«Կարևորը տեղեկատվության ստույգ և ճշգրտված լինելն է»․ ինֆլյուենսեր Թերեզա Պանչոյան

«Կարևորը տեղեկատվության ստույգ և ճշգրտված լինելն է»․ ինֆլյուենսեր Թերեզա Պանչոյան

455

Սոցիալական ցանցերի զարգացումը հնարավորություն տվեց մարդկանց  ստեղծել իրենց բլոգը, սոցիալական ցանցերում՝ իրենց օգտահաշիվները և որոշակի ակտիվություն ծավալել։ Ներկայումս սոցիալական ցանցերում լսարանի վրա որոշակի ազդեցություն ունեցող անձանց կոչում են ինֆլյուենսերներ։

Թերեզա Պանչոյանն իր ինստագրամյան էջում ունի 75 հազարից ավելի հետևորդ, իր բլոգի միջոցով խոսում է սեռական հարաբերությունների, սեռական հիգիենիայի, որոշ կարծրատիպերի, հարաբերությունների և այլ թեմաների մասին։

Մեզ հետ զրույցում Թերեզա Պանչոյանը նշեց, որ սկզբնական շրջանում ինքն ուղղակի տեղադրում էր իր կարծիքը վերոնշյալ թեմաների վերաբերյալ՝ չմտածելով, որ կդառնա ինֆլյուենսեր։

-Ինչպե՞ս եք դարձել ինֆլյուենսեր։

-Ինֆլյուենսեր դարձել եմ շատ պատահաբար և ոչ մտածված։  Իմ բլոգը սկսել եմ՝ որպես տեղեկատվության աղբյուր, բայց ընթացքում կարծրատիպերին անդրադառնալը, իմ մտքերը, վերլուծությունները տարածելը որոշակի ազդեցություն սկսեց թողնել մարդկանց վրա։ Կարծում եմ՝ հենց այդ պահին, երբ սկսում ես ազդել թեկուզ մարդկանց շատ փոքր խմբի վրա, դու արդեն կարող ես համարվել ինֆլյուենսեր։ Բայց, իմ կարծիքով, մենք բոլորս ինֆլյուենսերներ ենք, ուղղակի սոցիալական հարթակում, կախված մեր հետևորդների թվից, մենք ավելի մեծ ազդեցություն ունենք, քան բլոգերությամբ չզբաղվող մարդիկ։

-Որպես ինֆլյուենսեր` ի՞նչն եք կարևորում Ձեր աշխատանքում։

-Իմ աշխատանքում առաջին հերթին կարևորում եմ անկեղծությունը, սեփական կարծիքը դիմացինի վզին չփաթաթելը, ճշգրտված ինֆորմացիա տարածելը, լսարանի կարծիքը հաշվի առնելը, բայց նաև սկզբունքներին հավատարիմ մնալը։

-Լսարանի հետ աշխատելիս կարևոր ի՞նչ կետերի պետք է առավել ուշադիր լինել։

-Կարծում եմ՝ առաջին հերթին կարևորը տեղեկատվության՝ ստույգ լինելն է։ Շատ կարևոր է սեփական կարծիքն ուրիշի վզին չփաթաթելը։ Բնականաբար, բոլորս ունենք մեր սեփական տեսակետը այս կամ այն հարցի շուրջ, բայց ես սիրում եմ երևույթները տարբեր տեսանկյունից ներկայացնել։ Ես սիրում եմ թույլ տալ մարդկանց կայացնել սեփական որոշումը, թե իրենք ի՞նչ են ուզում, ո՞նց են ուզում մտածել։ Իրականում չկա ճիշտ ու սխալ, կա ուղղակի մեզ հարմար տարբերակ։ Ես սիրում եմ իմ լսարանին թույլ տալ ընտրել իրենց հարմար տարբերակը։

-Ձեր թիրախային լսարանում ո՞ր տարիքի մարդիկ են ընդգրկված։

-Իմ թիրախային լսարանը մի քիչ խառն է, որովհետև ես ունեմ շատ հատևորդներ, որոնք ինձ չեն հետևում, այսինքն իմ էջին հետևում են, բայց պաշտոնական չեն հետևում, և իրենց վիճակագրությունը չունեմ։ Այն մարդիկ, որոնք ինձ հետևում են, հիմնականում 18-30 կանայք են, տղաները մոտավորապես 20 տոկոսն են կազմում։

-Լսարան-ինֆլուենսեր կապ պահու՞մ եք։

-Լսարանի հետ կապը պահում եմ։ Ես գրեթե ամեն շաբաթ անում եմ հարց ու պատասխան։ Շատ հաճախ քննարկումներ եմ կազմակերպում, և մարդիկ գրում են իրենց կարծիքը, մենք տվյալ կարծիքը քննարկում ենք։ Նաև նամակներին եմ շատ ուշադիր։ Իհարկե, չեմ հասցնում բոլորին պատախանել, բայց փորձում եմ հնարավորինս կապը պահել։

-Լինու՞մ են մարդիկ, ովքեր Ձեզ առանձին գրում, կարծիք են հարցնում որևէ հարցի վերաբերյալ։

-Շատ է լինում, երբ ինձնից կարծիք են հարցնում՝ իրենց կյանքի որոշակի դեպքի հետ կապված։ Հիմնականում ուզում են, որ իրենց լսեն՝ առանց քննադատելու, առանց մեղադրելու, խորհուրդ տան, գուցե կողքից իրենց կարծիքը հայտնեն։ Եթե իրենք ցանկանում են, ես խորհուրդ եմ տալիս իրենց կամ ուղղակի կարծիքս եմ հայտնում։

-Ավելի շատ ի՞նչ թեմաների շուրջ են Ձեզ հարցեր տալիս։

-Հիմնական թեմաները հարաբերություններն են ծնողների, ընկերների հետ, կամ ռոմանտիկ հարաբերությունները, նաև ինքնախնամքը, ինքդ քեզ ընդունելը, միայնակ ճամփորդելը, նաև սեռական կյանքի հետ կապված։ Բայց ամենաշատը հարաբերությունների մասին են հարցնում։

-Որպես ինֆլյուենսեր՝ ի՞նչ խնդրի եք բախվել։

-Կարծում եմ հիմնական խնդիրն այն է, որ ինֆլյուենսերները միշտ թիրախավորված են մարդկանց կողմից, և ինչ էլ անենք՝ լավ լինի, վատ լինի, միշտ քննադատություններ են հնչում։ Ես շատ-շատ եմ բացասական մեկնաբանություններ, նամակներ ստանում, ոչ միայն իմ գործունեության հետ կապված, ոչ միայն թեմայի հետ կապված, այլև իմ արտաքինի, իմ խոսելու ձևի, հագուկապի։ Այսինքն՝ մարդիկ կարծում են, որ եթե դու ունես որոշակի հետևորդների թիվ, եթե դու ինչ-որ չափով հանրային մարդ ես, ապա իրենք քեզ կարող են գրել այն, ինչ կուզեն։ Բացի դրանից, նաև կան ակնկալիքներ, պահանջմունքներ ինֆլյուենսերներից՝ հատկապես քաղաքական թեմաներով. մարդիկ ուզում են, որ վերջիններս խոսեն քաղաքական թեմայով, բայց երբ խոսում են, բողոքում են, որ խոսեցիր։ Միշտ ինչ-որ մեկը դժգոհ է, միշտ ինչ-որ մեկը բողոքում է, միշտ ինչ-որ մեկին դու դուր չես գալիս։

Ալյոնա Մուժիկյան

3-րդ կուրս

Կիսվել