Արցախի խորհրդանիշը՝ Հայաստանի նկարիչների միությունում

Արցախի խորհրդանիշը՝ Հայաստանի նկարիչների միությունում

464

Հայաստանի նկարիչների միությունում գերիշխում է արցախյան թեման:

Սեպտեմբերի 5-ից բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի 100 ամյակին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Քանդակագործի աշխատանքներում ակնհայտորեն երևում են արցախյան արմատների խորությունն ու ժողովրդի ամբողջ նկարագիրը։ Սարգիս Բաղդասարյանը եղել է Հայաստանի նկարիչների միության քանդակագործական սեկցիայի նախագահը, ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով նրան շնորհվել է Հայկական ՍՍՀ վաստակավոր նկարչի կոչում, պարգևատրվել է մի շարք շքանշաններով, որոնցից մեկը «Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի» ԽՍՀՄ շքանշանն է։ Նրա բոլոր շքանշքանները ներկայացված են ցուցահանդեսում։

Նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում քանդակագործի աշխատանքներն են, որոնցից ամեն մեկն իր պատմությունն ունի։

Ցուցասրահում այցելուների ուշադրությունը միանգամից գրավում է «Մենք ենք մեր սարերի» անկյունը․ Արցախի խորհրդանիշը յուրահատուկ էներգիա է տալիս մարդկանց։ Այն թերևս ամենահայտնի գործն է Սարգիս Բաղդասարյանի։ Աշխատանքն այնքան հաջողված է, որ իր տեղն է գտել նույնիսկ Արցախի զինանշանում։

Ցուցահանդեսում նաև ներկայացված են հայ արվեստագետների թեմաներով աշխատանքներ․ «Կոմիտաս․1975» , «Ավետիք Իսահակյան (էսքիզ). 1960», «Սայաթ-Նովա. 1963», «Սոս Սարգսյան. 1982», «Պարույր Սևակ․1972», «Վիլյամ Սարոյան . 1977», «Սերո Խանզադյան․ 1984» և այլն։

Մյուս աշխատանքների կողքին կա մի անկյուն, որտեղ միայն քանդակների նկարներն են փակցված, իսկ ներքևում գրված է․ «Շուշիի պատկերասրահում մնացած ստեղծագործություններ»։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 15-ը։

Անահիտ Նահապետյան

4-րդ կուրս

Կիսվել