«Դասական գողություն է և խարդախություն». դեսպանատներում օր ամրագրելը վերածվել է շահութաբեր առևտրի

«Դասական գողություն է և խարդախություն». դեսպանատներում օր ամրագրելը վերածվել է շահութաբեր առևտրի

270

Վերջին ամիսներին հաճախ ենք լսում Հայաստանում գործող տարբեր դեսպանատների մասին, որտեղ օր ամրագրելու համար պետք է ամիսներով հերթի սպասել, կամ դիմել տուրընկերությունների, որոնք քո փոխարեն դեսպանատանը օր կամրագրեն։ Սակայն ոչ միշտ է, որ ընկերությունները պատշաճ են կարողանում մատուցել իրենց ծառայությունը, երբեմն նույնիսկ այդ ծառայությունը կարող է շատ թանկ արժենալ և, քաղաքացիների համոզմամբ, այն վերածվել է շահութաբեր առևտրի։

Իսկ ի՞նչ են անում մարդիկ տվյալ պարագայում։

Ինչպես հաջողվեց պարզել, շատերը սոցցանցերում, մասնավորապես ֆեյսբուք սոցիալական ցանցում, հայտարարություններ են տեղադրում, խնդրում օգնություն՝ դեսպանատանը օր ամրագրելու համար: Սոցցանցերում  կան փակ խմբեր, որտեղ մարդիկ տարածում են իրենց հայտարարությունները, դրա միջոցով էլ հայտնվում են տարբեր տուրօպերատորներ, ովքեր որոշակի գումարի դիմաց խոստանում են շուտափույթ օր ամրագրել։ 

Իսկ ինչպե՞ ս է դա տեղի ունենում։

Օգտատերերը տարակուսված  հայտարարություններ են տարածում, որ ցանկանում են տվյալ դեսպանատանը օր ամրագրել, սակայն չի ստացվում, կամ բողոքում են, որ գրանցվելու ժամանակահատվածը շատ սուղ է, երբեմն նաև ժամերն են անհասկանալի։ Այդ  ընթացքում հայտնվում են անծանոթ մարդիկ, ովքեր խոստանում են անպայման օգնել (խոսքը  տվյալ տուրօպերատորների մասին է), արդյունքում նախապես ամրագրած օրերը  վաճառում են  օգտատերերին, և այդ ծառայության համար պահանջում են 15 000 դրամից մինչև 50 000 դրամ:

Այս թեմայի շուրջ բողոքները  բազմաթիվ են՝ ահազանգում են շատ քաղաքացիներ։

Թեմայի շուրջ կատարված հետաքնությունից պարզ դարձավ, որ տուրընկերության աշխատողները դեսպանատներում օրերն ամրագրում են գիշերվա ժամերին, հիմնականում մի քանի վարկյանների ընթացքում:

Ֆեյսբուքյան հարթակը ողողված է օգտատերերի գրառումներով և դժգոհություններով, նույնիսկ նրանցից մեկը իր գրառման մեջ նշել էր, որ տուրօպերատորները գիշերը 3-ին նստում են Գերմանիայի դեսպանատան համար տեղ են վերցնում, և հետո այն վաճառում 20-30 հազար դրամով:

«Ոնց է ստացվում 30 վարկյանում բոլոր 5 տողերը լրացնել կամ copy-paste անել, պատկերված կոդը հավաքել և ամրագրում տալ: Նախկինում ես միշտ մեկից մեկ բռնում էի այդ տեղերը մեկ րոպեում, այս տարի 3-րդ օրն է կես րոպեյվա մեջ չեմ տեղավորվում: Թե չէ ԳԴՀ օնլայն վիզա appointment համակարգը, ոնց որ մարդուն ձեռք առնի, գիշերը 3-ին մտի ու կես րոպեյվա մեջ կարաս տեղդ պոկես «գռդոնչիներից», պոկի, չէ, ուրեմն մուծվի: Ոչ մեկին նեղացնելու միտք չունեի, ուղղակի ամեն ինչ վերածվել ա “крысинные бега” կինոի, մեզ էլ դարձրել են այդ կինոի միջի կերպարներից: Կան շատ մարդիկ, ովքեր հեչ էլ չեն ուզում այս ԳԴՀ-ի խաղերին մասնակցել»,- ֆեյսբուքյան հարթակում նշել է օգտատերը։

Հարկ ենք համարում նշել, որ տվյալ գործընթացը որևէ պետական մարմնի կողմից չի վերահսկվում։ Հիմա շատ հաճախ կարող ենք ականատես լինեն, թե ինչպես են հետևյալ բովանդակությամբ հայտարարությունները սնկի պես տարածվում համացանցում։

