Ինքնասպանություն. սթրեսային իրավիճակի արդյո՞ւնք, թե՞ հոգեկան խանգարում

Ինքնասպանություն. սթրեսային իրավիճակի արդյո՞ւնք, թե՞ հոգեկան խանգարում

408

«Սոցիալական խնդիրները, ցածր ինքնագնահատականը, սթրեսային իրավիճակը հաղթահարելու անկարողությունը գործոններ են, որոնք մարդկանց  հասցնում են ինքնասպանության։ Ինքնասպանությունն անձի կողմից գիտակցված, ինքնակամ, ինքնաոչնչացման գործողություն է»,- մեզ հետ զրույցում ասաց հոգեբան Սիաննա Մովսիսյանը և բացատրեց, որ ինքնասպանությունը չի դիտարկվում որպես առանձին հոգեկան խանգարում, սակայն սովորաբար ինքնասպանության հետ կապված են լուրջ հոգեկան և հոգեբանական խնդիրներ, ինչպիսիք են սթրեսային իրավիճակները հաղթահարելու անկարողությունը, հուզական անկայունությունը, կյանքի խեղաթյուրված ընկալումը։ Հոգեբանը մեկնաբանեց․ «Չնայած հաճախ ինքնասպանությունը կապում են դեպրեսիայի հետ, սակայն ինքնասպանության դեպքերի առնվազն կեսը կապվում է այլ հոգեբանական խանգարումների հետ, ինչպիսիք են խորը ալկոհոլային կախվածությունը, շիզոֆրենիան, երբեմն էլ այն կարող է ընդհանրապես չդիտվել՝ որևէ հոգեբանական խանգարում»։

Հոգեբանի ներկայացմամբ՝ սուիցիդալ վարքը բավականին բարդ գործունեության տեսակ է, և հաճախ ոչ թե մեկ, այլ մի քանի փոխկապակցված դրդապատճառներ է ունենում, որոնք կարող են ինչպես գիտակցված, այնպես էլ չգիտակցված լինել:

Մեր հարցմանն ի պատասխան Վիճակագրական կոմիտեից տրամադրեցին Հայաստանում  ինքնասպանություն գործած անձանց թիվը։ Այդ տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ինքնասպանություն գործած մարդկանց մեծամասնությունը գործազուրկ, թոշակառու և 65 տարեկանից բարձր մարդիկ են։

Մեզ հետ զրույցում ՀՀ ոստիկանության Կազմակերպական-վերլուծական  քրեական վարչության պետի տեղակալ Հրայր Ղուկասյանը նշեց, որ առանց պարզելու դրդապատճառը, չի կարելի դեպքը համարել ինքնասպանություն․ «Գործի պարզման փուլում ամենակարևոր կետերից  մեկը դրդապատճառները հասկանալն է։ Առանց դրա մենք դեպքն ինքնասպանություն համարել չենք կարող, որովհետև սկզբում կարող է մտածենք, որ սա հաստատ ինքնասպանություն է, բայց քննության ընթացքում պարզենք, որ դժբախտ պատահարի հետևանք է»։

Հրայր Ղուկասյանի հավաստիացմամբ՝ ոստիկանությունը բազմակողմանի ստուգում է ինքնասպանություն գործած մարդուն, խոսում ընտանիքի անդամների, շրջապատի մարդկանց, գործընկերների հետ, որպեսզի հասկանա՝ ինչ է պատահել, որ մարդը դիմել է այդ քայլին, ապա հավաքագրած տեղեկությունը փոխանցում է դատափորձաքննության։ ՀՀ ոստիկանության պաշտոնյան ասաց․ «Ներկայումս ուշադրություն ենք դարձնում նաև մարդու սոցիալական հարթակին, այնտեղ նրա գրառումներին, քանի որ շատ մարդկանց հոգեբանական վիճակը այնտեղ կարող է արտացոլվել»։

Ինքնասպանության փորձ կատարած անձի հետ աշխատանքը կարևոր է, քանի որ ռիսկը մեծ է, որ անձը հետագայում կկրկնի նույն քայլը։ Հրայր Ղուկասյանի խոսքով՝ իրենք էլ աշխատում են տվյալ մարդուն ուղղորդել հոգեբանական աջակցության. «Ինքնասպանության փորձից հետո անձը բժիշկների վերահսկողության տակ է լինում, և վերջիններս նրա համար սահմանում են հոգեբանական աջակցության որևէ շրջան։ Եթե դա էլ չլինի, մենք աշխատում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին խրախուսել, որ անպայման դիմեն հոգեբանի, որպեսզի խուսափեն հետագա զարգացումներից»։  

Հոգեբան Սիաննա Մովսիսյանից փորձեցինք ճշտել, թե ինչ աշխատանք է տարվում անձի հետ և ինչքան է տևում մարդուն այդ վիճակից հանելը։ Նա պատասխանեց․ «Ամենասկզբում կարիք է լինում աշխատել առավել սուր դրսևորումների հետ, որպեսզի ապահովենք անձի ֆիզիկական առողջությունը։ Հետագա փուլերում ընթացող աշխատանքն առավելապես կապված է լինում կարիքների դուրսբերմանն ու գիտակցմանը, կյանքի վերաիմաստավորմանը, նոր արժեքների և կողմնորոշիչների ձևավորմանը»։

ՀՀ օրենսդրությամբ ինքնասպանությունը հանցագործություն չի համարվում։ ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ և 111-րդ հոդվածների համաձայն՝ հանցագործություն է համարվում «մարդուն ինքնասպանության դրդելը և ինքնասպանության հակելը»։

Հայ Առաքելական եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը՝ այն ավելի ծանր մեղք համարելով, քան ուրիշին սպանելը։ Վերջինս աններելի մեղք է, հայհոյություն և ըմբոստություն հենց կյանք պարգևողի՝ Աստծո դեմ: «Հայոց Եկեղեցին, լինելով Ընդհանրական Եկեղեցու անբաժանելի և անքակտելի մի մասը, խիստ դիրքորոշում ունի ինքնասպանության կամ անձնասպանության հարցում: Հայ իրականության մեջ ընդունված սովորություն է եղել անձնասպաններին թաղել ընդհանուր գերեզմանոցներից դուրս՝ առանձին վայրում և բերանքսիվայր, այսինքն՝ դեմքով ոչ թե դեպի երկինք, այլ՝ դեպի դժոխք: Փաստորեն այդ անխոհեմ քայլով ինքնասպաններն իրենց դատապարտում են հավիտենական մահվան և տանջանքների՝ զրկվելով ոչ միայն Տիրոջ ողորմությունից և ներկայությունից, այլև ինքնաբերաբար հայտնվելով Եկեղեցուց դուրս: Եթե մարդասպանն իր կյանքի ընթացքում կարող է ապաշխարել, քավել իր մեղքերն ու թողության արժանանալ, ապա ինքնասպանի դեպքում այս ամենն անհնար է, քանզի չկա մեղքերի քավություն ֆիզիկական մարմնից դուրս»,– գրված է ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի «Երկխոսության սրահ» համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ինքնասպանություն քննարկման թեմայով» գրքույկում:

Ալյոնա Մուժիկյան

3-րդ կուրս

Կիսվել