Ճանապարհորդություն դեպի բնություն՝ հանուն բնության

Ճանապարհորդություն դեպի բնություն՝ հանուն բնության

453

Էկոտուրիզմ. զբոսաշրջության տեսակ, որը նախատեսված է բնության պահպանման, մշակութային արժեքների ճանաչման համար։ Քսաներորդ դարի վաթսունականներին առաջ եկած այս տերմինը այսօր աշխարհում մեծ տարածում է գտել։ Համաշխարհային զբոսաշրջության մեջ մեծ կարևորություն ունեցող այս ճյուղի մասին ենք զրուցել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ.գ.թ․  Գայանե Թովմասյանի հետ։

-Ի՞նչ խնդիր է լուծում էկոզբոսաշրջությունը աշխարհում։

-Էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության կարևոր տեսակներից մեկն է։ Սկզբնական շրջանում սա հիմնականում բնության հատուկ պահպանվող տարածքներ այցելությունն էր: Էկոզբոսաշրջությունը միջոց է, որով փորձում ենք պահպանել բնությունը, բնական ռեսուրսները, մարդկանց մեջ ձևավորել համապատասխան բնապահպանական վարքագիծ: Այս տեսանկյունից կարևոր է մարդկանց բնապահպանական դաստիարակության և կրթության ապահովումը։


-Աշխարհում կարծես թե էկոզբոսաշրջության աճ է նկատվում։ Կարելի՞ է ասել, որ արագ զարգացող ճյուղի մասին ենք խոսում։

-Այո, անշուշտ։ Էկոզբոսաշրջության տարեկան աճը գնահատվում է 20-30%, իսկ միջազգային տուրիզմում եկամուտների 10-20% բաժին է ընկնում հենց էկոտուրիզմին: Կոստա Ռիկայում, օրինակ, էկոզբոսաշրջությունից ստացված եկամուտները տարեկան հասնում են 650 միլիոն դոլարի:


-Ինչքանո՞վ է զբոսաշրջությունը հարմար ոլորտ բնապահպանական արշավ իրականացնելու համար։

-Զբոսաշրջությունն այն ոլորտներից է, որը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ բնության վրա: Առհասարակ, զբոսաշրջությանը բաժին է ընկնում ածխածնի երկօքսիդի համաշխարհային արտանետումների 5 տոկոսը, որի շուրջ 75 տոկոսը բաժին է ընկնում ավիատրանսպորտին, 20-25 տոկոսը՝ հյուրանոցային արդյունաբերությանը:  Իսկ բնությունը զբոսաշրջիկներին գրավելու միջոց է։ Այս առումով կարևորվում է բնության, կենսաբազ­մա­զանության պահպանությունը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը և այլն։ Մարդիկ գիտակցում են այդ ամենը, փնտրում են հյուրանոցներ, որոնք փորձում են նվազագույնի հասցնել իրենց գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ էկոհյուրանոցներ կամ հյուրանոցներ, որոնք ունեն ներքին բնապահպանական քաղաքականություն, կանաչ սերտիֆիկատներ:


-Հայաստանում զբոսաշրջության այս ձևը ավելի երիտասարդ է։ Ի՞նչ հեռանկարներ կան այս ոլորտի համար։ 

-Հայաստանում էկոզբոսաշրջության զարգացման համար կան բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ գեղատեսիլ լեռնային լանդշաֆտ, հարուստ բուսական և կենդանական աշխարհ, ալպյան մարգագետիններ, բարենպաստ կլիմայական պայմաններ, մշակութային մեծ ժառանգություն, 232 բնական հուշարձան։ Մեր երկրի տարածքի 13%-ը բնության հատուկ պահպանվող տարածքներ են: 2015թ. ՀՀ Բնապահպանության (այժմ՝ Շրջակա միջավայրի)  նախարարությունում բացվեց Էկոզբոսաշրջության աջակցության և զարգացման բաժինը, որը պատաս­խա­նատու էր ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոզբոսաշրջության խթան­ման համար: Նրանց կողմից մշակվել են էկոզբոսաշրջության զարգացման երթուղիներ, ինչը էական հեռանկարներ է ստեղծում: 


-Ամեն դեպքում, մեզ մոտ էկոտուրերը այդքան էլ պահանջված չեն։ Ի՞նչ խոչընդոտներ ու մարտահրավերներ կան այս ոլորտում։

-Առաջին հերթին պետք է բնակչության էկոկրթութ­յան և գիտակցության մակարդակը բարձրացնել։ Բնության հանդեպ սերը պետք է սերմանել մանկուց, որպեսզի համապատասխան էկովարքագիծ ձևավորվի: Շատ կարևոր է նաև դպրոցներում այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, դասընթացների, էկոտուրեր կազմակերպել: Խոչընդոտ է նաև ոլորտի զարգացման ռազմավարության բացակայությունը։ Սրանք հարցեր են, որ պետք է ուշադրության արժանանան։

Նարե Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել