Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող «դեսպանը»՝ պարի միջազգային մրցույթի հաղթող

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող «դեսպանը»՝ պարի միջազգային մրցույթի հաղթող

642

Կրասնոդար քաղաքում կայացած պարի միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանից մասնակցած «Էլեն» պարային համույթը, որի պարուհիներից մեկը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ալլա Մանուկյանն է։ Ալլան ոչ միայն ֆակուլտետի, այլ նաև համալսարանի ակտիվ ուսանողներից է։ Սիրում է ընտրած մասնագիտությունը, մասնագիտական գիտելիքների ձեռբերման ու զարգացման նպատակով ուսմանը զուգահեռ հասցնում է նաև մասնակցել տարբեր դասընթացների։ Ազատ ժամանակ սիրում է կարդալ, երգել և պարել։ Երգով զբաղվում է 5 տարի։ Գրում է երգի բառեր և երաժշտություն։

-Ես սիրում եմ և՛ երգել, և՛ պարել ու ընտրել եմ մասնագիտություն, որը կարող է օգնել՝ հանրահռչակելու երգն ու պարը։ Լրագրությունը սիրում եմ ու առաջին տեղում ուսումս է։ Բայց ես ինձ նաև կատարողական արվեստում եմ տեսնում, փորձում եմ գտնել ինձ, ու փորձում եմ դառնալ մշակույթի մի մասնիկ։

Ալլան պարով զբաղվում է 9 տարի։ 5 տարի պարել է Աշնակի «Սասուն» պարային համույթում, իսկ հետո՝ Նանո Մանուկյանի հիմնադրած՝ «Էլեն» պարային համույթում։ Ալլան պատմեց, որ «Էլեն» համույթի առաջին ձեռքբերումը եղել է 2022 թվականին Բաթումի քաղաքում տեղի ունեցած մրցույթի ժամանակ, երբ զբաղեցրել են առաջին հորիզոնականը և շահել «Գրան Պրի» մրցանակը։ Դրանից մեկ տարի անց` 2023 թվականի մայիսի 14-ին, Կրասնոդար քաղաքում մասնակցել են Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Գագիկ Մխիթարյանի և Կրասնոդար քաղաքի մասնաճյուղի նախագահ Արթուր Շահբազյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք ենք, մեր պարերը» մրցույթ-փառատոնին։ Ներկայացել են չորս պարային համարներով։ Հայաստանը ներկայացրել են ազգային պարերով։ Հաղթել և անցել են հաջորդ փուլ՝ նվաճելով մեդալներ և պատվոգրեր։

-Շատ պատասխանատու է այլ երկրում Հայաստանը ներկայացնելը։ Եվ այդ պատասխանատվությունից մեր մեջ առաջացել էին մտավախություններ՝ ինչպե՞ս կանցնի մրցույթը, կկարողանա՞նք հաղթել․․․ Սակայն, երբ կողքիդ ունենում ես ուժեղ թիմ, բոլոր մտավախություններն անցնում են,- ասում է Ալլան։

Նրա կարծիքով, հատկապես սփյուռքում ազգային մշակութային արժեքների պահպանման գործում մեծ դեր ունի նմանատիպ միջոցառումների կազմակերպումը։

-Արտերկրում մշակույթներին ձուլվելու վտանգ կա, ուստի նման միջոցառումները հնարավորություն են շփվելու ազգայինի, սեփական ինքնության մաս կազմող մշակույթի հետ, դառնալու դրա կրողն ու շարունակողը։ Մշակութային փառատոնները հնարավորություն են տալիս արտերկրում բնակվող հայերին համախմբվելու և իրենց ավելի մոտ զգալու հայրենիքին։ Ես հպարտ եմ, որ մենք՝ պարային համույթով, պատվով ներկայցրինք մեր երկիրը իր մշակույթով և հաղթանակած վերադարձանք,-ասում է ապագա լրագրողը։

Մասնակցությունը պարային մրցույթին Ալլային հնարավորություն է տվել ավելի մոտ գտնվել իր մասնագիտությանը՝ լուսաբանելով փառատոնը։

Հարցին՝ արդյոք իրեն պատկերացնում է մշակութային լրագրության ոլորտում, նա պատասխանում է, որ ազատ մամուլը, մեդիան, իհարկե, հնարավորություն է հանրության մեծ շրջանակներին ներկայացնելու մշակույթի կախարդական ուժը, հատկապես՝ ազգային մշակութային արժեքները։

-Բայց՝ ավելի շատ ուզում եմ «ունիվերսալ» լրագրող դառնալ։ Այդ դեպքում վստահաբար կունենամ առիթներ՝ հենց մշակույթին, նաև պարարվեստին վերաբերող իրադարձություններ լուսաբանելու։

Համալսարանում շուտով քննական շրջան է։ Թեև իր դասերն ու պարապմունքները, ինչպես Ալլան է նշում, մի փոքր տուժել են, բայց կարծում է, որ հաղթանակը, հնարավորություն է տվել բարձր պահելու իր երկրի ու հարազատ կրթական օջախի՝ Մայր Բուհի անունը, նոր լիցքեր է հաղրոդել նրան՝ ուսման մեջ ամեն ինչ հասցնելու համար։

Մարիամ Աբրահամյան
1-ին կուրս

Կիսվել