Դեմ գնալով ավանդույթներին

Դեմ գնալով ավանդույթներին

294

Արարատի մարզի Ղուկասավան գյուղի բնակիչ Լենա Միրզոյանը գյուղի միակ եզդին է, ով բարձրագույն կրթություն է ստանում։ Նա սովորում է սոցիոլոգիայի ֆակուլտետի չորրորդ կուրսում։ Իր հասակակիցների և փոքրիկ աղջիկների ոգեշնչման աղբյուրն է Լենան։

-Լենա, մենք գիտենք, որ Դուք դեմ եք գնացել ձեր ծնողներին և այժմ ստանում եք բարձրագույն կրթություն, ինչպե՞ս դա Ձեզ հաջողվեց։

-Կարելի է ասել, որ դեմ եմ գնացել պապիկիս, քանի որ նա էր կտրականապես դեմ, որպեսզի բարձրագույն կրթություն ստանամ, իսկ մայրս միշտ քաջալերել և աջակցել է ինձ։ Ինձ թվում է՝ նաև իմ համառության շնորհիվ է ստացվել, քանի որ ծնված օրվանից համառ եմ եղել: Ես ընտանիքի երկրորդ աղջիկն էի ու չպետք է ծնվեի, որովհետև ես աղջիկ եմ, բայց այդ ժամանակ էլ համառ եղա և ծնվեցի (ժպտում է)։ Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր ունի նաև իմ հավատը կրոնի հանդեպ, քանի որ ես շատ նվիրված եմ մեր կրոնին, և դա օգնում է ինձ միշտ։

Կրթություն ստանալու վերաբերյալ կոնֆլիկտներ շատ են եղե՞լ Ձեր և տան անդամների միջև:

-Իրականում ամենամեծ կոնֆլիկտը եղել է այն ժամանակ, երբ դեռ չէի ընդունվել և ցանկանում էի պարապել ընդունելության համար, սակայն թույլ չտվեցին: Բախտս շատ է բերել դասղեկիս հարցում, նա բարկացավ և ստիպեց ինձ պարապել ընդունելության համար։ Ես սկսեցի պատրաստվել վերջի երկու ամսում ընկերներիս շտեմարաններով, իսկ քննության համար վճարումներն արեցին ընկերներս վերջին օրը, վերջին պահին, քանի որ ինձ տանը այդպես էլ գումար չտվեցին: Ես այնքան շատ էի սիրում հայոց լեզուն և հայ գրականությունը, որ այդ կարճ ժամանակում անգիր եմ սովորել ամեն բան։ Երբ եկավ քննության օրը, մայրիկիս հետ պետք է գնայի Արտաշատ, տանը ասացինք, որ գնում ենք դպրոց քննության համար։ Ես զգում էի, որ մայրս ուրախ է ինձ համար, ճիշտ է, նա վախենում էր կարծիքներից, բայց, ասում էր. «Թեկուզ և ես քեզ արգելում եմ, դու արա»։ Հետո պարզվեց, որ անվճար եմ ընդունվել գնացի պապիկիս ասեմ, սպասում էի, որ կբարկանա, բայց ասաց. «Եթե դու կարեցար իմ խոսքի վրայով անցնես, ուրեմն ապրե՛ս»։

Արդյոք ճիշտ է, որ եզդիները կողմ են վաղ ընտանիք կազմելուն:

-Այո, այդպես է։ Իմ տատիկն ու պապիկը կարծում են, եթե ընտանիքում կա աղջիկ, ապա նա պարտավոր է ամուսնանալ և գնալ ուրիշ ընտանիք: Բայց երբ ես տասնչորս տարեկանում կարդացի կանանց իրավունքների մասին, հասկացա, որ փաստորեն ունեմ իրավունքներ, որոնց մասին չգիտեմ։ Դրանց մասին չի ասվել ո՛չ ընտանիքում, ո՛չ դպրոցում։ Ես այժմ շատ եմ կարևորում իրավունքների թեման, դպրոցում նույնպես խոսում եմ երեխաների հետ դրանց մասին: Ես դասավանդում եմ դպրոցում եզդիերեն լեզու, բայց դասընթացի ժամանակ միայն լեզուն չենք ուսումնասիրում, խոսում ենք իրավունքներից, իրենց տրված հնարավորություններից, որոնց մասին երեխաները չգիտեն։

-Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ հենց ձեր համայնքում է վաղ ամուսնությունը մինչ այսօր ընդունված։

-Այնքան ցավոտ թեմա է։ Համալսարան գալու առաջին օրվանից խոսել եմ մեր համայնքի վաղ ամուսնությունների մասին: Այդ որոշումը մեր ընտանիքներում մեծամասամբ կայացնում են տարեցները, և երբ ես նրանցից մի քանիսին բացատրեցի, թե ինչ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ երեխաների վրա այդ ամենը, պարզվեց, որ նրանք պարզապես չգիտեին դրա մասին։ Պատճառներից մեկն էլ այն է ,որ մեր համայնքը ինքնության պահպանման խնդիր ունի, և պետք է ամուսնությունները շատ լինեն, շատ երեխաներ ծնվեն, որպեսզի շատանանք, չվերանանք այս երկրի երեսից։

Դպրոցում երեխաների հետ շփվելիս նկատու՞մ եք նոր սերնդի մեջ փոփոխություններ:

-Միանշանակ կա փոփոխություն, և կարծում եմ՝ այդ փոփոխությունը իմ նման երիտասարդների շնորհիվ է եղել։ Օրինակ՝ ես ոգեշնչվել եմ իմ նման երիտասարդներից, ովքեր ուսանող էին, ճիշտ է, ավելի քիչ էին, բայց կային, միշտ իրենց եմ նայել ու մոտիվացվել։ Հիմա էլ ես եմ ամեն ինչ անում, որ երեխաները իմ մասին լսեն և մոտիվացվեն։ Այնքան հաճելի է, երբ համայնքային տոնի ես մասնակցում, փոքրիկ աղջիկ է գալիս անմեղ աչուկներով ու ասում.«Գիտե՞ս, ես էլ եմ ուզում քեզ պես սովորել»: Չգիտեմ ինչ ասել, ես ուղղակի սկսել եմ պայքարել։

Հարցազրույցը՝ Ելենա Մուրադյանի

2-րդ կուրս

Կիսվել