«Հեռանալիս փոքր հույս կար, որ ամեն դեպքում հնարավոր է ինչ-որ լուծում լինի»․...

«Հեռանալիս փոքր հույս կար, որ ամեն դեպքում հնարավոր է ինչ-որ լուծում լինի»․ Սիրանուշ Ադամյան

435

Սիրանուշը արցախցի լրագրող է։ Աշխատում է «Սիվիլնեթ» կայքում։ Նրա հետ խոսել ենք շրջափակման և պատերազմի ընթացքում լրագրողների դժվարությունների, մարդկանց հոգեվիճակի և իրենց բռնի տեղահանման մասին։

-Մինչ պատերազմը ինն ամիս անցկացրել եք շրջափակման մեջ։ Բնականաբար դժվարությունները շատ էին, բայց ո՞րն էր այն գլխավոր խնդիրը, որին բախվում էիք որպես լրագրող։

-Առաջինը կարող եմ նշել տրանսպորտի խնդիրը։ Վառելիքի բացակայության պայմաններում տրանսպորտը չէր գործում, մեր լրատվամիջոցի վարորդը ևս չէր կարողանում տեղափոխել մեզ, ստիպված ոտքով էինք տեղաշարժվում։ Հետևաբար, եթե շրջաններում ինչ-որ բան տեղի ունենար, մենք չէինք կարողանա հասնել այնտեղ։ Ստեփանակերտի տարածքում էինք նկարահանումներ պայմանավորվում։ Երբ ինչ-որ մեկի հետ պայմանավորվում էի, վախենում էի, որ կարող են Ստեփանակերտի ծայրամասում լինել, բայց դե նման բաներ հաշվի չէի առնում, եթե կարևոր թեմա էր, ոտքով գնում էինք՝ ամբողջ տեխնիկան ձեռքներիս։ Եղել է, որ երեք ժամից ավելի քայլել ենք մինչև Իվանյան գյուղ։ Բացի դա, հովհարային անջատումներ էին, և մեր աշխատանքը փորձում էինք հարմարեցնել։ Լինում էր, օրինակ, որ նյութը ինչ-որ ժամի պիտի ուղարկեինք, բայց չէինք հասցնում, սպասում էինք երկու ժամ, մինչև լույսերը գան։

Անգամ սնունդն էր մեզ համար խնդիր առաջացնում։ Եթե տնից մեզ համար ուտելիք  չվերցնեինք, պետք է իմանայինք, որ այդ օրը մնալու ենք առանց սննդի. պիտի դիմանայինք։

-Որպես լրագրող Ձեր շփումը մարդկանց հետ ավելի շատ էր։ Մինչև հրետակոծության սկսվելը ի՞նչ մթնոլորտ էր Արցախում։ Արդյոք կանխատեսում էին, որ կարող է ռմբակոծություն սկսվել։

-Ինձ թվում է, որ կային մարդիկ, ովքեր սպասում էին պատերազմի։ Հաղորդագրություններ էին տարածվում, որ կուտակումներ են լինում սահմանին, և մենք մտածում էինք, որ հնարավոր է՝ ինչ-որ բան լինի։ Բայց մարդիկ չէին սպասում, որ բնակավայրերին կհարվածեն։ Երբ հրետակոծությունը սկսվեց, դիրքերին էին հարվածում, կարծում էինք, որ գոնե գյուղին չեն հասնի, բայց այնպես ստացվեց, որ գյուղերին նույնպես խփեցին։

-Կպատմեք՝ ինչպե՞ս սկսվեց Ձեր օրը սեպտեմբերի 19-ին և ի՞նչ զարգացումներ ունեցավ։

-Հենց այդ օրը գնացել էի մեր գյուղ՝ Կարմիր Շուկա։ Մեկ ամիս տանը չէի եղել տրանսպորտի բացակայության պատճառով։ Ժամը 1-ից սկսվեց հրետակոծությունը։ Կրակոցները լսելուց անմիջապես հետո իջանք նկուղային հարկ։ Էնտեղ էինք երկար ժամանակ, բայց չէր վերջանում էդ ամեն ինչը։ Լինում էր, երբ մի փոքր թուլանում էին կրակոցները, մեկ րոպեով դուրս էինք գալիս։ Դեպք եղավ, որ կես ժամ կրակոցները դադարել էին, դուրս եկանք, բայց գրադով խփեցին գյուղի վրա, և այն ընկավ մեզ շատ մոտ տարածությունում։

