Կոռուպցիոն ռիսկեր «Հայ Փոստ»-ի ներսում և դրսում

Կոռուպցիոն ռիսկեր «Հայ Փոստ»-ի ներսում և դրսում

555

«Հայ Փոստ»-ի գլխավոր մասնաշենքի հնարավոր կազմաքանդումը, նրա նախկին գործադիր տնօրենի աշխատանքից ազատվելը և «Հայ Փոստ»-ում «խծբ» կադրերի նշանակումը։

«Հայ Փոստ»-ի՝ Մարտիրոս Սարյան փողոցի մասնաճյուղի շենքը (Սարյան 22) օտարման եզրին է։ Այս մասին «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը իր  «Facebook»-յան էջում է գրել։
Խնդիրն այն է, որ շենքը քանդելուց և վերակառուցելուց հետո այն այլևս չի ծառայելու հանրության շահերին։ Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ «շենքը քանդելու ու դրա փոխարեն ավելի բարձր և շքեղ շենք կառուցելու գաղափարը պատկանում է կոնկրետ գործարարի և այդ գործարարի հետ աֆիլացված պետական բարձրաստիճան պաշտոնյաների»: «Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Սարյան փողոցի վրա գտնվող «Հայփոստի» բարձրահարկ շենքը մասնավորեցվում է որպես բնակֆոնդ:
Ըստ նույն լուրերի, այդ ամենի թիկունքում կանգնած է սուսիկ-փուսիկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աղբյուրը տեղեկացնում է, որ այս ամենը արվում է պարոն Գրիգորյանին հնարավորինս հաճոյանալու համար, քանի որ վերջինս ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններում ամեն ինչ անում է այնպես, ինչպես հրամայում է իր ղեկավարի սիրտը:

Ով ընդդիմացավ այս գաղափարին, և ինչ պատահեց նրա հետ

Ըստ մեր առաջին աղբյուրի, «Հայ Փոստ»-ի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը համաձայնություն չի տվել այս գաղփարին, իսկ արդեն 2022 թվականի հուլիսի 25-ին Հայկ Կարապետյանը իր «Facebook»-յան էջում գրեց, որ իր և «Հայ Փոստ»-ի համագործակցությունը ավարտվում է։ Այդ օրերին մամուլում լուրեր էին տարածվել, որ Հայկ Կարապետյանին մեղադրում են իբրև կոռուպցիայի մեջ։ Այս ամենին ի պատասխան Կարապետյանը իր «Facebook»-յան էջում գրել էր․
«Ինչքան Իլոն Մասկը կապ ունի ոչխարաբուծության հետ, այդքան էլ Հայկ Կարապետյանը կապ ունի կոռուպցիայի և չարաշահման հետ»:

Քանի որ շենքի օտարման լուրերը դեռ Կարապետյանի ժամանակ էին պտտվում, 168․am-ը հարցում էր ուղարկել «Հայ Փոստ»-ին․ արդյոք իրենք տիրապետում են նման տեղեկատվության, թե՞ ոչ: Եթե, ամեն դեպքում, շենքը դրվի աճուրդի՝ մասնակցելո՞ւ են դրան, թե՞ ոչ, և եթե` այո, ապա որտեղի՞ց են գումար ներգրավելու:
Այս հարցմանը ի պատասխան «Հայ Փոստ»-ը գրել էր․ «Սարյան 22 հասցեում գտնվող բարձրահարկ շենքի միայն 60 տոկոսն է պատկանում «Հայփոստ» ՓԲԸ-ին, մնացած մասը պատկանում է Պետական գույքի կառավարման կոմիտեին: «Հայփոստ» ՓԲԸ-ն կառավարությանը ներկայացրել է հայեցակարգ, որը մշակել է միջազգային KPMG ընկերության խորհրդատվությամբ, և որի համաձայն՝ շենքը չի քանդվելու, պահպանվելու և զարգանալու է որպես հասարակական նշանակության շենք՝ մնալով պետական սեփականություն: Ինչ վերաբերում է հնարավոր աճուրդին «Հայփոստի» մասնակցության հարցին, ապա եթե աճուրդը կայանա, մենք մասնակցելու ենք, ներգրավելու ենք վարկային միջոցներ: Պետական միջոցներ չեն ներգրավվելու»:
168․am-ը նաև հավելում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ «Հայփոստի» զարգացման նպատակով ընկերությունը համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ ծրագիր է մշակել՝ հիմնված աշխարհի լավագույն փոստային ծառայությունների փորձի վրա: Զարգացման ծրագրերի շարքում նաև կենտրոնական մասնաշենքի վերանորոգումն է։ Այս մասին Հայկ Կարապետյանը գրել էր նաև իր «Facebook»– յան էջում։

