Սիրահարվեցի թատրոնին, և այն դարձավ ամբողջ կյանքիս իմաստը. Սասուն Առաքելյան

Սիրահարվեցի թատրոնին, և այն դարձավ ամբողջ կյանքիս իմաստը. Սասուն Առաքելյան

460

Հարցազրույց «Ավանի մշակույթի տան» տնօրեն Սասուն Առաքելյանի հետ։

-Մի քանի տարի է, ինչ զբաղվում եք բազմաթիվ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ, ինչպե՞ս եք իրականացնում այդ գործընթացը։

-Միջոցառումների կազմակերպումը մեկ հոգու աշխատանք չէ, թիմային աշխատանք է։ Իմ թիմը համալրված է պրոֆեսիոնալներով և յուրաքանչյուր միջոցառում համարվում է ստացված՝ անկախ միջոցառման ծավալից։

-Ձեր աշխատանքային գործունեությունը սկսվել է «Նոր Մանախներ» ՈՒՀԱ (ուրախների  և հնարամիտների ակումբ) խմբից, ինչու՞ որոշեցիք միանալ խմբին։

-Կյանքիս այդ փուլում ապրում էի Քաջարան քաղաքում։ Բանակից նոր էի զորացրվել:  Չունենալով դերասանական կրթություն, բայց ունենալով մեծ խանդավառություն՝ ընկերներիս հետ որոշեցինք ստեղծել «Նոր մանախներ» KBH թիմը։ Չնայած Քաջարանի  հեռավորությունը մայրաքաղաքից՝ այն բավականին ակտիվություն մտցրեց երիտասարդության շրջանում։ Հենց այդ տարի էլ մեր խմբով դարձանք Սյունիքի չեմպիոն։  

-Ի՞նչն է Ձեզ ուղղորդել դեպի մշակույթ։

-Որքան ինձ հիշում եմ, ես հենց այս ոլորտում եմ։ Մանկությունից ի վեր սիրում էի բեմադրություններ անել, դերեր էի բաժանում՝ նույնիսկ չմտածելով այդ մասնագիտության մասին։ Մինչ չափահասության շրջան ապրել եմ Արարատում։ Դպրոցական տարիքից հաճախել եմ ինքնագործ թատերական խմբակ, որն ինձ ավելի էր մոտեցրել թատրոնին։ Սիրահարվեցի թատրոնին, և այն դարձավ ամբողջ կյանքիս իմաստը։   

-Դասավանդում եք «Հրաշամանուկ» թատրոն ստուդիայի երեխաներին՝ սովորեցնելով թատրոնի այբուբենից սկսած բոլոր անհրաժեշտ գիտելիքները. Ձեր սաները հասե՞լ են այն կետին, որը ինքներդ եք ցանկացել։

-Պետք է խոստովանեմ, որ «Հրաշամանուկ»-ը մի քանի հրաշալի սերունդ ունեցավ, այժմ փոքրերն են ուսանում, քանի որ անցած տարի սերնդափոխություն եղավ։ Այն սերունդը, որ ավարտել է մեզ մոտ, կարող եմ վստահ ասել, որ ինչ նպատակ դրված էր իմ և թիմիս առջև, կատարել է։ 

-Ո՞րն է եղել Ձեր նպատակը։

-Մեր նպատակը ոչ թե պարտադիր դերասան դարձնելն է սաներին, այլ կրթելն ու դաստիարակելը, զարգացնել գեղարվեստական մշակույթը և վերջիվերջո կրթել գրագետ հանդիսատես։

-Աշխատանքային գործունեության ո՞ր փուլում եք այժմ։

-Արդեն մեկ տարի է, ինչ ստանձնել եմ «Ավանի մշակույթի տան» տնօրենի պաշտոնը, որը կրկնակի պատասխանատվություն է ինձ համար։ Աշխատանքը հսկայածավալ է այն առումով, որ մենք համարվում ենք մայրաքաղաքի ամենամեծ մշակույթի կենտրոններից մեկը սաների թվով։ Այս պահին մեզ մոտ ուսանում են հինգ հարյուր հիսուն սան, ինչը պարտավորեցնող է։ 

Հարցազրույցը՝ Լիդա Չաչոյանի

2-րդ կուրս

Կիսվել