Օրենքի նոր կարգավորումները կնպաստեն առանց ծնողի խնամքի մնացած երեխաների որդեգրման գործընթացի կազմակերպմանը

Օրենքի նոր կարգավորումները կնպաստեն առանց ծնողի խնամքի մնացած երեխաների որդեգրման գործընթացի կազմակերպմանը

482

Այժմ ՀՀ-ում  գործող 5 մանկատներում խնամք է ստանում 594 երեխա, նրանցից որդեգրման ենթակա է 230-ը: ԱՍՀՆ – ի տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 2022թ․ որդեգրվել է որդեգրման ենթակա 20 երեխա։

Ո՞ր երեխաներն են ենթակա որդեգրման

Օրենքի համաձայն որդեգրման ենթակա են այն երեխանները, որոնց միակ ծնողը կամ ծնողները՝

ա) մահացել են,

բ) զրկված են ծնողական իրավունքից,

գ) դատական կարգով ճանաչված են անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,

դ) տվել են որդեգրման գրավոր համաձայնություն,

ե) մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն բնակվում և, չնայած խնամակալության և հոգաբարձության մարմինների նախազգուշացմանը, խուսափում են երեխայի դաստիարակությունից ու խնամքից, երեխայի նկատմամբ չեն դրսևորում ծնողական հոգատարություն և ուշադրություն,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Օրենսդրական կարգավորումը

Մանկատներում խնամքի տակ գտնվող երեխաների վերաբերյալ վիճակագրական տվյալներից երևում է, որ շատերից նրանց կենսաբանական ծնողներն իրավաբանորեն չեն հրաժարվում։ Արդյունքում` երեխան փաստացի մնում է առանց ընտանիքի ու ծնողների, պետությունն էլ զրկվում է երեխային այլ` որդեգիր կամ խնամատար ընտանիքի հանձնելու իրավունքից։ Օրենսդրական խնդիրները կարգավորելու և երեխաների իրավունքներին ուղղված ընթացակարգերը պարզեցնելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մշակել է ՀՀ ընտանեկան օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ իրականացնելու մասին  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ, ըստ որի, իրականացվում է ապաինստիտուցիոնալացման ռազմավարությունից, դա ենթադրում է, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապահովվի ընտանիքով: Օրենսդրությամբ նախատեսվում է, որ իրավաբանորեն ծնող ունեցող, բայց իրականում ծնողական խնամքից զուրկ երեխաների հարցով մանկատունը պետք է դիմի դատարան` ծնողներին «անհայտ բացակայող» ճանաչելու համար, որից հետո երեխան իրավունք կստանա նոր ծնողներ ունենալու` մեծանալու որդեգիր կամ խնամատար
ընտանիքում։

Գավառի մանկատանը այժմ խնամք է  ստանում 8-18 տարեկան 58 երեխա, որից 33-աղջիկ, իսկ 25՝ տղա, ընդորում երեխաներից 23-ն ունեն մտավոր հետամնացություն: Մանկատան սաներից որդեգրման ենթակա են 5-ը, ովքեր 12 տարեկանից բարձր տարիքի են, որդերգման համար դիմողներ ևս կան, սակայն հիմնականում փոքր տարիքի երեխաներ են ցանկանում որդեգրել:

«Երեխաների ծնողներին գտնելու և նրանց  ընտանիք վերադարձնելու մեր պետության որդեգրած քաղաքականության շրջանակում պատվիրակված ծառայությունները իրականացնելու ընթացքում շատ դեպքեր են եղել, որ ծնողին գտնում ենք, ասում ենք, որ կօգնենք,   շատ ՀԿ-ներ ևս ասում են, որ կօժանդակեն երեխայի խմանքի համար, բայց ծնողները ասում են չեմ կարող պահել, մի քանի տարի ժամանակ է պետք, հարցեր կան կարգավորելու»,- նշում է Գավառի մանկատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Խանդանյանը:

Նմանատիպ իրավիճակները երեխաների մոտ բերում են խռովության, ինչպես նաև չարության՝ մեկը մյուսի հանդեպ, Գավառի մանկատան սոցմանկավարժ Արփինեն պատմում է .

