Առանց երկար մտածելու այս անգամ որոշեցի ռեպորտաժ պատրաստել մեր գյուղում կառուցվող եկեղեցու մասին, և հայրիկիս հետ ուղևորվեցինք այնտեղ։
2019 թվականին Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում դրվեց առաջին եկեղեցու հիմքը։ Շինարարության արդեն 4-րդ տարին է։ Եկեղեցին կառուցվում է գյուղի նախկին բնակիչ, բարերար Մհեր Բաղդասարյանի ֆինանսավորմամբ, որը ներկա պահին Հայաստանում չէ։
Մադինա գյուղի բնակիչ, մանկավարժ Արտաշ Մնացականյանը մեզ հետ զրույցում կարևորեց եկեղեցու շինարարությունը․ «Աշխարհում քրիստոնեությունն առաջին անգամ հայերն են ընդունել 301 թվականին։ Քրիստոնեությունը հոգևոր արժեք է, յուրաքանչյուր հայի համար շատ մեծ արժեք է․ ազգապահպանության համար մեծ գործ է կատարել։ Մեր գյուղում երկար ժամանակ եկեղեցի չէր կառուցվել։ Գյուղի բնակիչներից մեկը կարողացավ իր միջոցներով կառուցել տալ և շուտով ավարտելու է այս եկեղեցին»։
Նոր կառուցվող եկեղեցու երկու շինարար վարպետներից մեկին՝ Լյովային մոտեցանք։ Այն հարցին, թե ինչ տարբերություն է տեսնում եկեղեցու շինարարության և այլ շինարարական աշխատանքների միջև, նա պատասխանեց. «Բոլոր շինարարական աշխատանքներին էլ մոտենում եմ մեծ պատասխանատվությամբ, բայց եկեղեցին տարբերվում է բոլոր մյուս աշխատանքներից նրանով, որ այստեղ միայն պատասխանատվությունը շատ քիչ է… Ես հիմա նայում եմ եկեղեցուն… Կներեք, հուզվում եմ… Եկեղեցի կառուցելու համար գիտելիքները բավարար չեն, շատ քիչ են։ Այստեղ մեծ սեր է պետք, հոգատարություն։ Ամեն մի քարը դնելիս պետք է շատ սիրես քարը, շատ սիրես»․․․
Վարպետ Լյովան հուզվում էր՝ չկարողանալով զսպել արցունքները։ Ասում է՝ իրեն հաճախ են հարցնում՝ ինչի համար է եկեղեցին, ինչ դեր ունի։ Պատասխանում է, որ այս եկեղեցին այն տատիկի համար է, որը գալու է և մոմ վառի։
Եկեղեցու շինարարական աշխատանքների ավարտն արդեն մոտ է․ նախատեսված է ավարտել դրանք մինչև 2024 թվականը։
Անուշ Գևորգյան
2-րդ կուրս