Վիրաբույժ-երգիչ. Նարեկ Ամիրյան

Վիրաբույժ-երգիչ. Նարեկ Ամիրյան

742

Վիրաբույժ Նարեկ Ամիրյանը 3 ամիս է, ինչ իր ընտանիքի հետ Երևանից տեղափոխվել և բնակություն է հաստատել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Նա և իր կինը՝ Մանուշ Հովհաննիսյանը, ով ևս բժիշկ է (անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ), աշխատում են Սպիտակի բժշկական կենտրոնում: Նարեկ Ամիրյանը դեռ մանկուց էր որոշել դառնալ բժիշկ, և հետագա ճանապարհը նրան տարավ դեպի վիրաբուժություն:

«Փոքր տարիքից միշտ ասում էի, որ ուզում եմ դառնալ սրտի վիրաբույժ, իսկ մեծանալուց հետո որոշումս մեկն էր՝ ընդունվել ԵՊԲՀ: Բուհի 2-րդ կուրսից ինձ սկսեց ավելի շատ հետաքրքրել վիրաբուժությունը, և այդ շրջանից էլ սկսեցի ակտիվ ներգրավվել վիրաբուժական աշխատանքներում: Համալսարանը ավարտելուց հետո որոշումս մեկն էր, որ պետք է զբաղվեմ ընդանուր վիրաբուժությամբ»:

Նարեկի առաջին վիրահատության ժամանակ, ինչպես ինքն է նշում, զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Չնայած վիրահատությունը հեշտ անցավ և բավականին հետաքրքիր, սակայն վիրահատության վերջում նա ուշաթափվեց:

«Ես բավականին ոգևորված էի, սակայն այս դեպքից հետո սկսվեց առաջին անկումը վիրաբուժության մեջ, ինձ թվաց, որ սա առաջին դժվարությունն էր, իսկ ես չհաղթահարեցի: Այս դեպքից հետո նորից փորձեցի վիրահատությունների մասնակցել, օգնել, բայց վիրահատության արդեն սկզբում ինքնազգացողությունս վատացավ կրկին, և ես կոտրվեցի: Պահ եկավ, երբ ես ինքս իմ մեջ մտածեցի, որ կարծես այս մասնագիտությունը իմը չէ: Բայց անցավ ժամանակ, ես հաղթահարեցի և մեծ-մեծ քայլերով գնացի առաջ»:

Նա և իր կինը ապրել և աշխատել են Երևանում, սակայն հետագայում որոշեցին տեղափոխվել Հայաստանի որևէ մարզի բժշկական կենտրոն. մի քանի մարզ այցլելուց հետո վճռեցին տեղափոխվել Սպիտակ և աշխատել Սպիտակի բժշկական կենտրոնում: Նարեկը նշում է, որ սկզբնական շրջանում բավականին դժվար էր փոքր երեխայի հետ անծանոթ քաղաքում:

«Առաջին դժվարությունը բնակարան գտնելն էր: Պետք էր այնպիսի բնակարան, որը հարմարավետ կլիներ երեխայիս համար: Դժվարություններ շատ կային, բայց ժամանակի ընթացքում հաղթահարեցինք: Անձնակազմի հետ հեշտ մերվեցինք, իրենք էլ՝ մեզ հետ»:

Նարեկն այն բժիշկներից էր, որ պատերազմի առաջին իսկ օրերից եղել է Արցախում, նա այդ ժամանակ աշխատում էր Երևան քաղաքի շտապ բժշկական օգնությունում` որպես բրիգադի բժիշկ: Սեպտեմբերի 27-ին հերթական աշխատանքային հերթապահությունն էր, Նարեկը և իր կոլեգաները առաջին մեկնողներից էին Երևան քաղաքից: Բժիշկի կինը այդ ժամանակ գտնվում էր հղիության 8-րդ ամսում, այդ պատճառով նա ընտանիքին չէր տեղեկացրել իր մեկնելու մասին:

«Սկիզբից ուղևորվեցինք Գորիս և մտածում էինք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի նման մի քանի օր կտևի և կավարտվի: Իրավիճակը չէինք գիտակցում, բայց երբ հասանք Շուշիից Ստեփանակերտ տանող ճանապարհ, մեր գլխավերևում անօդաչու սարքեր էին պտտվում: Այդ ամենը տեսնելուց հետո մեր մարմնով սարսուռ անցավ, որովհետև չէինք պատկերացնում, թե ուր ենք գնում: Հասանք Ստեփանակերտ. արկերի անձրև, խառը վիճակ, վիրավոր զինվորներ»:

