Անձյուն ձմռան վտանգները Հայաստանում

Անձյուն ձմռան վտանգները Հայաստանում

317

Կարին տատը հիշում է՝ իրենց տարիներին, երբ փոքր էին, դեռ նոյեմբերի կեսերից ամբողջ գյուղը ծածկված էր ձյունով։ Դպրոցից գալիս անհնար էր չխաղալ ձնագնդի կամ չսահել սահնակով։ Սակայն ավելի մեծ տարիքում հասկանում էին, որ առատ ձյան դեպքում էլ ծախսերն են շատանում, և բարդանում է ապրելը։ Սակայն տատը նշում է, որ վերջին մի քանի տարիներին իր թոռները ձնագնդի խաղացել ու ձնեմարդ պատրաստել  են հունվարի վերջին․ ճիշտ է՝  կենցաղային հոգսերը տաք եղանակի շնորհիվ թեթևացել են, սակայն, կարելի է ասել, այլևս ձմռան երես չեն տեսնում։ Այսպիսի կենցաղային և պարզ օրինակով կարելի է հասկանալ, որ Հայաստանին սպառնում է գլոբալ տաքացման վտանգը, ինչը շատ խնդիրներ կարող է ստեղծել ոչ միայն շրջակա աշխարհի, այլև մարդու համար։

Ի՞նչ վտանգ է սպառնում Հայաստանին կլիմայի փոփոխությունների պատճառով

Կլիմայի փոփոխությունը օդի ջերմաստիճանի և եղանակի շարունակական տատանումներն են: Դա բնական գործընթաց է, սակայն կարող է տեղի ունենալ նաև գլոբալ տաքացման պատճառով, ինչն, առաջին հերթին, մարդու գործունեության արդյունք է: Արտանետվող CO2 գազը կուտակվում է մթնոլորտում և հանգեցնում է օդի ջերմաստիճանի բարձրացման: CO2 գազի աճի պատճառը հիմնականում հանածո վառելիքի այրումն ու անտառահատումներն են: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ վերջին 50 տարվա ընթացքում աղետների քանակը եռապատկվել է։ Կլիմայական փոփոխությունները հատկապես նկատելի են գյուղատնտեսությամբ զբաղվող չոր և տաք կլիմա ունեցող երկրներում։

Վտանգները՝ թվերով

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին տասնամյակներում, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կլիմայի փոփոխության հետևանքով բնական աղետների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել են: Մասնավորապես, աճել են հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները (կարկուտ, ցրտահարություն, ուժեղ քամի, հորդառատ տեղումներ, վարարումներ, երաշտ, ջերմային ալիքներ), որոնք կարող են նպաստել այնպիսի բնական աղետների առաջացմանը (կամ ուժգնացմանը), ինչպիսիք են սողանքները, ձնահյուսները, սելավները, անտառային հրդեհները, վարակային հիվանդությունների տարածումը և այլն:

1975-2016թթ. ընթացքում վտանգավոր օդերևութաբանական երևույթների տարեկան քանակը Հայաստանում  աճել է տարեկան շուրջ 40 դեպքով կամ 23.5%-ով 1975-2016թթ. միջին ցուցանիշի հետ համեմատած (միջինը՝ տարեկան 168 դեպք):

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքի ցածրադիր շրջաններում երաշտները դիտվում են գրեթե յուրաքանչյուր տարի, իսկ նախալեռնային շրջաններում երաշտների կրկնելիությունը կազմում է շուրջ 50%: Ըստ երաշտի ինդեքսների (ուժեղ և շատ ուժեղ երաշտների թիվը) 2000-2017թթ. ընթացքում 1975-2016թթ. միջինի (87) նկատմամբ ավելացել է 33 դեպքով կամ 38%-ով: Ջերմային ալիքները սահմանվում են որպես առնվազն 5 անընդմեջ օրերի ժամանակահատված, երբ օրական առավելագույն ջերմաստիճանը գերազանցում է1961-1990թթ. նորման՝ 5°C-ով: Ըստ գնահատականների 1966-1990թթ. Երևանում դիտվել է ջերմային ալիքների 5 դեպք, մինչդեռ 1991-2015թթ.՝ 41:

