Համաշխարհային երաժիշտները՝ Երևանում

Համաշխարհային երաժիշտները՝ Երևանում

310

Սեպտեմբերին և հոկտեմբերին Երևանում կհնչեն բոլոր ժամանակների հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Սեպտեմբերի 14-ին  արդեն յոթերորդ անգամ մեկնարկեց «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը։

Փառատոնը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Ավելին՝ փառատոնը զբոսաշրջիկների համար եզակի հնարավորություն է ներկա գտնվելու համաշխարհային համբավ վայելող արտիստների համերգներին։ Նախորդ տարիներին փառատոնի շրջանակում Հայաստանում հանդես են եկել մի շարք համաշխարհային երաժիշտներ, ինչպիսիք են Միշա Մայսկին, «Գրեմմիի» մրցանակակիր Գիլ Շահամը, Միխայիլ Պլետնյովը, Գոթյե Կապյուսոնը և ուրիշներ։

Բացման համերգը նշանակալից էր նաև մաեստրո Սերգեյ Սմբատյանի վերադարձով: Նա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ Հանդիսատեսը դիրիժորին դիմավորեց հոտնկայս և երկարատև ծափողջույններով։ Դիրիժորի և նվագախմբի հետ բեմում էր նաև հայտնի վիրտուոզ ջութակահար Սթիվեն Ուորթսը, ով կատարեց  Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝  նշանավորելով կոմպոզիտորի 120-ամյա հոբելյանը, որը նշվում է այս տարի։

Սեպտեմբերի 16-ին և 18-ին Սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկան մեծ ճանաչում ունեցող երաժիշտներ Զի Զին և Եկվոն Սունվուն։

Համերգների ծրագրերում ներառված էին ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝  Ալեքսեյ Շորի «Թավջութակի կոնցերտը», Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից,  Պյոտր Չայկովսկու «Ջութակի կոնցերտը», Սըր Կառլ Ջենքինսի «Սիմֆոնիկ Ադիեմուսը» և այլն։

Փառատոնի մյուս համերգները նախանշված են սեպտեմբերի 26-ին (թավջութակահար Գաբրիել Շվաբե և դիրիժոր Ռիկարդո Կասեռո, 30-ին ջութակահար Շյաոժուո Վանգ և դիրժոր Սերգեյ Սմբատյան), հոկտեմբերի 4-ին (ջութակահար Մարկ Բուշկով և դիրիժոր Ռուլեն Հենքենս),  իսկ փակման համերգը հոկտեմբերի 11-ին է (դիրիժոր Սերգեյ Սմբատյան)։

Անահիտ Նահապետյան

4-րդ կուրս

Կիսվել