Անուշ Նիկողոսյան. Ջութակն ինձ համար արտահայտչամիջոց է

Անուշ Նիկողոսյան. Ջութակն ինձ համար արտահայտչամիջոց է

436

Ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանն իր կյանքի բոլոր փուլերում ներգրավված է եղել ստեղծագործական բուռն գործընթացների մեջ։ Ուսումնառության տարիներին եղել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ Պետրոս Հայկազյանի, իսկ այնուհետև՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, և իր ապագա ամուսին Էդուարդ Թոփչյանի սանը։ Ուսման հետագա տարիներն անցկացրել է արտասահմանում՝ Մյունխենում, իսկ կարիերայի ընթացքում մասնակցել միջազգային մի շարք փառատոնների Չեխիայում, Նիդերլանդներում, Լիտվայում, Ռուսաստանում և այլուր։ Նրա հետ զրուցել ենք անցած ճանապարհի, իր կյանքում մեծ ներդրում ունեցած մարդկանց, ինչպես նաև՝ հետագա պլանների ու անելիքների մասին։

Հինգ տարեկանից նվագում եք ջութակ. գործիքի ընտրությունն ինչո՞վ էր պայմանավորված այդքան վաղ տարիքում։

-Գործիքի ընտրությունը կայացավ այն բանից հետո, երբ քույրս սկսեց հաճախել դաշնամուրի դասերի։ Դրանից հետո ծնողներիս մոտ միտք հղացավ, որ ես էլ պետք է ջութակ նվագեմ։ Պատկերացրեք, որ երբ այդ միտքը սկսեց տանը շրջանառվել, ես հանգիստս կորցրի։ Ընդամենը հինգ տարեկան լինելով՝ անընդհատ հարցնում էի, թե երբ են ինձ ջութակ գնելու։ Անգամ վերցնում էի քանոնն ու մատիտը և փորձում իմիտացնել, թե իբրև ջութակ եմ նվագում։ Սկզբում, երբ հաճախում էի դասի, դեռ մի քանի շաբաթ իմ գործիքը չունեի։ Ջութակ ունենալն ինձ համար երազանք էր։ Հայրս միշտ հարցնում էր՝ «Անու՛շ, հաստա՞տ լուրջ ես վերաբերվելու», «պարապելու՞ ես ամեն օր», «տիկնի՞կ ես ուզում, թե՞ ջութակ»։ Վերջին հարցին երկար ժամանակ պատասխանում էի, որ միանշանակ ջութակ, այն դեպքում, երբ այդ ժամանակ իսկապես որևէ տիկնիկ չունեի։ Հիմա ինքս էլ եմ զարմանում իմ այդ համառության ու կայացրած հստակ որոշման վրա, բայց այդ ժամանակ դա ինձ համար միանշանակ էր։

Դասական երաժշտության հանդեպ սերը որտեղի՞ց է գալիս. գենետիկան Ձեր պարագայում գործու՞մ է։

-Դասական երաժշտությունը, և ոչ միայն, միշտ հնչել է մեր տանը։ Ե՛վ հայրս, և՛ մայրս ունեն 7-ամյա երաժշտական կրթություն։ Հայրս ակորդեոնով ու դաշնամուրով լսողությամբ տարբեր մեղեդիներ էր նվագում։ Բացի այդ՝ մեր տանը միշտ եղել են դասական երաժշտության շատ սկավառակներ։ Ես մեծացել եմ հենց այդ միջավայրում, և իմ ծնողների համար կարծես երազանք էր իմ՝ այս գործիքին տիրապետելը։ Առաջին իսկ օրվանից, երբ սկսել եմ զբաղվել երաժշտությամբ, մայրս երկար ժամեր է ինձ տրամադրել, և, ընդհանրապես, բոլորն էլ ընտանիքում ամեն ինչ արել են, որպեսզի ես անխափան պարապեմ։ Ամեն դեպքում՝ ես շատ մեծ ցանկությամբ եմ սկսել, և այդ սկիզբը բավականին հեշտ է ստացվել։