Մասնագետի կարծիք

Ըստ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի՝ առաջնահերթ անվտանգային խնդիրը կապված է ջրային ռեսուրսների հետ: Օդի ջերմաստիճանի բարձրացումն ակնհայտ է, որին զուգահեռ ջրի նկատմամբ պահանջարկն ավելանում է, հետևաբար օրակարգային է դառնում ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցը: Ըստ նրա՝ նկատելիորեն տեղումները պակասում են: Ըստ գնահատումների՝ 1936 թվականից մինչև այսօր տեղումները նվազել են 14 տոկոսով: Ջրի կրճատումից զգալի տուժելու է գյուղատնտեսության ոլորտը, որը սպառում է ջրային պաշարների զգալի հատվածը։ Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ հաջորդ անվտանգային խնդիրը առողջապահությունն է: Մասնագետի կարծիքով՝ կարող է լինել համաճարակային իրավիճակի սրում, ձևավորվեն բարենպաստ պայմաններ վարակների տարածման համար: Դրանից բացի, դժվար իրավիճակ է լինում սրտանոթային հիվանդների համար, քանի որ շոգ օրերի թիվը գնալով ավելանում է: Վերը թվարկածից զատ, կլիմայի փոփոխությամբ, ջրային ռեսուրսների կրճատմամբ պայմանավորված առաջ է գալիս ռիսկային իրավիճակ նաև էներգետիկ ոլորտի համար: Մասնավորապես, էներգետիկ ենթակառուցվածքները պահանջում են ջուր սառեցման համար, ինչպես, օրինակ, ատոմակայանն է, ՋԷԿ-երը: Մասնագետները նշում են, որ անելիքներ կան բազմաթիվ ուղղություններով՝ անտառների վերականգնում, կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում և այլն:  (https://armenpress.am/arm/news/1098324)

Ի՞նչ է արվում Հայստանում կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում մեծ տեղ է հատկացվում կլիմայի փոփությունների մեղմմանը։ Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությանը և նպաստելու է ինչպես կլիմայի փոփոխության մեղմման, այնպես էլ հարմարվողականության ներուժի բարձրացմանը։ Ծրագրի իրականացումը կապահովի CO2-ի նվազեցումը։ Ծրագիր կբարձրացնի անտառածածկույթի դիմացկունությունը կանխատեսվող կլիմայական փոփխություննփրին զուգահեռ՝ ներդնելով կլիմայի հանդեպ հարմարվողական անտառատնտեսության գործիքակազմ։ Այս տարվա հունվար ամսին Հայաստանը ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին հռչակագիրը։ Հայաստանը առաջինն է Կովկասում, որը ստորագրում է այս հռչակագիրը։ Դրանով Հայաստանը պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ։ Հռչակագրի նպատակներից մեկն է՝ ընդլայնել երեխաների և երիտասարդնրի մասնակցությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականությանն ուղղված գործընթացներում՝ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի մասին գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև անհրաժեշտ հմտությունների միջոցով արտակարգ իրավիճակներում իրենց պաշտպանելու համար։

Խնդրի լուծումը նաև կախված է մեզանից

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի` անհրաժեշտ են քայլեր, որոնք նվազեցնում են գազի արտանետումը, օրինակ՝ անցումը վերականգնվող էներգիայի կամ թափոնների նվազեցումը, վերամշակումը։ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը ներկայացրել է քայլեր, որոնցով յուրաքանչյուրս կարող ենք նպաստել կլիմայի մեղմմանն ուղղված պայքարին․

• Գտիր, գնիր կամ կարիր քո կտորե տոպրակն ու այն միշտ պահիր պայուսակումդ։

• Կրկին օգտագործիր տանն առկա պլաստիկը։

• Հեղուկ օճառի փախարեն օգտագործիր օճառի սալիկներ։

• Քնելուց առաջ անջատիր տան բոլոր սարքերը վարդակից։

• Հաճախ ոտքով քայլիր և քիչ օգտվիր տրանսպորտից։

• Տեսակավորիր տան աղբը։

• Տնկիր ծառ և խնամիր շրջակա միջավայրդ։

Սյուզաննա Դեմիրճյան

4-րդ կուրս

Կիսվել