Ստացվում է, որ Հայկ Կարապետյանը ոչ միայն չէր ցանկանում վաճառել շենքը, այլ նաև ցանկանում էր այն վերակառուցել։ Սակայն քաղաքային իշխանությունը չհաստատեց այդ նախագիծը։ Այս մասին իր «Facebook»-յան էջում գրել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Միգուցե չհաստատելու պատճառներից մեկն էլ այն էր, որ այս շենքի հետ կապված արդեն կար այլ պլաններ։

journalist.am-ը հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ ճշտելու՝ արդյոք ստացել են վերջին հինգ տարիների ընթացքում «Հայ Փոստ» ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքի կազմաքանդման կամ ձևափոխման նախագծեր կամ առաջարկություններ։ Մեր հարցմանը ի պատասխան քաղաքապետարանից հայտնեցին․
«Նշված ժամանակահատվածում Սարյան 22 հասցեում գտնվող «Հայ Փոստ» ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքի տեղում քաղաքաշինական ներդրումային ծրագրերի իրականացման հարցը ուսումնասիրելու, քննարկելու և դիրքորուշում հայտնելու նպատակով Երևանի քաղաքապետարանում գրություններ ստացվել են ՀՀ Վարչապետի աշխատակազմի կողմից, որոնք մուտքագրվել են Երևանի քաղաքապետարանի «Էլփաս» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում։
Տեղեկացնում եմ նաև, որ վերոնշյալ հարցի առընչությամբ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում հայտնել է իր դիրքորոշումը»:
Ստացվում է, որ «Հայ Փոստ»-ը չի դիմել քաղաքապետարանին նման հարցով, այն ինչ, կա և՛ Հայկ Կարապետյանի պաշտոնական հայտարարությունը, և՛ քաղաքապետարանի աշխատակցի պաշտոնական արձագանքը։

«Հայ Փոստ»-ի գլխամասի կառուցապատման նախագիծը՝ ըստ Հայկ Կարապետյանի թիմի

journalist.am-ը նաև մեկական հարցում է ուղարկել «Հայ Փոստ» և Պետական գույքի կառավարման կոմիտե հետևյալ հարցադրումներով.

1․Ո՞ր կառույցներն են պատասխանատու «Հայ Փոստ»-ի գլխավոր մասնաշենքի հետագա կարգավիճակի համար։

2․Կա՞ հստակ որոշում վերոնշյալ շենքի ապագայի վերաբերյալ, եթե կա, ապա ի՞նչ որոշում է, և ի՞նչ իրավական հիմք այն ունի։

Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացանք հետևյալ պատասխանը․

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի, «Ռենշին» ՍՊԸ-ի, «Համաշխարհային առևտրի կենտրոն ասոցիացիա» կորպորացիայի և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի միջև կնքվել է Երևան քաղաքի Սարյան 22 հասցեում գտնվող շենքի հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան հուշագիր, որի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով առաջարկում ենք դիմել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։

«Հայ Փոստ»-ից մեր հարցմանը ի պատասխան հայտնեցին․

«Սարյան 22 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից մինչև 9-րդ հարկը և 17-րդ հարկը սեփականության իրավունքով պատկանում է «Հայ Փոստ» ՓԲԸ-ին։ Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի Սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով և այլ իրական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունք է՝ իր հայեցողությամ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը։

Ինչ վերաբերվում է 2-րդ հարցադրմանը ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի  պահանջվածը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք»։

Հատկանշական է, որ պետգույքի կառավարման կոմիտեն մեր 2-րդ հարցադրմանը պատասխանել է մասամբ, իսկ մանրամասն տեղեկության համար հղում է կատարել Էկոնոմիկայի նախարարությանը, բայց «Հայ Փոստ»-ը այն համարել է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություն։

Շարունակելով հետազոտությունները՝ հարցում ուղարկեցինք նաև Էկոնոմիկայի նախարարություն․

1․ Ի՞նչ հուշագիր է կնքվել վերոնշյալ կազմակերպությունների միջև (ըստ պետգույքի կառավարման կոմիտեի)։