Մյունխենում ուսումնառության տարիներին ուսանել եք նաև հանրահայտ ջութակահար Քրիստոֆ Պոպպենի մոտ. ո՞րն է եղել նրա տված ամենամեծ դասը։

-Մյունխենում Քրիստոֆ Պոպպենի դասարանում սովորել եմ, երբ 18 տարեկան էի։ 4 տարի սովորել եմ նաև ասպիրանտուրայում՝ հայտնի ջութակահարուհի Ջուլիա Ֆիշերի դասարանում։ Պոպպենի հետ սովորել եմ ինքնուրույնություն, կամերային երաժշտություն, բարոկ երաժշտություն։ Իսկ Ֆիշերի մոտ ուսանած տարիներս ինձ տվել են գիտելիքներ ջութակ նվագելու տեխնիկայի մասին։ Նվագելուս տեխնիկան, իսկապես, իր հետ ուսանած տարիներին շատ է փոփոխվել։ Նա ցանկացած ստեղծագործություն կարող էր ֆենոմենալ ձևով ցույց տալ։ Իր մեկնաբանությունները միշտ տրամաբանորեն հիմնավորված էին, և այդ մոտեցումը շատ կարևոր էր ինձ համար ցանկացած ստեղծագործություն սովորելիս։

Համերգներ տալիս եք տարբեր երկրներում, ո՞րն է ամենատպավորիչն ու հիշվողը. ինչու՞։

Վերջին տարիներին ավելի շատ եմ մոտեցել կամերային երաժշտությանը, որն ավելի փոքր տարիքում ինձ համար քիչ հրապուրիչ էր։ Իսկ հիմա ճիշտ հակառակը՝ շատ եմ սիրում համագործակցել լավ երաժիշտների հետ և, բարեբախտաբար, պարբերաբար ստեղծվում է այդ հնարավորությունը, որի համար շատ երջանիկ եմ։ Վերջերս էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների հետ մեկնեցինք Իտալիա, որտեղ նվագեցինք Ֆելիքս Մենդելսոնի հրաշալի օկտետը։ Ամեն համերգ իր տեղն ունի, և ամեն ինչ կախված է այն բանից, թե այդ պահին որ ստեղծագործությունն է քեզ մոտիվացնում։ Բայց, ըստ գրաֆիկի՝ թե ինչ ստեղծագործություն պետք է նվագեմ հաջորդը, դրանով էլ ապրում եմ այդ պահին։

Մշտապես ապրում եք բուռն ստեղծագործական կյանքով (մենահամերգներ, ելույթներ, դասեր, հյուրախաղեր և այլն), ունեցե՞լ եք կյանքի այնպիսի շրջան, երբ հոգնեք այդ ամենից։

-Եղել են նման շրջաներ, մասնավորապես՝ երբ երեխաներիս էի սպասում։ Այդ շրջանում ավելի քիչ ակտիվ կյանք եմ վարել որպես ջութակահարուհի։ Հետո՝ դրան հաջորդեց համավարակի 1,5 տարին, որը, կարելի է ասել, նույնպես համերգային գործունեության առումով պասիվ շրջան է համարվել։ Հենց այդ շրջանում եղել են պահեր, երբ մտածել եմ՝ գուցե ժամանակն է ամբողջովին նվիրվելու ընտանիքիս, միայն զբաղվել երեխաներով և այլն, բայց հերթական համերգներն ինձ հանել են այդ վիճակից ու մտքերից։ Հիմա ես շատ ուրախ եմ ակտիվ համերգային գործունեությամբ զբաղվել, և, բնականաբար, ամեն բան հասցնել՝ շնորհիվ այն մարդկանց, ովքեր ինձ օգնում են։ Իհարկե, երբեմն զգում եմ, որ գուցե լարվածությունը շատ մեծ է, բայց, ամեն դեպքում, առայժմ մեծ հաճույք եմ ստանում այդ կյանքից։

Արդյոք ջութակը Ձեր ինքնաարտահայտման լավագույն միջոցն է, հույզերն ու զգացմունքները գործիքի միջոցով լիարժեք արտահայտել ստացվու՞մ է։

