«Փոքր պարտությունները տանում են մեծ հաղթանակների». Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյան

«Փոքր պարտությունները տանում են մեծ հաղթանակների». Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սիմոնյան

447

Օրերս Երևանում կայացած երիտասարդների բռնցամարտի Եվրոպայի առաջնությունում 86 կգ քաշային կարգում Դավիթ Սիմոնյանը նվաճեց պատվավոր առաջին հորիզոնականը՝ գրանցելով երկու նոկդաուն։

16-ամյա չեմպիոնը Կոտայքի մարզից է՝ Զովունի համայնքից, ինչը միշտ հպարտությամբ է նշում։ Բռնցքամարտով զբաղվում է 11 տարեկանից, մինչ այդ երկար ժամանակ լողն է եղել նրա տարերքը։ Մեզ հետ զրույցում Դավիթ Սիմոնյանը կատակեց՝ ավելի շատ լողի եմ գնացել, քան բռնցքամարտի։ Նրա խոսքով՝ անցումը լողից բռնցքամարտի այդքան էլ հեշտ չի տրվել իրեն։ Այս առիթով պատմեց. «Լողին զուգահեռ սկսեցի հաճախել բռնցքամարտի դահլիճ, որոշ ժամանակ անց հասկացա, որ բռնցքամարտն ինձ ավելի է դուր գալիս, քանի որ կային հարվածներ, էմոցիաներ ու ավելի մեծ հետաքրքրություն։ Իհարկե, երկու սպորտաձև համատեղելը շատ դժվար էր, դրանցից մեկն ընտրելը՝ ավելի, բայց ի վերջո բռնցքամարտը «հաղթեց»։

Այս որոշումը Դավիթ Սիմոնյանի ընտանիքի անդամները ոգևորությամբ չեն ընդունել. ինքնակամ է սկսել մարզվել՝ հարևանի հետ, սակայն ընտանիքի անդամները միշտ սատարել են ու նրա կողքին եղել. «Հայրս նախկին ըմբիշ է։ Իմ՝ սպորտում լինելու մտքին շատ լավ է վերաբերվել, մայրս էլ համակարծիք է եղել հայրիկի հետ»։ Դավիթ Սիմոնյանի մայրիկի՝ Լիաննա Պողոսյանի խոսքերով՝ Դավիթն էլ, քույրն էլ հենց փոքրուց են սեր ունեցել դեպի սպորտ, ինչին ծնողները մեծ ոգևորությամբ են նայել։ Դավիթի մայրն ասաց. «Երկու զավակներս էլ սպորտում են, Դավիթը՝ բռնցքամարտիկ, աղջիկս՝ լողորդ, և մենք միշտ նրանց կողքին ենք»։

Դավիթի մանկության ընկերն ու հարևանուհին, խոսելով նրա մարդկային որակների մասին, պատմեց. «Դավիթը շատ հավասարակշռված է ու հասակակիցներից միշտ տարբերվել է իր լրջությամբ։ Նրա հաջողություններով միշտ առանձնահատուկ  հպարտացել եմ, քանի որ այն կամքի ուժը, որը նա ունի, քչերին է հասու։ Ինչո՞ւ եմ հատկապես առաձնացնում այս հանգամանքը, քանի որ իր ընկերները, քույր-եղբայրները, եթե երեկոյան դուրս էին գալիս խաղալու կամ ժամանակ անցկացնելու, նա գրեթե միշտ դուրս էր գալիս ու սկսում էր վազել, մարզվել, իր ժամանակն ավելի օպտիմալ էր անցկացնում, դրա համար էլ այսօր Եվրոպայի չեմպիոն է։ Բոլորս էլ որևէ կարևոր կետի հասնելու համար ինչ-որ պահեր բաց ենք թողնում ճանապարհին՝ գիտակցելով, որ այսօր այդ պահերը կորցնելով՝ վաղն ավելի մեծ ու կարևոր պահեր ենք ապրելու մեր կյանքում»։

Չեմպիոնի մասին խոսելիս հիշում է նաև նրա չարաճճիությունները, որոնք «բարի նպատակի» էին ծառայում։ Սիլվին հիշում է. «Հարևանի ցանկապատի, պատերի վրայով գնում, ցոգոլներ էր գողանում, բերում հյուրասիրում էր ընկերներին»։

Դավիթ Սիմոնյանի հարվածներին այսօր ոչ մեկ ու ոչինչ չի դիմանում, բայց եղել է ժամանակ, երբ հարվածները համբերատար տարել է հորեղբայրը՝ Հայկը։ Դավիթը պատմեց․ «Անցում» հարվածը նոր էի սովորել, առաջինը հոպարիս վրա փորձարկեցի՝ տեսնեմ ինչպես է ստացվում։ Աչքը կապտեց»։

Խոսելով Դավիթի հարվածին՝ նրա հորեղբոր արձագանքի մասին՝ Դավիթի մայրը ժպիտով հավելեց․ «Հոպարը ցավերի մեջ էր՝ արձագանքել չէր կարող, դե, իհարկե, հետո ծիծաղեցինք, կատակի տվեցինք, անցանք առաջ»։

Այսօր Եվրոպայի չեմպիոնն ինքը՝ կես կատակ, կես լուրջ չի ուզում՝ իր հարվածների ուժը որևէ մեկը զգա, հատկապես հորեղբայրը։

Խոսելով զբաղվածության մասին՝ Դավիթը պատմում է, որ դժվար է համատեղել ուսումն ու սպորտը, բայց կարողանում է պատվով դուրս գալ, ինչի մասին խոսում է ջերմ ու մեծ շուքով նրան՝ դպրոցում դիմավորելը չեմպիոն դառնալուց անմիջապես հետո։

Վերադառնալով չեմպիոնի տիտղոսը նվաճելուն՝ Դավիթը վերհիշում է իր ապրումները․ «Անասելի հպարտ էի, որ կարողացա հենց իմ երկրում չեմպիոն դառնալ։ Առանձնահատուկ առաջնություն էր հատկապես նրանով, որ ես իմ ընկերների ու հայրենակիցների ոգևորությունը ռինգում զգում էի, ու դա ինձ ուժ էր տալիս»։

Սա Եվրոպայի չորրորդ առաջնությունն էր, որին Դավիթը մանակցում էր, սակայն առաջին անգամ էր մասնակցում՝ որպես երիտասարդ բռնցքամարտիկ։ Առաջինը 2019-ին էր, որտեղ նվաճել էր բրոնզե մեդալ՝ պատանիների շրջանում։

Տարիներ անց Դավիթ Սիմոնյանը ցույց տվեց լավագույն արդյունքը՝ գրավելով առաջին հորիզոնականը։ Եզրափակելով զրույցը՝ նա նշեց. «Ինձ միշտ առաջ են մղել իմ կրած պարտությունները։ Ստիպել են ավելի մեծ ոգով մարզվել, քանի որ ես վստահ եմ միշտ եղել, որ թափածս քրտինքը երբեք իզուր չի կորչի, ու մի գեղեցիկ օր դրա շնորհիվ կհասնեմ այն արդյունքին, որին ձգտում եմ։ Մոտիվացիան միշտ տեղում պիտի լինի. պետք չէ կոտրվել երբեք, քանի որ փոքր պարտությունները տանում են մեծ հաղթանակների»։

Մարիամ Ղազարյան

Կիսվել