2․ Ի՞նչ իրավական հիմք ունի այն և ի՞նչ իրավական փաստաթուղթ գոյություն ունի դրա վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարարությունից մեզ հայտնեցին․

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի և «Ռենշին» ՍՊԸ-ի միջև Հայաստանի Հանրապետության Երևան համայնքում ներդրումային ծրագրի իրականացման նպատակով «Մտադրությունների մասին հուշագիրը» դեռևս գտնվում է քննարկման փուլում։

Այպիսով, մենք չստացանք հստակ պատասխան շենքի ապագայի վերաբերյալ, բայց կարող ենք ենթադրել, որ շենքի կազմաքանդման լուրերը ճիշտ են։

Ինչ փոփոխություններ կատարեց Հայկ Կարապետյանը իր պաշտոնավարման տարիներին

2020թ.-ին, հեղափոխությունից հետո մրցույթի արդյունքներով ՀայՓոստ ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվում Հայկ Կարապետյանը: Կարապետյանը գործադիր տնօրեն դառնալուց հետո իր թիմի հետ մշակեց հնգամյա զարգացման ռազմավարության պլան և սկսեց բարեփուխումների շարք։ Մինչև Հայկ Կարապետյանի նշանակումը, «ՀայՓոստ»-ը ՄԱԿ-ի Համաշխարհային փոստային միության (Universal Postal Union-UPU) վարկանիշով զբաղեցնում էր աշխարհում 80-րդ հորիզոնականը։ 2021 թվականին արված բարեփոխումների արդյունքում «Հայ Փոստ»-ը բարելավեց իր դիրքը 32 հորիզոնականով և արդեն զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը։ Այս ցուցանիշով «Հայ Փոստ»-ը առաջ անցավ թե՛ Ադրբեջանից, թե՛ Վրաստանից։

Ինչ կատարվեց Հայկ Կարապետյանից հետո

Կարապետյանից հետո «Հայ Փոստ»-ի գործադիր տնօրեն է նշանակվում Արայիկ Աբրահամյանը։

Աբրահամյանի գործադիր տնօրեն նշանակվելուց հետո, ըստ Հովսեփ Խուրշուդյանի, էապես կրճատվեցին աշխատակիցների վարձատրման բոնուսային համակարգերը, ատեստավորումից կտրված կադրերը վերականգնվեցին աշխատանքի, փոստի երեքանգամյա փոխանակումը վերածվեց երկուանգամյաի, մարզկենտրոններում փակվեցին փոստի փոխանակման կենտրոնները, «Հայ Փոստ +» հավելվածը կասեցվեց։

Ովքեր են Արայիկ Աբրահամյանի նշանակած նոր կադրերը

Պրոդուկտների կառավարման և զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել Արտակ Ղուլյանը, ով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգնական Արմեն Մարկոսյանի ընկերն է։

Գլխավոր գործադիր տնօրենի խորհրդական նշանակվեց նույն Արտակ Ղուլյանի եղբայրը՝ Արտյոմ Ղուլյանը։

ԲՏԱ նախարարության կողմից «Հայ Փոստ»-ի դիտորդ խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի օգնական Արմեն Մարկոսյանի հայրը, ով իր հերթին Վահագն Խաչատուրյանի ընկերն է։

Կոմերցիոն տնօրենի պաշտոնում նշանակվում է Գևորգ Չամյանը, որը ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանի ընկերն է։

«Հայ Փոստ»-ի լոգիստիկայի գծով խորհրդական է նշանակվում ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ եղբայրը՝ Արմեն Մուրադյանը, ով մինչ այդ աշխատել է «Կոկա-Կոլա»-ում, որպես առաքիչ։

Առնվազն տարօրինակ է, երբ այսքան բարեփոխումներ կատարած անձը մեղադրվում է կոռուպցիայի մեջ, և այն էլ առանց հիմքերի։ Առավել տարօրինակ է, երբ այս ամենը ի հայտ է գալիս այն բանից հետ, երբ Հայկ Կարապետյանը չի համաձայնվում «Հայ Փոստ»-ի գլխավոր մասնաշենքի օտարման գաղափարի հետ և հայտնում է շենքի վերանորոգման ցանկության մասին։ Իսկ «Հայ Փոստ»-ի գլխավոր մասնաշենքի հարցը մնում է անորոշ:

Արշակ Հայրապետյան

3-րդ կուրս

Կիսվել