-Ես ինքս շատ էմոցիոնալ մարդ եմ։ Ջութակը, միանշանակ, ինձ համար արտահայտչամիջոց է։ Երբ շատ բան է կուտակվում ներսումդ, իսկապես միակ տարբերակը երաժշտությունն է, որով հնարավոր է արտահայտվել, և ես շատ երջանիկ եմ, որ ունեմ այդ հնարավորությունը։ Ի դեպ՝ կախված կյանքի իրավիճակներից, տվյալ պահի զգացողություններից, նվագն ու երաժշտության ընկալումը լիովին փոխվում են։ Դա նույնպես ինձ շատ է գրավում իմ մասնագիտության մեջ, երբ մեկ ամիս առաջ լրիվ այլ ձևով ես զգում ու ընկալում երաժշտությունը, իսկ մեկ ամիս հետո՝ այլ։ Ես փորձում եմ միշտ ազատություն տալ իմ զգացողություններին և, իսկապես, ինձ անհրաժեշտ է այդ արտահայտչամիջոցը։

Սոցիալական ցանցերում հաճախ եք ցույց տալիս Ձեր երեխաների սերը դեպի երաժշտական գործիքը։ Պլանների մեջ մտնու՞մ է Ձեր և Ձեր ամուսնու՝ պարոն Թոփչյանի ուղին շարունակելը։

-Երեխաներիցս՝ տղաս, 5,5 տարեկան է, և կես տարի է՝ գնում է ջութակի դասերի։ Ես տանը հետևում եմ, բայց տանում եմ նաև ուսուցչի մոտ։ Չեմ կարող ասել, թե իր մոտ այս պահին ուժեղ սեր եմ նկատում գործիքի հանդեպ, բայց կարծում եմ, որ մեր ժամանակներում երեխաներն ավելի շատ նախընտրում են խաղալ ու այլ բաներով զբաղվել, և դա նորմալ է, որ երեխան այնքան էլ հակված չէ կանգնել և ժամերով պարապել։ Չեմ կարող ասել, թե մենք անպայմանորեն կայացրել ենք որոշում, որ մեր երեխաները պետք է երաժիշտ դառնան։ Խնդիրը կայանում է նրանում, որ երեխայի մասնագիտության որոշման վրա ազդելու պատասխանատվությունը շատ մեծ է։ Մենք պարզապես մեր պարտքն ենք համարում իրենց ծանոթացնել մեր մասնագիտությանը։ Թե հետագայում իրենք ինչպես կզարգանան ու կկապվեն գործիքին՝ արդեն, կարծում եմ, կյանքը ցույց կտա։ Բայց այն, որ երաժշտական կրթությունը երեխայի զարգացման գործում մեծ և դրական նշանակություն ունի, ըստ իս, անկասկած է։

Ներկա պահին ի՞նչ պլաններ կան։ Մոտակա ժամանակներում համերգներ նախատեսվու՞մ են։

-Հոկտեմբերի 16-ին հանրահայտ դաշնակահար Ռոբերտո Պրոսեդայի հետ ելույթ ենք ունենալու Երևանյան միջազգային երաժշտական 15-րդ փառատոնի շրջանակում։ Այն կազմակերպվելու է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից, որի տոմսերից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին: Այնուհետև՝ ունենք հյուրախաղեր Հունաստանում և Իտալիայում: Դրանից զատ` Հայկ Մելիքյանի հետ պատրաստվում ենք անդրադառնալ նաև Յոհաննես Բրամսի 190-ամյակին՝ նվագելով նրա երկու ջութակի և դաշնամուրի սոնատները։ Եվ, ի վերջո, հոկտեմբերի 26-ին սպասվում է «Դասականը բոլորի համար» նախագծի հերթական համերգը, որի ընթացքում հանդիսատեսին ներկայացնելու ենք Դվորժակի «Ամերիկյան» և Բեթհովենի թիվ 4 հրաշալի կվարտետները։

Ասպրամ Համբարձումյան

3-րդ կուրս

Լուսանկարները` Անուշ Նիկողոսյանի արխիվից

Կիսվել