-Իսկ ինչպիսի՞ն էին Ձեր գործողությունները որպես լարգրող։

-Տեսեք, հրետակոծությունից 10 րոպե հետո կապն ընդհատվեց։ Խմբագրի հետ կապ չէի կարող պահել, միայն հասցրի ասել, որ մեր գյուղին էլ են կրակում։ Ընթացքում դուրս էի գալիս, փորձում էի կադրեր ֆիքսել։ Մեր պատուհանից էլ երևում էր թշնամու դիրքերը, մեր դիրքերը։ Ինչ հնարավոր էր, ֆիքսում էի։ Եթե չհրապարակվեին էլ, կմնային որպես ապացույց։ Ամեն դեպքում այդ ընթացքում իմ գործունեությունը լրիվ խաթարված էր։

-Այստեղ ևս նույն հարցը պիտի տամ, արդյոք մարդիկ զգում էին, որ սա վերջն է, և ստիպված են լինելու թողնել իրենց տները։

-Մարդկանց մեջ արդեն վախ կար, որ ամեն պահի իրենց կարող են ասել, որ դուրս գան։ Այդ վախը իմ մեջ ևս կար։ Հրետակոծության հաջորդ օրը մեզ ասացին, որ պիտի գյուղից դուրս գանք։ Գնացինք մոտիկ գյուղ՝ Խերխան։ Դրանից հետո ռիսկի դիմեցինք և վերեդարձանք մեր գյուղ։ Պարզվեց, որ միայն մեր թաղի բնակիչներն են վերադարձել։ Հաջոր օրը մեզ ևս ասացին, որ դուրս գանք, և երբ տեսա, որ գյուղապետարանի տարածքում թղթերն են այրում, մտածեցի, որ իրոք սա վերջն է։ Բայց մինևնույն է, հեռանալիս փոքր հույս կար, որ, ամեն դեպքում հնարավոր է ինչ-որ լուծում լինի։

-Ե՞րբ դուրս եկաք Արցախից և քանի՞ օր անցկացրիք ճանապարհին։

-Մարտունու շրջանը շրջափակված էր, սպաում էինք վառելիքի, և միայն այնտեղից Ստեփանակերտ հասնելը տևեց մոտավորապես 15 ժամ։ Մեկ օր անցկացրինք Ստեփանակերտում, հաջորդ օրը դուրս եկանք։ Ստեփանակերտից Երևան հասնելը տևեց մոտավորապես 40 ժամ։

-Ի՞նչ եք հասցրել Ձեզ հետ բերել։

-Շատ բան չենք կարողացել վերցնել մեզ հետ, մեքենայի մեջ տեղ չկար։ Դե, ինչպես ասացի, հետ էինք գնացել գյուղ, ու դա մեզ թույլ տվեց հագուստը վերցնել, ալբոմները, լուսանկարները, ուտելիք, փաստաթղթերը։

-Այստեղ շարունակում եք Ձեր գործունեությունը որպես լրագրող։ Որոշ չափով հարմարվե՞լ եք որպես լրագրող և քաղաքացի։

-Չգիտեմ։ Ինձ թվում է՝ հարմարվելու փուլում եմ։ Միանգամից հեշտ չէ։ Ամբողջ կյանքս ապրել եմ Արցախում, ու երբ Երևան էի գալիս, մեկ շաբաթից ավել չէի կարողանում մնալ։ Բայց փորձում եմ հարմարվել, թեև կարծում եմ՝ շատ երկար կտևի։

Հարցազրույցը՝ Էմմա Վարդանյանի

2-րդ կուրս

Կիսվել