Նարեկի կինը՝ Մանուշը հետո տեղեկացավ, որ իր ամուսինը գտվում է Ստեփանակերտում: Ընտանիքի համար դժվար էր, բայց Նարեկի համար ավելի շատ, որովհետև իր տնից ամեն անգամ դուրս գալը ուղեկցվում էր լացով: Հոկտեմբերի 8-ը Նարեկի համար ճակատագրական էր, այդ օրը ծնվեց իր որդին՝ Մարկը, բայց ո՛չ կինը, ո՛չ մայրը, ո՛չ նորածին որդին չկարողացան կանգնեցնել Նարեկին. որդու ծնվելուց 3 օր անց նա վերադարձավ Արցախ:

Նոյեմբերի 6-ին նրանց շտապ օգնության մեքենան ենթարկվեց հարձակման, և Նարեկը սատացավ շատ ծանր վիրավորում, բայց նրա վիրաբույժ ընկերները փրկեցին իր կյանքը:

«Այդ վիրավորումից հետո իմ կյանքում շատ բան փոխվեց: Հիմա արժևորում եմ ամեն ապրած պահը, նկատում եմ այն, ինչի վրա երբեք ուշադրություն չեմ դարձրել»:

Նարեկը ոչ միայն լավ վիրաբույժ է, այլ նաև ունի հիանալի ձայնային տվյալներ: Պատերազմի թողած ցավը ինչ-որ չափով հաղթահարելուց հետո նա մասնակցում է «Ուկրաինական ձայնը» երաժշտական հեռուստանախագծին, որտեղ հիացնում է ժյուրիներին և հանդիսատեսին: Թե ինչու ընտրեց հենց այդ նախագիծը, Նարեկը պատասխանում է.

«Մեծ երազանք կար ինչ-որ օտար երկրի ձայնը նախագծին մասնակցելու, որովհետև այնտեղ տաղանդները ցուցադրելու հնարավորությունները մեծ են: «Ուկրաինական ձայնին» միշտ հետևել եմ, հավանել, և կար երազանք՝ հայտնվել այդ բեմում: Էլի ոչ ոքի չէի ասել, դիմեցի, բայց հույս չունեի, որ կանցնեմ: Մեկ ամսից ինձ նամակ եկավ, որ անցել եմ փուլերից մեկը, և հաղթահարելով մի քանի փուլեր, հասա կույր լսումներ»:

Նարեկ Ամիրյանը կատարեց Nessun dorma երգը, նա այդ ընթացքում մտածում էր գոնե մեկ ժյուրիի պտտվելու մասին, բայց պտտվեցին բոլոր ժյուրիի անդամները:

«Ելույթիս վերջում, երբ բարձրացրեցի գլուխս և տեսա՝ բոլորը պտտվել են, աննկարագրելի էմոցիաներ էին: Ինձ միշտ հարցնում են՝ հիմա վիրաբու՞յժ, թե՞ երգիչ, իսկ ես նշում եմ՝ վիրաբույժ-երգիչ: Այս պահին մասնագիտական ուղղությամբ եմ խորացված զբաղվում, երգը մի փոքր հետին պլանում է մնում, բայց շուտով երգը ևս կգա և կհավասարվի վիրաբուժությանը»:

Նարեկի կինը՝ Մանուշ Հովհաննիսյանը նշում է, որ ընտանիքում նա բավականին պատասխանատու է, իր մասով փորձում է ամեն ինչ հասցնել: Մեկ ընտանիքում երկու բժիշկ լինելու փաստը իրենց երբեք չի խանգարել, հակառակը՝ օգնել է:

«Մենք ուսանող տարիներից սովորել ենք միասին, իրար լավ ճանաչում ենք: Միայն կարող է ժամային գրաֆիկը, ծանրաբեռնված աշխատանքը ինչ-որ չափով խանգարել մեզ: Աշխատավայրում և տանը միասին լինելը մեզ չի հոգնեցնում: Ընտանիքում և հիվանդանոցում մեր շփումը բավականին տարբերվում է: Մենք հիվանդանոցում երկու անկախ մասնագետ ենք, իսկ ընտանիքում արդեն սիրող ամուսիններ»:

Առաջիկա 5 տարին Նարեկը պլանավորել է մնալ Սպիտակի բժշկական կենտրոնում՝ նպատակ ունենալով այնտեղ զարգացնել ժամանակակից լապարոսկոպիկ վիրաբուժությունը: Նարեկը երաժշտության և վիրաբուժության մեջ չի պատրաստվում ընտրություն կատարել, խոստանում է, որ երգի ասպարեզում իր կողմից սպասվում են նորություններ:

Սյունե Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել