Երկու Էդմոն կա

Երկու Էդմոն կա

604

2020 թվականի հոկտեմբերի 22-ի առավոտյան եղբայրս զոհվեց քառասունչորսօրյա պատերազմում: Երեկ լրացավ նրա զոհվելու երրորդ տարին:

Սեպտեմբերի 27-ից  մինչև հոկտեմբերի 20-ը գոնե օրը մեկ անգամ զանգ ենք ստացել մեր զինվորից: Իսկ հոկտեմբերի 21-ին զանգեց 3 անգամ՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան: Դիրքերում էր: Շատ ուրախ էր խոսում (մտածեցինք՝ գուցե պատերազմական վիճակը քիչ-քիչ հանդարտվում է),  նկարներ ուղարկեց, որտեղ եղանակը շատ մռայլ էր, անձրևոտ, հողը թաց, և զինվորները, նստած թաց գետնին, հաց էին ուտում: Հիշում եմ՝ եղբայրս պատմում էր, որ սնունդը իրենց չի հասել, որովհետև հակառակորդը մեքենան ռմբակոծել էր, իսկ իրենք  կերել էին այդ տարածքում գտնվող հին տներից գտած չոր հացը և բոխին: Եվ հիշում եմ, որ մայրիկիս ասաց. «Մամ ջան, կգնաս էն երգը կդնես կլսես, որ ասումա մեզ խաբելով Աղդամ տարան»:  Իսկ երբ երեկոյան զանգեց, ասաց, որ իր հետ ամեն ինչ լավ է, չանհանգստանանք, սիրում է մեզ շատ,  իսկ հայրիկս այս կողմից խաղաղ գիշեր մաղթեց նրանց: Երանի խաղաղ անցներ… Առավոտը դեռ չէր բացվել կամ գուցե արևը դեռ նոր-նոր էր իր պայծառ շողերը սփռում երկրի վրա, երբ թշնամին սկսել էր ռմբակոծել, և եղբայրս այդպես էլ չվայելեց այդ լուսաբացը… զոհվեց հանուն հայրենիքի…

Հոկտեմբերի 22 … ամբողջ օրը զանգ չկար եղբորիցս։ Անհանգստանում էինք, բայց քանի որ չէր թույլատրվում զանգահարել, որոշեցինք սպասել մինչև երեկո: Երկրում պատերազմ էր… Ընտանիքիս անդամները նույնիսկ սիրտ չունեին տնային գործերը անելու… Եկավ իրիկուն: Հայրս արդեն չէր համբերում, սրտում ահ կար: Եվ քանի որ եղբորս հեռախոսը վաղուց արդեն գոյություն չուներ, հայրս որոշեց զանգել այն հեռախոսահամրին, որով Էդմոնը միշտ զանգում էր: Հայրս զանգեց, և պատասխանեց Էդմոնի ծառայակից ընկերը: Հարցրեց, թե Էդմոնը որտեղ է, ինչու ամբողջ օրը չզանգեց, եթե կարող է, փոխանցի Էդմոնին: Ընկերն ասաց, որ եղբորիցս հեռու է, տեղյակ չէ նրանից, խոստացավ մի բան պարզել, անջատեց, թեև ամեն բանից տեղյակ էր։ Անցավ մի քանի վայրկյան։ Զանգ եկավ հայրիկիս հեռախոսին։ Վերցրեց։ Բարձրաստիճան զինվորական էր զանգողը: Հայրս կրկին հարցրեց, թե որտեղ է Էդմոնը, իսկ զինվորականը հարցրեց, թե որ Էդմոնի մասին է խոսքը․ երկու Էդմոն կար, երկուսի ազգանունն էլ Գևորգյան։ Հայրս պատասխանեց՝ Մարտունուց… «Ցավակցում եմ, Ձեր որդին էլ չկա»… ժամանակը կանգ առավ, և աշխարհում ամեն բան ավարտվեց….

Անցավ մեկ տարի… 25.08.2021 թվական… Մայրս լույս աշխարհ բերեց մի փոքրիկ հրաշք տղայի։ Անունը դրեցինք Էդմոն՝ ի պատիվ զոհված եղբորս: Փոքրիկին մենք համարում ենք եղբորս վերածնունդը: Արդեն երկու տարեկան է: Շատ նման է մեծ եղբորս՝ բացառությամբ աչքերի: Մտածում ենք, որ նրա աչքերի կապտությունը ինչ-որ խորհրդավորություն ունի իր մեջ: Նա այն մեծ ուժն է, այն հույսը,  որը ստիպում է մեզ ապրել այդ դաժան կորստից հետո…

Հ. Գ.- Էդմոն Թելմանի Գևորգյանը ծնվել է 2001 թ. դեկտեմբերի 25-ին՝ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ Թելման և Ակսանա Գևորգյանների ընտանիքում: 2020 թ. հունվարի 22-ին զորակոչվել է հայոց բանակ: Սկզբնական ծառայությունն անցել է Արմավիրի ուսումնական կենտրոնում՝ ստանալով ՀՄՄ-ի նշանառու-օպերատորի մասնագիտացում: Այնուհետև ծառայությունը շարունակել է Որոտանում: Արժանացել է բազմաթիվ խրախուսանքների ու շնորհակալագրերի, ինչպես նաև «ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանների: Մասնակցել է 44-օրյա պատերազմին, մարտնչել Ջրականում (Ջաբրայիլ), Կուբաթլուում և Խնձորեսկում: 25 օր անընդմեջ մասնակցել է թշնամու դեմ մղվող համառ մարտերին:

Հոկտեմբերի 22-ի լուսաբացին մի քանի տասնյակ անգամ գերազանցող թշնամին սկսում է ռմբակոծել մարտական հենակետերը: Ռմբակոծության հետևանքով ընկերներից մի քանիսը վիրավորվում են, իսկ մեկն այրվում է: Սեփական մարմնով ծածկելով ընկերոջը՝ Էդմոնը փորձում է ձեռքերով հանգցնել ընկերոջ մարմնի կրակը, ապա տեղափոխում ապահով վայր: Վերադառնալով դիրքեր՝ օգնության է հասնում ընկերներին, որտեղ էլ հաջորդ ռմբակոծության հետևանքով մյուս ընկերների հետ զոհվում է:

Զոհվել է Խնձորեսկի մատույցներում: Հետմահու պարգևատրվել է «Գթության մայր ՄՄ. ՀԿ.» մեդալով:

Անուշ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել