««Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ստեղծումն ու գործունեությունը միտված է կանգնելու հայրենիքի և...

««Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ստեղծումն ու գործունեությունը միտված է կանգնելու հայրենիքի և հայրենակիցների կողքին»

407

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստեղծվեցին շատ կազմակերպություններ՝ միտված հայրենակիցների աջակցությանը։ Նրանցից որոշները գործում են նաև այսօր։ Journalist.am-ը խոսել է այդ ընթացքում ստեղծված կազմակերպություններից մեկի՝ «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի տնօրեն, ԵՊՀ դոցնետ՝ Մհեր Հովհաննիսյանի հետ։

-Ինչպե՞ս ստեղծվեց հիմնադրամը։

-Հիմնադրամը ստեղծվել է 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո և ստեղծման հիմնական պատճառը եղել է այդ օրերին սկիզբ առած ինքնաբուխ ծրագրերը, որ  մենք՝ ես և իմ մի քանի ընկերներ ևս սկսեցինք անել։ Հասկացանք, որ ոչ համակարգված ծրագրից ծրագիր անցումն այնուամենայնիվ սպասված արդյունքը չի տալու։ Այդ պատճառով Հարություն Սուրմալյանի հետ միասին որոշեցինք ստեղծել մի կազմակերպություն, որը իր հոգածության տակ պետք է վերցնի առանձին խնդիրներ, որոնք դուրս էին մնում գործող կազմակերպությունների ուշադրության կենտրոնից։

-Ինչո՞ւ Նոր Նախիջևան։

-Ես ինքս հանդիսանում եմ Ռոստովի երկրամասում գործող Նոր Նախիջևան համայնքի պատվավոր անդամ։ Համայնքը շատ օրինակելի է, այն իմաստով, որ ավելի քան երկու հարյուր հիսուն տարի գոյության պատմության ընթացքում իրենք միշտ փորձել են լինել հայրենիքի և հայրենակցի կողքին։ Նրանց շարքերից դուրս են եկել այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Միքայել Նալբանդյանը, Սիմոն Վրացյանը և այլք։ Այսինքն, անուններ, որոնք խոսում են նաև համայնքի հայրենակենտրոն լինելու մասին։ Մեծ ցանկություն կար նման համայնքը ճանաչելի դարձնել մեր հայրենիքում՝ շարունակելով հայրենիքի և հայրենակցի կողքին լինելու համայնքի ընտրած բարի գործը։ Ուստի, որոշեցինք համայնքի անվան հիմքում ընկած երբեմնի հայակերտ Նոր Նախիջևան քաղաքի անունը տալ նաև մեր հիմնադրամին։

-Ի՞նչ խնդիրներով է զբաղվում ձեր հիմնադրամը։

-Առհասարակ մեր ծրագրերի մեջ ունենք այսպիսի տրամաբանություն․ պետք է ցուցաբերել մարդկանց սոցիալական բեռը թեթևացնող օգնությունը՝ հնարավորություն տալով նաև մեր ծրագրերից օգտվողներին ընթացքում ինքնուրույն լուծելու իրենց խնդիրները։ Մեր օգնության ուղղությունները հատկապես կենտրոնացված են Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջանների վրա։

-Որտեղի՞ց են գալիս հիմնական նվիրատվությունները։

-Հիմնդրամի առաջին աջակիցը Նոր Նախիջևանի հայկական համայնքն է։ Սակայն պետք է ուրախությամբ նշեմ, որ մեր համեմատ ոչ մեծ՝ ընդամենը դեռ երեք տարվա գործունեության ընթացքում նվիրատուների ցանկում են հայտնվել թե՛ հայրենիքի, թե՛ Սփյուռքի այլ համայնքերում ապրող մեր հայրենակիցները։ Մեզ ոգևորում է հիմնադրամի ծրագրերին աջակցել ցանկացող մեր հայրենակիցների տարեցտարի աճող վստահությունը։   

-Ի՞նչ հիմնական ծրագրեր են իրականացվում։

-Ներկայումս մեր ծրագրերը ներառում են առողջապահության, գյուղատնտեսության, կրթության ոլորտները։ Մեր ծրագրերում կարևորում ենք երիտասարդների հետ աշխատանքն ու նրանց աջակցությունը, սահմանամերձ գյուղերում, ինչպիսին օրինակ Սյունիքում, գյուղական տնտեսությունների զարգացմանը միտված մոտեցումը, նույն սահմանամերձ բնակավայրերում սովորող դպրոցականներին դպրոցական պայուսակների ու գրենական պիտույքների, իսկ նրանց դպրոցներին գունագեղ և հետաքրքրաշարժ նոր գրականության տրամադրումով օգնելն է, առողջական խնդիրներ ունեցող սահմանի բնակավայրերում ապրող մեր հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելն է, մեր նահատակված կամ հաշմանդամ դարձած հերոսների կանանց շուկայում պահանջված և արագ վերապատրաստում ենթադրող մասնագիտություններում հմտանալու հնարավորություն ընձեռելն է։ Պետք է շեշտեմ, որ մեր ծրագրերին տարեցտարի քննական հայացք ենք նետում։ Որոշ ծրագրերի մասով նոր հավելումներ ենք անում, որոշներից նույնիսկ հրաժարվում ենք։ Այստեղ կարևորը վերջնաարդյունքն է, որը մեկ դեպքում ենք համարում հաջողված, եթե այն իր արդյունքով դրական նպաստ է բերել մեր հայրեկիցների կյանքում։

– Հիմնադրումից մինչ այսօր ի՞նչ ծրագրեր եք իրականացրել։

-Ըստ էության նշված ուղղություններով մինչ այսօր և այսօր էլ իրականացրել և իրականացնում ենք համապատասխան ծրագրեր։ Երեք ոչ ամբողջական տարիների ընթացքում հասցրել ենք մի քանի հարյուր մեր հայրենակիցների աջակցության ձեռք մեկնել։ Աջակցել սահմանամերձ բնակավայրերում ապրող գյուղացիների, դպրոցականների, նպաստել մեր ուսանողության ոչ ֆորմալ կրթության մասով գիտելիքների և հմտությունների զարգացմանը, մեր հերոսների կանանց օգնել իրենց նոր մասնագիտության ստացման հարցում, ամանորին ընդառաջ նվերներով և հետաքրքիր ձեռնարկներով լուսավորել նահատակված մեր հերոսների երեխաների առօրյան։ Եվ այսպես շարունակ։

-Այս պահին կա՞ն ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են և կա՞ն այնպիսինները, որոնք առաջիկայում կայանալու են։

-Ընթացքի մեջ ծրագրերից են «Առողջ հայրենակիցը», «Կրթություն հանուն աշխատանքի», «Կրթված սերունդ», «Մենք գործում ենք» ծրագրերը, սպասվում են Արցախի մեր հայրենակիցներին աջակցելու ըդհանրացնող «Արցախ» և ամենամյա «Ամանորյա նվեր զինվորի զավակին» ծրագրերը։ Վերջին ցավալի զարգացումներից հետո ստիպված եղանք վերանայել մեր ծրագրերը՝ վերագործարկելով դրանցից օրինակ «Սահմանի աշակերտի կողքին» ծրագիրը, ինչպես նաև ավելացնելով տեղահանված մեր հայրենակիցներին սնունդ, լվացքի ու լոգանքի նյութերով աջակցել ենթադրող ծրագիրը, որոնք էլ ամբողջացվում են «Արցախ» ծրագրում։ Հարկ եմ համարում ամպայման ընդգծել, որ մեր ծրագրերում մշտապես պատրաստակամ ներկա են մեր կամավորները, առանց որոնց դժվար կլիներ պատկերացնել ծրագրերից շատերի արդյունավետ իրականացումը։ Ինչի համար առանձնահատուկ շնորհակալ ենք նրանցից։

-Ինչպե՞ս կարող են մարդիկ դիմել ձեր ծրագրերին։

Նրանք, ովքեր ցանկանում են ստանալ մեր ծրագրերով նախատեսված աջակցությունը, պետք է հետևեն մեզ հիմնադրամի պաշտոնական կայքում՝ www.nornakhijevan.org  կամ ֆեյսբուքյան էջում՝ www.facebook.com/nornakh21 ։ Նրանք, ովքեր ցանկանում են նվիրատվություն իրականացնել, նույն կերպ կարող են մտնել կայք և «Նվիրատվություն» բաժնում նշված բանկային տվյալները լրացնելով՝ կատարել փոխանցում կայքում նշված ձևաչափով։ 

Հարցարույցը՝ Սիլվի Շահբազյանի

2-րդ կուրս

Կիսվել