«Սիրելի  հաճախորդներ, եթե ցանկանում եք այցելել ձեր իսկ երազանքի երկիրը, սակայն չեք կարողանում ստանալ տվյալ երկիր մեկնելու համար անհրաժեշտ վիզա, դա մենք կանենք ձեր փոխարեն հաշված օրերի ընթացքում։ Սիրով սպասում ենք բոլորիդ՝  միասին բացահայտելու ձեր իսկ երազանքի երկիրը»։

Տվյալ հայտարարությունները շատերին են գրավում, շատերի համար էլ սովորական բնույթ են կրում, սակայն սա հանրության շրջանում իրենից  լուրջ խնդիր է ներկայացնում։

Ուսումնասիրելով տարբեր հարթակներ՝ ականատես եղանք, որ մեկ այլ օգտատեր էլ իր գրառման մեջ նշել էր. «Թող տուրիստական գործակալությունների աշխատակիցները չնեղանան, բայց դեսպանատան ընդունելության ժամերն ամրագրելն ու վաճառելը դասական գողություն է և խարդախություն»։

Օգտատերերը չեն բացառում նաև, որ որոշ տուրընկերություններ դեսպանատների հետ ներքին պայմանավորվածություն ունեն և նախապես տեղեկանում են, թե որ օրվա, որ ժամին է ազատ տեղ բացվելու։ Ըստ օգտատերերի կողմից առաջ բերած վարկածի՝ պայմանավորվածություններից զատ, տուրօպերատորները դեսպանատների կողմից գումար են ստանում, որպեսզի մատուցեն տվյալ ծառայությունը, ինչպես նաև համագործակցություններ կան այլ պետական մարմինների հետ, դա է խնդիրը, որ ոչ մեկը չի անդրադառնում այս օր օրի սրվող հարցին։

Մյուս կողմից էլ ընկերությունները տվյալ ծառայությունը չեն ձևակերպում որպես վաճառք, այլ նշում են, որ թարգմանություններ են արել, քաղաքացու փոխարեն փաստաթղթեր լրացրել, ասվում է, որ գրեթե յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի չի կարողանում լիարժեք դասավորել իր բոլոր փաստաթղթերը, իսկ իրենք ուշադրություն են դարձնում ամեն բանի, նույնիսկ այն թղթերին, որոնք կարող են երկրորդական լինել։ Դա է պատճառը, որ իրենք կարողանում են առանց որևէ խնդրի օր ամրագրել։   

Կարողացանք ուղիղ կապ հաստատել նաև տվյալ ծառայությունից օգտվող հաճախորդներից մեկի հետ, ով նախընտրեց անանուն մնալ և մեզ հետ զրույցում պատմեց, որ արդեն երկար ժամանակ է չի ստացվում դեսպանատանը օր ամրագրելը, ստիպված է եղել վճարել ուրիշին։ 

«Մոտ 2-3 տարի առաջ ես ինքս ինձ համար շատ հեշտությամբ օր էի ամրագրում  առանց որևէ խնդրի։ Սակայն հիմա դա դարձել է երազանք, քանի որ շատերը որոշել են մեր հաշվին գումար աշխատել։ Նույնիսկ մեկ անգամ, երբ ստիպված վճարում կատարեցի, որ իմ համար օր ամրագրեն, նստած սպասում էի թե ե՞րբ ու ինչպե՞ս է լինելու դա, քանի որ ինձ ասել էին, որ իրենք գիշերը կկարողանան ամրագրել։ Ես ամբողջ գիշեր սպասեցի, որ համակարգը բացվի, բայց  այդպես էլ չբացվեց, սակայն առավոտյան ինձ ասացին, որ իմ օրը ամրագրված է արդեն։ Դա ինչպե՞ս  է տեղի ունեցել, ո՞վ կարող է ինձ բացատրել, այլևս չեմ հավատում ոչ մի հեքիաթի, սա նոր խարդախություն է և օր օրի աճող նոր բիզնես է, որին ստիպված հարմարվում ենք բոլորս»,-նշեց զրուցակիցը։

Այս դժգոհությունների ֆոնին  դիմցինք Զբոսաշրջության պետական կոմիտե, որտեղից տեղեկացրին, որ ապացույցներ չկան, որ տուրընկերություններն, այսպես ասած, «օրեր են վաճառում»: Մյուս կողմից՝ իրենք ևս հայտնեցին, որ այս խնդրի շուրջ բազմաթիվ բողոքներ են ստացել քաղաքացիներից, որոնք անմիջապես փոխանցել են Արտաքին գործերի նախարարությանը, սակայն անարդյունք։ Նշեցին, որ պետական այս կառույցից զբոսաշրջության կոմիտեն դեռևս համարժեք արձագանք չի ստացել:

Էլիզա Գրիգորյան

Մագ. 1-ին կուրս

Կիսվել