«8-9 տարեկան տղա երեխաներ ունենք մեր մոտ, տեղափոխվել են «Մանկան տնից», մայրը երբևիցե չի հայտնվել, իսկ վարչական շրջանը տվել է, որ հորը «անհայտ բացակայող» ճանաչեն, երեխաները տեղափոխվել են Գավառի մանկատուն: Տեղափոխվելուց 3 ամիս հետո, ինչ-որ մեկը կանգնեց միջանցքում, ասաց, որ նրանց մայրն է, թեև երեխաները չէին ճանչում, ու վախեցած էին, բայց արտաքին նմանությունից ակնհայտ երևում էր, որ ծնողն է: Ասաց, որ ավտովթարի է ենթարկվել, գալու է երեխաներին տանի, համարը թողեց և գնաց: Դրանից հետո ինչքան զանգել ենք, անհասանելի է եղել, երեխաներն էլ  տեսնում են, որ ուրիշները իրենց ծնողների հետ  հեռախոսով խոսում են ու անընդհատ հարցնում են՝ բա իրենք ե՞րբ են խոսելու:Մի քանի անգամ, երբ զանգել են, մայրը անհասանելի է եղել, մնացած երեխաների ներկայությամբ ձևացրել են, թե իրենք ևս խոսում են: Այստեղ հարց է առաջանում՝ 2 տարի հետո այդ երեխանների մոտ սկսվում է դեռահասության փուլը, նրանք գիտակցում են, որ իրենց զանգին պատասխանող չկա, իրենք չեն չարանա՞ մյուս երեխաների նկատմամբ. հենց այստեղից էլ սկսվում է չարությունը»:

Նման իրավիճակները  բազմաթիվ խնդիրների առաջացման պատճառ կարող են դառնալ, մանկական հոգեբանների խոսքով ծնողներից երկար ժամանակ բաժանման մեջ գտնվող  և չշփվող երեխաների մոտ կարող են առաջանալ վարքի շեղումներ, իսկ  դրանք հետագայում կարող են հիմք հանդիսանալ հոգեկան խանգարումների համար:

Գավառի մանկատան սաներից շատերը ունեն ամուսնալուծված ծնողներ, որոնց ծնողական  իրավունքները ինչ-ինչ պատճառներով սահմանափակված են, բայց նրանց ադզեցությունը երեխաների վրա լիարժեք սահմանափակելն անհնար է.

«Ունեն «կիսագողական» ծնողներ, քեռիներ, վատ վարք ունեցող մայրեր, իրենց ազդեցությունը այս երեխանների վրա մեկ է էլի մնում է, ունենք երեխաններ  սոցիալապես անապահով կարգավիճակով,  ծնողական իրավունքները սահմանափակված, իրավունք չունենք թույլ տալ, որ ծնողների հետ շփվեն, բայց 18-ից հետ էլ չես կարող արգելել, որ երեխան նույն ծնողի հետ շփվի, այսինքն մենք քայլեր չենք անում որպիսի ծնողը հասկանա, որ ինքը պետք է  բարեփոխվի: Մենք արգելում ենք, բայց 18-ից հետո նույն ձևով շարունակվում է: Հունվարին աղջիկներից մեկը, ով ուներ մտավոր լուրջ խնդիրներ, 18 տարին լրացավ, ծնողական իրավունքներից զրկված մայրը դպրոցից հանեց և ամուսնացրեց»,- պատմում է սոցմանկավարժ Արփինեն:

Երեխաների ծնողները անմիջական ազդեցություն են ունենում նաև նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում, սաներից մեկը, ով ակնհայտ տվյալներ ունի ՏՏ ոլորտում դրսևորվելու համար, և մանկատունը պատրաստ է երեխային ուղորդել Վանաձորի ՏՏ կենտրոն, մինչդեռ երեխան պնդում է, որ իր հայրը բեռնափոխադրող վարորդ է և ինքն էլ պետք է վարորդ դառնա:

