«Պատերազմի ժամանակ պետք չէ մեղավոր զգալ դրական հույզեր ապրելիս». հոգեբան

«Պատերազմի ժամանակ պետք չէ մեղավոր զգալ դրական հույզեր ապրելիս». հոգեբան

300

Սեպտեմբերի 26-ին հեռավար տարբերակով տեղի ունեցավ հանդիպում-զրույց հոգեբան, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոս Նունե Վարդանյանի հետ։ Այն կազմակերպել էր “TeensLive” տեղեկատվական հարթակը, որի նպատակն է նպաստել դեռահասների և երիտասարդների ֆիզիկական ու հոգեկան առողջությանը։ Հանդիպմանը միացել էին “TeensLive” ծրագրի ղեկավար Արուսիկ Մկրտչյանը, հոգեբան Նունե Վարդանյանը, դեռահասներ, ուսանողներ։

Մասնակիցները քննարկեցին հոգեկան առողջությանը վերաբերող բազմաթիվ թեմաներ՝ դեպրեսիա, տագնապներ, ինքնախնամքի կարևորություն, սննդային վարքի խանգարումներ, խուճապի նոպաներ և այլն։
Հոգեբանն ընդգծեց հոգեկան առողջության պահպանման, սեփական ապրումները, հույզերը գիտակցելու և կարգավորելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում Նունե Վարդանյանը պատասխանեց մասնակիցների հարցերին և խորհուրդ տվեց՝ երբեք չզբաղվել ինքնաբուժությամբ։

Հարցին, թե պատերազմն ինչպե՞ս է անդրադառնում հոգեկան առողջության վրա, հոգեբանը պատասխանեց,- «Այն հյուծում և ուժասպառ է անում բոլորիս։ Սակայն պետք չէ վհատվել, որովհետև հուսահատության հակաթույները մեր միասնականությունն ու ոգին են։ Եվ հիմա մենք իրար պետք ենք ավելի, քան երբևէ»։

Հանդիպման վերջում Նունե Վարդանյանը վստահեցրեց՝ պետք չէ պատերազմական իրավիճակում մեղավոր զգալ դրական հույզեր ապրելիս, որովհետև հենց այդ դրական հույզերն են մեզ ուժ տալիս և օգնում շարժվել առաջ։

Մարինե Զոհրաբյան

2-րդ կուրս

Կիսվել