտրուկ ընկնում է, սիրտը սկսում է ավելի դանդաղ արյուն մատակարարել։ Սակայն կարող է նաև հակառակը լինել։ Էլեկտրոնային ծխախոտի օգտագործման արդյունքում զարկերակային ճնշումը կարող է բարձրանալ, սիրտն այդ դեպքում սկսում է արագ խփել, օրգանիզմի ջերմաստիճանը ընկնում է, մարդը սկսում է շոգել»։

Էլեկտրոնային ծխախոտների թողած ազդեցություններից մեկն էլ ախորժակի անկումն է, ինչի արդյունքում մարդու մոտ սկսում է քաշի կորուստ։ Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը կանանց մոտ հանգեցնում է չբերության։

Արշալույս Մուշկամբերյանի խոսքով՝ թեև այս ամենը կարող է առաջանալ էլեկտրոնային ծխախոտն անգամ կարճ ժամանահատվածում օգտագործելու դեպքում, և քանի որ ընթացքը բավականին դանդաղ է լինում, անչափահասը կարող է չնկատել, որ նման խնդիր է իր մոտ զարգանում։ Այդ պատճառով դա կարող է նկատել ավելի ուշ, երբ արդեն իր մոտ կախվածություն է առաջացել էլեկտրոնային ծխախոտի նկատմամբ։

Թեև ըստ ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառվող «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի՝ https://www.e-draft.am/projects/5311  արգելվում է 18 տարին չլրացած անձին վաճառել, նվիրել կամ տրամադրել  ծխախոտ կամ դրա փոխարինիչ, սակայն իմ զրուցակից անչափահասներից ոմանք հենց իրենք են խանութից գնել էլեկտրոնային ծխախոտը։ Նրանցից մեկը, չցանկանալով ներկայանալ, պատմեց․ «Ես անչափահաս եմ, բնակվում եմ մարզում։ Խանութի աշխատակիցը, նույնիսկ տարիքս իմանալով, միևնույն է, ինձ վաճառել է էլեկտրոնային ծխախոտը»։

Սեփական օրինակով փորձեցի պարզել՝ արդյոք խանութներում անչափահասներին վաճառո՞ւմ են ծխախոտ։ Մտա առաջին պատահած խանութներից մեկը, ներկայացա՝ որպես գնորդ։ Իմ հարցին՝ արդյոք 16 տարիս չլրացած լինելը խնդի՞ր է, որ ես գնեմ էլեկտրոնայի ծխախոտ, խանութի վաճառողն ասաց, որ այն ինձ կվաճառի, ու տարիքս կապ չունի։

ՀՀ ոստիկանություն մեր ուղարկած հարցմանը ի պատասխան ասվում է, որ 2022-2023 թվականներին ոստիկանությունը Երևան քաղաքում ու մարզերում արձանագրել է անչափահասի կողմից էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու մեկական դեպք։ Վերջինս վերցվել է պրոֆիլակտիկ հաշվառման, ինչի շրջանակներում  նրա և ծնողի նկատմամբ իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ։

Անչափահասներից որոշները մեզ հետ զրույցի ընթացքում ասացին, որ էլեկտրոնային ծխախոտը իրենց հետ տանում են ուսումնական հաստատություն՝ չանհանգստանալով, որ այն իրենցից կվերցնեն․ «Քոլեջում մենք ազատ կարողանում ենք էլեկտրոնային ծխախոտ տանել։ Եթե նայում են տեսքիդ, «տարօրինակ» կերպար ես լինում, միայն այդ դեպքում են ուշադրություն դարձնում։ Մենք կոկիկ հագնված գնում ենք, չեն էլ պատկերացնում, որ մեզ մոտ ծխախոտ կարող է լինել»։

Հոգաբանի խոսքով՝ էլեկտրոնային ծխախոտի տարածմանը կարող են խթանել գովազդը, վերջինիս օգտակարության քարոզը, անչափահասի կողմից ընկերներից հետ չընկնելու ցանկությունը, այսինքն՝ ընկերական շրջապատում ընդունված լինելը, ինչպես նաև անչափահասը կարող է փորձել նմանվել այն մարդկանց, որոնք օգտագործում են էլեկտրոնային ծխախոտ։

Մեր զրուցակից անչափահասներից մեկի քույրը, որը ևս չցանկացավ ներկայանալ, պատմեց․ «Դպրոցում  բարձր դասարանի տղաների մոտ եղբայրս տեսել է էլեկտրոնային ծխախոտ, հետաքրքրություն է առաջացել, ուստի որոշել է ինքն էլ փորձել»։

Իսկ մի անչափահաս էլ անկեղծացավ․ «Մի որոշ ժամանակահատվածում էլեկտրոնային ծխախոտը շատ տարածված էր, շատ էի տեսնում ուրիշների մոտ, հետաքրքրության համար սկսեցի ես էլ օգտագործել»։

Փաստենք, որ ՀՀ օրենսդրությամբ նշված է՝ անչափահասին  ծխախոտ կամ դրա փոխարինիչ վաճառելը հանգեցնում է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկից երկուհարյուրապատիկի չափով։

Ալյոնա Մուժիկյան

3-րդ կուրս

Կիսվել