Խատուտ-ը Գոհարն է` տաղանդաշատ Գոհարը, ով կավից պատրաստում է տարատեսակ իրեր ու շարունակ երազում իր սեփական արհեստանոցն ունենալու մասին: Նախաբանը հետևյալն էր.
«Հոգեբանորեն շատ ծանր վիճակում էի։ Քանի որ գիտեի, որ կավի հետ աշխատանքը օգնում է ցրել վատ մտքերը ու հաղթահարել սթրեսը` սկսեցի զբաղվել կավագործությամբ սիրողական մակարդակում։ Հենց այդպես էլ սկսվեց իմ Խատուտիկի ուղին»:
Գոհարը պարզաբանեց` ինչու՞ հենց Խատուտ, և ուրիշ ի՞նչ անուն կընտրեր, եթե ոչ հենց դա.
«Սկզբում էջիս անունը Hand Made MGS էր. ամուսնուս, իմ, աղջիկներիս անվան առաջին տառերն էի կցել իրար, բայց ընթացքում հասկացա, որ ինչքան էլ թանկ է ինձ համար MGS անունը, անհրաժեշտ է մտածել այնպիսի անուն, որը հիշվող կլինի մարդկանց կողմից։ Իսկ Խատուտի հետ կապված կասեմ այն, որ փոքր տարիքում ունեի շատ խիտ ու գանգուր մազեր, որոնք սանրելու արդյունքում նմանվում էի խատուտիկի։ Մեծ քույրս ինձ հենց այդպես էլ անվանում էր: Անունս ինքն է կնքել` Խատուտ։ Եթե ոչ Խատուտ, ապա վստահ եմ` MGS»:
Գոհարի խոսեց նաև իր աշակերտների մասին.
«Այս պահին ունեմ 35-ից ավել աշակերտ։ Երբ ես էի սովորում կավագործություն, ընթացքում մտքեր կային` հոբբին բիզնեսի վերածելու, բայց որ երբևէ կունենամ աշակերտներ, անգամ չէի էլ կարող պատկերացնել»:
Խատուտը հանդիսանում է ինստագրամյան բլոգեր Մանե Մարտիրոսյանի «Երազանքներն իրականանում են» նախագծի 5-րդ հաղթողը, որի շնորհիվ արհեստանոցն այլևս երազանք չէ.
«Երբ իմացա, որ հենց ես եմ ընտրվել, ու հենց իմ երազանքն է իրականացնելու Մանեն, սկզբում շատ մեծ ուրախություն էի զգում, հետո հաջորդեց տագնապը, իսկ հիմա ավելի սթափ վայելում եմ ինձ բաժին հասած հաճելի հաղթանակը ու դեպի երազանքի իրագործում տանող ճանապարհը»:
Հարցազրույցը՝ Մարիամ Պողոսյանի
2-րդ կուրս