Կայացավ նկարիչ Խաչիկ Հարությունյանի անհատական ցուցահանդեսի բացումը

Կայացավ նկարիչ Խաչիկ Հարությունյանի անհատական ցուցահանդեսի բացումը

266

Հոկտեմբերի  1-ին  Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ նկարիչ Խաչիկ Հարությունյանի գեղանկարների ցուցահանդեսի բացումը, որը նվիրված էր նկարչի 70-ամյակին։

Նախասրահում հավաքվել էին  արվեստագետներ, գրականագետներ, հայագետներ, լրագրողներ, արվեստով հետաքրքրված  մարդիկ։

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ողջունեց ներկաներին և իր խոսքում ընդգծեց ժողովրդի համար դժվար օրերին կերպարվեստի ներկայացուցիչների առանցքային դերը։ «Ինչքան էլ դժվար օրեր ապրենք, չպետք է հուսահատվենք, որովհետև հենց այդ է ուզում թշնամին: Յուրաքանչյուրս պարտավոր է իր տեղում աշխատել և անել առավելագույնը»,-նշեց նա։ Նախագահը Խաչիկ Հարությունյանին մաղթեց երկար տարիների ստեղծագործական կյանք և հանձնեց ցուցահանդեսի հավաստագիր։

Գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանի խոսքով՝ հենց նման միջոցառումներով պիտի աշխարհին ցույց տանք, որ ունեցել և ունենալու ենք «թրի դեմ գրիչ» կարգախոսը։

Պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայագետ Արծրունի Սահակյանն իր հերթին նկատեց՝ Խաչիկ Հարությունյանի նկարչությունն ինքնատիպ է, որն առանձնանում է իր ժանրերով՝ նատյուրմորտ, դիմանկար, վերացական արվեստ (աբստրակտ):

Խաչիկ Հարությունյանը նույնպես ողջունեց և շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ իր կողքին գտնվելու համար։ Նա կարևորեց ցուցահանդեսի և արվեստի նշանակությունը թե՛ իր և թե՛ հայ ժողովրդի համար։ «Թշնամին ո՞վ է, որ ազդի մեր արվեստի վրա իր չարանենգ, հակամարդկային երևույթներով»,- եզրափակեց գեղանկարիչը։

Խաչիկ Հարությունյանի ելույթից հետո ներկաները նախասրահից շարժվեցին դեպի «Արա Սարգսյան» ցուցասրահ: Այնտեղ ցուցադրված էին արվեստագետի՝ ամենատարբեր ոճի, թեմատիկայի և գունային համադրության ստեղծագործությունները։

Ներկաները միմյանց հետ քննարկեցին և տեսալուսանկարեցին նկարները, զրուցեցին և լուսանկարվեցին նկարչի հետ։

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչ հոկտեմբերի 7-ը, և նկարների վաճառքից ստացված հասույթը կուղղվի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքներին:

Մարինե Զոհրաբյան

2-րդ կուրս

Կիսվել