Շուրջ 30 ընկերություն՝ մեկ հարկի տակ. արցախահայությանը ներկայացվեցին թափուր աշխատատեղերը

Շուրջ 30 ընկերություն՝ մեկ հարկի տակ. արցախահայությանը ներկայացվեցին թափուր աշխատատեղերը

242

Հոկտեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակը լի էր այս անգամ ոչ թե ուսանողներով, այլ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներով: “Move2Armenia Career” սոցիալական ծառայությունը կազմակերպել էր արցախահայության զբաղվածությանը նվիրված միջոցառում, որի նպատակն էր մեր հայրենակիցների ծանոթացումն ու ներգրավումը աշխատաշուկային։

Միջոցառմանը ներկա էին տարբեր ոլորտների գործատուներ, շուրջ 600 արցախցիներ, լրագրողներ, կամավորներ։

Կազմակերպիչները կարևորեցին նման  միջոցառումների իրականացումը, որոնք կօգնեն մեր հայրենակիցներին հնարավորինս շուտ աշխատանք գտնել և հոգալ սեփական կարիքները։ «Եթե մենք ուզում ենք, որ արցախահայությունը Հայաստանում ապրի բարեկեցիկ կյանքով, ուրեմն պետք է նրանց ապահովենք աշխատանքով։ Եվ յուրաքանչյուր ընկերության թափուր աշխատատեղ շանս է նրանցից յուրաքանչյուրի համար՝ լուծելու աշխատանքի խնդիրը»,- ընդգծեց կոնտենտ մենեջեր Մաքսիմ Շվեցովը։

Բակում հավաքված արցախցիները տեղում տրամադրեցին իրենց տվյալները, հետո շարժվեցին դեպի 4-րդ հարկ, որտեղ ներկայանում էին աշխատանք առաջարկող ընկերությունները։

Գործատուները առևտրի, շինարարության, առաքման, սուպերմարկետների, սննդի, սպասարկման և այլ ոլորտների մոտ 30 ընկերություններ էին։ Նրանք ներկայացրին իրենց ծառայությունները, թափուր հաստիքներն ու առաջարկվող աշխատանքային պայմանները։ Գործատուների խոսքով՝ սա շատ լավ հնարավորություն է թե՛ իրենց թափուր աշխատատեղերը համալրելու և թե՛ մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովելու համար։ «Մենք աշխատանք ունենք գրեթե բոլորի համար, և չկա տարիքային որևէ սահմանափակում։ Դիմորդներին առաջարկում ենք իրենց կրթությանն ու փորձին համապատասխան աշխատանք, և պրակտիկա անցնելուց հետո նրանք արդեն կարող են միանալ մեր թիմին»,- նշեց գործատուներից մեկը։

Դիմորդները լրացրին իրենց մասնագիտությանը համապատասխան հարցաթերթիկներ, ընտրեցին իրենց հետաքրքրող ոլորտը, տեղում հարցազրույցներ ունեցան գործատուների հետ և տրամադրեցին ինքնակենսագրականները։ Նրանց համոզմամբ՝ նմանատիպ միջոցառումները լայն հնարավորություններ են ընձեռում՝ ծանոթանալու աշխատաշուկային և գտնելու հարմար պայմաններով աշխատանք։ «Միջոցառումը տալիս էր 2 մասնագիտություններիս համապատասխան աշխատանք գտնելու հնարավորություն։ Պարզապես մշտական բնակության վայր չունենալու պատճառով չեմ կարող անմիջապես դիմել աշխատանքի։ Իսկ կեցությանս խնդրի լուծումը դեռ անհայտ է»,- եզրափակեց դիմորդներից մեկը։

Կազմակերպիչները նշեցին՝ առաջիկայում կանցկացվի հարցազրույցների փուլը, որին կհաջորդի աշխատանքի առաջարկը։

Մարինե Զոհրաբյան

2-րդ կուրս

Կիսվել