Գավառի մանկատան սաները աղմկոտ են, համառ, վարքային յուրօրիակությամբ, բնավորության կարծրատիպերով և առանձնահատկություններով. «Հաճախ հայհոյախառն արտարհայություններով երգեր են լսում, և, երբ հարցնում ենք, թե երգի մեջ ի՞նչն է դուր գալիս, պատասխանում են, որ հաճելի երաժշտություն է: Մեր երեխաների մեջ  կյանքի նկատմամբ խռովություն կա, որը բերում է անպաշտպանության, դա էլ հանգեցնում է ագրեսիայի»,- նշում է մանկատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Խանդանյանը:

Գավառի մանկատան սաները հաճախում են տեղի  3 հիմնական  և 1 ավագ դպրոցներ, ինչպես նաև 3 ուսումնարաններ: Նրանք ուսումնական հաստատություններ հաճախում  և վերադառնում են հաստատության  տրանսպորտային միջոցով, տեղեկացանք, որ սեպտեմբերից փորձելու են երեխաներին հնարավորինս առանձին դպրոցներում և դասարաններում տեղակայել.

«Ճիշտ է, այդպես նրանց տեղափոխելը ֆինանսապես ավելի դժվար կլինի, բայց շատ խնդիրներից կխուսափենք, որովհետև, օրինակ, դասարանում, որ մեկ մանկատան սան է լինում,  խնդիրներ չեն առաջանում, իսկ, երբ մեր երեխաներից մի քանիսը իրար հետ են, խնդիրներ են ստեղծում»,- նշում է Նաիրա Խանդանյանը:

Մանկատան սաները չեն սիրում պիտակավորված լինել և, դպրոցում կամ ուսումնարանում որևէ խտրական վերբերմունքի հետ առնչվելիս անմիջապես արձագանքում են, պատումում, ինչպես նաև մտապահում են ուսուցչի կողմից ասված խոսքը և քայլը ու իրենց համար հարմար պահի պատասխան քայլեր անում:

«Դպրոցում դեպք է եղել, երբ դասարանը պետք է գնա էքսկուրսիա, և ուսուցչուհին ամբողջ դասարանի ներկայությամբ մեր սանին ասել, «բա ձեր մանկատունը կկարողանա՞ փող տա, որ դու գաս էքսկուրսիա», այն ինչ նման դեպքերում պետք էր մեզ հետ կապ հաստատել, ոչ թե երեխային դնել նման իրավիճակի մեջ»,- ասում է Նաիրա Խանդանյանը:

Գավառը փոքր քաղաք է, և այնտեղ գրեթե բոլորը ճանաչում են մեկը մյուսին, և այդ պայմաններում մանկատան կողմից  մեծ ջանքեր է գործադրվում, որպեսզի սաների անձնական պատումությունները և նրանց մանկատան սան լինելու փաստը հաստատությունից դուրս չշրջանառվի: Այնուամենայնիվ, տեղի դպրոցների ուսուցիչները ուսուցչանոցում հաճախ անձնավորում  և ամենայն մանրամասնությամբ պատմում են այն սաների անձնական պատմությունները, որոնցից տեղյակ են.

«Վարքային խնդիրներով մեկ դեռահաս աղջիկ ունեինք, իր հագուկապը խիստ տարբերվում էր մանկատան մնացած երեխաներից, առաջին անգամ մտանք դասարան, ուսուցիչը ասեց՝ երեխաներ դասարանում նոր աշակերտ ունենք, երեխան մանկատան երեխա է, և ի սկզբանե պիտակավորեց»,- նշում է սոցմանկավարժ Արփինեն:

ԱՍՀՆ-ից նշեցին, որ մանկատան շրջանավարտների հետագա սոցիալականացումը, հասարակությունում ինտեգրվելու հնարավորությունն ապահովելու նպատակով 2023 թվականի բյուջետային միջոցառումների թվում ներառվել է միջոցառումներ՝ 2023 թվականի մանկատան շրջանավարտներին ամսեկան նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք դրամական աջակցության տրամադրելու, ինչպես նաև կեցության պայմանների ապահովման նպատակով վարձակալության համար դրամական աջակցություն տրամադրելու համար։ Գործընթացի կարգավորումների նպատակով ստեղծված նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն։

Անժելա Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել