Երևանի պետական համալսարանը տվեց իր 105-րդ բարևը

Երևանի պետական համալսարանը տվեց իր 105-րդ բարևը

372

Համալսարանական երկրորդ շաբաթն ավարտվեց նոր ուսումնական տարվանն ու առաջին կուրսեցիների ընդունելությանը նվիրված միջոցառմամբ։ Սեպտեմբերի 15-ին Երևանի պետական համալսարանում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս կազմակերպվեց տոնական միջոցառում՝ «105-րդ բարևը» խորագրով։

Միջոցառման առաջին հատվածում իրենց համար նախատեսված տաղավարներում  ԵՊՀ ստորաբաժանումներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր գործունեությունը, կազմակերպեց մրցույթներ, վիկտորինաներ, քվեստներ։

Ֆինանսական վերլուծությունների վարչությունը պատասխանեց ուսումնական զեղչերի վերաբերյալ կարևոր հարցերին՝ ինչպե՞ս և ե՞րբ դիմել, ի՞նչ փաստաթղթեր ներկայացնել, իսկ Միջազգային համագործակցության վարչությունը ծանոթացրեց միջազգային կրթական ծրագրերին, դրանց դիմելու կարգին։

Առաջին կուրսի ուսանողուհի Մարիա Գրիգորյանին, օրինակ, շատ էր հետաքրքրել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը։ Իր խոսքով՝ կենտրոնը շատ ուղություններ է ցույց տվել միջավայրում ավելի ազատ լինելու, մտքերն ավելի ազատ արտահայտելու, ավելի մեծ ճկունություն ունենալու համար։

Առաջին կուրսեցիներից շատերի կարծիքով սա լավ միջոց էր համալսարանի ընձեռած հնարավորություններին ծանոթանալու և հետագայում դրանցից օգտվելու համար։ Ինչպես պարզ դարձավ ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտորի տեղակալ Աստղիկ Մնացականյանի խոսքից՝ հենց սա էլ միջոցառման կազմակերպման նպատակներից մեկն էր։

Ուսանողների շրջայցը տաղավարներով ուղեկցվում էր «YSU Band»-ի կատարումներով և Շառլ Ազնավուր անվան մշակույթի կենտրոնի սաների ազգային պարերով։

Տոնական օրվա առթիվ իր շնորհավորանքները հղեց նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց․

«Այս «բարևը» պարզապես ողջույն չէ․ այն հրավեր է դեպի բացահայտումների աշխարհ, դրական փոխակերպումների խոստում ու ձեր գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու պարտավորություն»։

Միջոցառումն ավարտվեց «Nemra» և «By The Way» խմբերի համերգով։

Էմմա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել