«Գրել եմ ու նվիրել, կորցրել կամ էլ դեն նետել». Արթուր Աբաղյան

«Գրել եմ ու նվիրել, կորցրել կամ էլ դեն նետել». Արթուր Աբաղյան

477

«Գրելը միշտ եղել է իմ անբաժան մասնիկը, պարզապես երբեք լուրջ չեմ մոտեցել դրան։ Գրել եմ ու նվիրել, կորցրել կամ էլ դեն նետել…»,- ահա այսպես է Արթուր Աբաղյանը  սկսել գրել։

Սովորել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում՝

ՀՕՊ ֆակուլտետի փոքր և միջին հեռավորությունների վրա զենիթային հրթիռային համալիրների  շահագործման  բաժնում։

Ասում է՝ տարիքի հետ սկսեց լուրջ մոտենալ գիր ու գրականությանը եւ որոշեց պահպանել իր գործերը։ Պարզաբանում է․ «Գրելու գլխավոր առիթը հետեւյալն է. զգում եմ, որ ասելիք ունեմ մարդկանց, նյութ ունեմ տալու ու կարծում եմ, որ դրա իդեալական տարբերակը հենց գիրքն է։  Դա է պատճառը, որ համարձակվեցի գիրք հրապարակել»։

Այս պահին հրապարակվել են դեռ երկուսը՝ «Դավաճանությունից 30 րոպե առաջ ու հետո», «Մեծ սուտասանը կամ ով եմ ես»։ Այն հարցին, թե  իր ո՞ր գիրքն է ավելի տարբերվող համարում, ասում է՝ բնույթով ու ժանրով տարբեր գրքեր են, այդ պատճառով համեմատելը դժվար է։ Երկուսն էլ շատ սիրված են։

Արթուրի խոսքով՝ «Դավաճանությունից 30 րոպե առաջ ու հետո»-ն հայրենասիրական է, բայց ստանդարտ եւ բոլորին ծանոթ գրքերից չէ։ Այն յուրահատուկ է գոնե նրանով, որ յուրաքանչյուր ընթերցող գրքի վերջում գլխավոր հերոսից ձեռագիր նամակ է ստանում։ Գրքում միավորված են շատ ու շատ իրական պատմություններ. դրանք հյուսված են մի անձի շուրջ, որը հեղինակի համար հայի կերպար պիտի լինի։

Հեղինակի ձևակերպմամբ՝ մյուս գիրքը՝ «Մեծ սուտասանը կամ ով եմ ես», ամենքի համար է։ Այն հոգեբանական գիրք է, որը մարդուն ստիպում է վերանայել իր սեփական անձը։ Առաջին հայացքից  թեթև ժամանցային ընթերցանության նյութ է, բայց գրքի վերջին հասնելիս ընթերցողը հասկանում է, որ ոչ թե ինքը կարդաց գիրքը, այլ գիրքը՝ իրեն։

Այն հարցին, թե ինչն է ոգեշնչում գիրք գրել, Արթուրը պատասխանում է․ «Երևի չկա ոչ մի մոտիվացիա։ Պարզապես  սիրում եմ մտքերով կիսվել  մարդկանց հետ և զբաղվում եմ սիրելի գործով»։

Հարցին, թե ինչ կարծիք ունի հայկական գրական շուկայի եւ դաշտի մասին, պատասխանում է. «Մենք գրական շուկա չունենք։ Ցավով եմ ասում, բայց ամենալավ նկարագիրը մեր շուկայի վերաբերյալ հետեւյալն է. «Շունը տիրոջը չի ճանաչում»։  Չեմ ուզում բողոքավոր թվալ, բայց հասարակության մեծ մասին  հնարավորություն չեն տալիս  անձամբ գրքի ընտրություն անել եւ ձևավորել ընթերցողների հասարակական ու ժամանակակից ճաշակ։ Հիմա ընդամենը կարող ես վճարել գիրքը լավ գովազդելու համար,    ընդհուպ  այն արհեստական բեսթսելլեր կարող է դառնալ։  Նոր գրողներին խրախուսելու ոչ մի միտում չեմ տեսնում։ Ասեմ ավելին՝ խանգարում են։ Բոլոր նոր գրողներին կարող եմ նախապես ասել. չզարմանաք, եթե գիրքը հանձնեք գրախանութ եւ այն չգովազդեն իրենց էջում եւ որպես նորություն չդնեն դարակում։ Ամենակարևորը` չզարմանաք, եթե մարդիկ մտնեն գրախանութ, հարցնեն ձեր գիրքը, և նրանց ասեն, որ այդ գրքից չկա։ Բայց այնուամենայնիվ լավ է, որ  անցել եմ  այդ փուլն ու արդեն ունեմ իմ հավատարիմ ընթերցողներին»։

Անցնելով գրական դաշտի մեկ այլ հատված՝ հարցրի, թե որտեղ է նա իրեն  դիրքավորում, կա՞ արդյոք մի գրողական շրջանակ, որի հետ ավելի մտերիմ է։ Պատասխանեց. «Ես երբեք ոչ մի շրջանակ չեմ մտնում։ Շրջանակը սահմանափակ հասկացություն է․ ելք ու մուտք չունի։ Փոխարենը կան  ընկերներ, որոնց կյանքի ուղին ժամանակի որեւէ պահից զուգահեռ է դարձել իմ ուղուն։ Հիմա ես հպարտանում եմ, որ ունեմ նման ընկերներ, ինչպիսիք են, օրինակ, Արփինե Գալստյանը, Աննա Առաքելյանը, Արթուր Սարգսյանը, Նադյա Վիին եւ այլք։ Գրականության  ոչ մի թեւի ներկայացուցիչ ինձ չեմ համարում։ Գրում եմ հայրենասիրական ժանրից մինչև ռոմանտիկ, սարսափից մինչև հումորային։ Չեմ սիրում ոչ մի սահմանափակում ու կարծում եմ՝ ինձ մոտ կստացվի լավը լինել ամեն տեղ։ Դա թողնենք ընթերցողներին..»։.

Հարցին, թե արդյոք գրքի մեջ  գաղափարական հարցադրումներ դնում է, պատատխանում է՝ այո․ կարծում է, որ գրականությունն ունակ է լուծելու սոցիալական խնդիրներ։ Նրա խոսքով՝ երկու գրքերն էլ հիմնական ուղերձներ ունեն մարդկանց։ Օրինակ՝ «Դավաճանությունից 30 րոպե առաջ եւ հետո»-ն ցույց է տալիս մարդկանց, որ թուրքի հետ ընկերություն անելիս պետք չէ փայտը ձեռքից գցել։ Կարծում է, որ գիրքը մինչ օրս պահում է իր արդիականությունը։ Մյուս գիրքը՝ «Մեծ սուտասանը կամ ով եմ ես», ցույց է տալիս, որ պետք չէ քննադատել մարդուն,  եթե չեք  անցել նրա ուղին։ Այն թեթև հոգեբանական թրիլլեր-վիպակ է։

Գրողն իր խոսքում նշել էր, որ ունի ընթերցողներ։ Վերջին հարցին, թե ինչ կարծիքներ է ստացել, եւ որոնք են տպավորվել, նշեց մեկը. ընթերցողները հաճախ ասում են, որ գրքերը մի շնչով են կարդացվում։ Կարծում է, թե իրար հետ պայմանավորված  են ասում։

Լիլիթ Ապրեսյան

2-րդ կուրս

Կիսվել